Գյումրիի քաղաքապետ ընտրվեց Վարդգես Սամսոնյանը

Նորընտիր ավագանին այսօր բաց քվեարկությամբ՝ 24 կողմ, 8 դեմ ձայներով Գյումրիի 4-րդ քաղաքապետ ընտրեց «Բալասանյան դաշինիքի» ընտրացուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանին:

Սամսոնյանը քաղաքապետի միակ թեկնածուն էր, թեև օրենքով ավագանի անցած մյուս չորս կուսակցություններն էլ կարող էին առաջադրել։ Սակայն ընդդիմադիր 3 ուժերը՝ «Զարթոնքը», Հանրապետականը և «Ապրելու երկիրը» հրաժարվեցին, իսկ «Քաղաքացիական պայմանագիրն» էլ 2 օր առաջ ստորագրված համաձայնագրով արդեն հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդգես Սամսոնյանը՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու. ՔՊ-ն ու «Բալասանյան դաշինքը» համագործակցության հուշագիր են ստորագրել

30-ամյա Սամսոնյանը մինչև այս զբաղեցնում էր քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկը, նա Գյումրին ինը տարի ղեկավարած Սամվել Բալասանյանի ազգականն է։

Նորընտիր քաղաքապետն այսօր ավագանուն ներկայացրեց Գյումրիի զարգացման իր տեսլականը. «Կարծում եմ` իմ երազանքները շատ չեն տարբերվում մեր մյուս համաքաղաքացիների երազանքներից` բարեկարգ, կանաչապատ, հանգիստ, համախմբված, մաքուր, զարգացող և ապագային վստահ նայող քաղաք: Շատ ավելի կարևոր են ճանապարհները և միջոցների ընտրությունն այս երազանքներին հասնելու համար: Խնդիրների այն համախումբը, որն ունի մեր Գյումրին, մեզ թույլ չի տալիս այլընտրանք, քան միասնական և թափանցիկ, համերաշխ մթնոլորտում բոլոր կարող ուժերի օգտագործմամբ քաղաքի զարգացման ընթացքն էլ ավելի արագացնելը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շիրակի մարզպետը պնդում է` Գյումրու քաղաքապետարանում ԱԱԾ-ի բացահայտումը քաղաքական ճնշման միջոց չէ դաշինքի նկատմամբ

Ավագանու առաջին նիստի օրակարգում էր նաև հանձնաժողովների ձևավորումը, սակայն «Քաղաքացիական պայմանագրից» առաջարկեցին հարցը հաջորդ նիստին քննարկել։

Ավագանին կողմ քվեարկեց, սակայն սա դուր չեկավ ընդդիմադիր «Զարթոնքից» Վարդևան Հակոբյանին, որը հետաձգելու պատճաբանությունն անհիմն որակեց, նորընտիր քաղաքապետին էլ հորդորեց ամեն հարցում արագ կոմպրոմիսի չգնալ: Չորս մանդատ ստացած «Զարթոնքն» ավելի վաղ «Բալասանյան դաշինքին» առաջարկել էր իրենց հետ կոալիցիա կազմել ու մեծամասնություն ձևավորել, սակայն դաշինքը նախընտրեց Հայաստանում իշխող կուսակցության հետ համագործակցությունը։

«Ես խնդրում եմ առաջին իսկ պահից ուղղակի ստանձնելուց հետո ամեն մի հարցում այսպես իմիջիայլոց միանգամից չընդունել դրական», - ասաց նա:

«Զարթոնքը», դեմ լինելով երկու ուժերի միջև ստորագրված համագործակցության հուշագրին, հայտարարում է, որ 4 մանդատով կկարողանա հակակշիռ լինել իշխանությանը. «Փաստեր, աշխատանք, իրողություն, ժողովուրդը տեղյակ կլինի ամեն ինչից, այստեղ կարևոր չէ` 4 է, թե 1»:

Վարդգես Սամսոնյանը, արձագանքելով դիտարկմանը, թե հուշագրի ստորագրումից հետո իր ղեկավարած դաշինքը քննադատության թիրախում հայտնվեց, արձագանքեց, թե Հայաստանում իշխող կուսակցության հետ մեծամասնություն լինելով՝ ավելի արագ կկարողանան քաղաքի խնդիրները լուծել:

«Իշխանության թևի բացարձակ մեծամասնություն ստանալով` մենք կկարողանանք էլ ավելի արագ մեր Գյումրիի ծառացած խնդիրները լուծել միասին, իսկ եթե միասին չէր լինելու, այդտեղ խնդիր էր առաջ գալու: Ընտրությունների ելքից է պարզ դարձել, որ հետագայում ինչ ձևաչափով կկարողանանք աշխատել»:

Համաձայն համագործակցության հուշագրի՝ «Քաղաքացիական պայմանագրին» բաժին կհասնեն փոխքաղաքապետերի 2 աթոռները: Իսկ 3 օր անց տեղի կունենա նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը։