Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետը պնդում է` Գյումրու քաղաքապետարանում ԱԱԾ-ի բացահայտումը քաղաքական ճնշման միջոց չէ դաշինքի նկատմամբ


Լուսանկարը` ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութից
Լուսանկարը` ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութից

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտարարեց Գյումրիի քաղաքապետարանում բացահայտված չարաշահումների մասին։ Ըստ իրավապահների՝ համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնության գալով քաղաքաշինության բաժնի պետի հետ, համայնքին պատկանող անշարժ գույքը Գյումրիի բնակիչներից մեկին նվիրատվության ձևով տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար մոտ 2000 դոլար կաշառք է պահանջել։

Ձերբակալված երկու պաշտնյաներն էլ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում հաղթած «Բալասանյան դաշինքի» ավագանու ցուցակում էին, բայց նրանց մանդատ բաժին չհասավ: Մամուլը վերջին օրերին գրում էր, թե «Բալասանյան դաշինքի» նկատմամբ իշխանական ճակատից ճնշումներ կան, որ կոալիցիա կազմելու արդյունքում քաղաքապետը դառնա ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն։

«Բալասանյան դաշինքի» լիազոր ներկայացուցիչ Արման Շաբոյանը չմեկնաբանեց՝ սա ճնշում են համարում իրենց դաշինքի նկատմամբ, թե ոչ. «Գործերն իրավապահների տիրույթում են, այս պահին մեկնաբանություններից զերծ կմնամ: Չէ, ճնշում չեմ համարում, քանի դեռ իրավապահների տիրույթում է, ընթացքը ցույց կտա»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը բացառեց, որ իրավապահների գորոծողությունները ճնշում են «Բալասանյան դաշինքի» նկատմամբ. «Դա բացառապես իրավական գործընթաց է, որը ոչ մի կապ չի կարող ունենալ ընտրությունների հետ: Միանշանակ բացառում եմ, և այո, նաև ճնշումներ չլինելու, ոչ մի վարչական ռեսուրս չկիրառվելու երաշխավորն էլ եղել եմ ես և ամբողջ քաղաքական ղեկավարությունը: Նման բան չի կարող լինել»:

Իրավապահների գործողություններում քաղաքական ենթատեքստ չի տեսնում նաև ավագանու ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորած Վարդևան Հակոբյանը, որը նախկին ԱԱԾ-ական է. «Նախ` որովհետև այսօր մամուլում որ շրջանառության մեջ դրվեց, ասացին, որ հոկտեմբերի 12-ին է առաջին փաստն արձանագրվել, իսկ բնականաբար, դա այնպես չի, որ նույն օրը ստացվեց, գործընթացն իրականացվել է, աշխատակիցները գործ են արել, այսինքն` ժամանակ է եղել, անմիջապես այդ ընթացքը չի լինում:

Չեմ կապում ընտրությունների` թե նախընտրական, թե հետընտրական գործընթացների հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդևան Հակոբյանը:

«Բալասանյան դաշինքը» բանակցելու է պայմանով, որ քաղաքապետը լինի իրենց թիմի առաջին համարը

Ընտրություններից մոտ երկու շաբաթ անց էլ հստակ չէ՝ ով կդառնա Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետը։ Քանի որ անցողիկ շեմը հաղթահարած հինգ քաղաքական ուժերից ոչ մեկը չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը, ավագանիում իշխանություն ձևավորելու համար կոալիցիա է անհրաժեշտ։ Առավելագույն մանդատ ստացած «Բալասանայն դաշինքի» լիազոր ներկայացուցիչ Արման Շաբոյանն ասում է՝ ներթիմային քննարկումներն ավարտել են և այսօր կամ վաղը կսկսեն քաղաքական ուժերի հետ բանակցել, բայց մեկ պայմանով:

«Պայմանը` մեր թիմի առաջին համարը լինում է համայնքի ղեկավար, մնացածն արդեն քննարկումների արդյունքում պարզ կլինի», - հայտնեց նա:

11 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն ինքնաբացարկ է ներկայացրել։ Արդյոք սա նշանակում է, որ իշխող ուժը հրաժարվում է քաղաքային իշխանությունից: Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ մինչ ավագանու առաջին նիստը բանակցություններ են ընթանում՝ չհստակեցնելով, սակայն, թե որ քաղաքական ուժերի հետ:

«Գնում են հիմա քննարկումներ, և քննարկումների արդյունքը, ինձ թվում է, մինչև ավագանու նիստը պարզ կլինի, և ավագանու նիստին էլ արդեն կարտացոլվի այն որոշումը, որը կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու հետագա կառավարման հետ կապված: Քանի որ այդ քննարկումները հրապարակային չեն այս պահին, ես չեմ կարող մատնանշել, թե որ ուժի հետ է, և վերջնական արդյունքի դեպքում ինչ ունեցանք, դա կհրապարակվի, և հանրությունը անպայման կտեղեկացվի», - նկատեց Հովհաննես Հարությունյանը:

Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, հենց այդ օրն էլ ավագանին իր կազմից բաց քվեարկությամբ քաղաքապետ կընտրի։

XS
SM
MD
LG