«Մեր պահանջը Փաշինյանի հրաժարականն է, մնալու դեպքում նա կստորագրի այդ փաստաթղթերը». ընդդիմադիր պատգամավոր

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայրենիք» խմբակցությունները նոյեմբերի 9-ին և 10-ի համատեղ հանրահավաքում Փաշինյանի հրաժարականն են պահանջելու, «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ որևէ երաշխիք չունեն, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, այդ փաստաթղթերը չի ստորագրի։

Ուրբաթ օրը «Ալիք մեդիան» գրել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները, երկրորդը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն է առնչվում։

Այս փաստաթղթերի մասին գրել են նաև ռուսական լրատվամիջոցները, մինչդեռ հայաստանյան իշխանությունները լուռ են, չեն մեկնաբանում արդեն մի քանի օր շրջանառվող լուրերը։ Միայն արտգործնախարարությունը օրեր առաջ հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ, բայց հանդիպումների տարբեր առաջարկներ քննարկվում են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում այս պահին նախատեսված չէ, բայց հանդիպումների առաջարկներ քննարկվում են. ԱԳՆ

«Ազատության» հարցին, թե փողոցով նրա հրաժարականը պահանջելու օրակարգը սպառված չէ՞, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ - «Ոչ, խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի ձևերը պետք է համատեղել, որպեսզի ստանանք ավելի արդյունավետ գործիք»։

Հանրահավաքի օրակարգը շատ ավելի լայն է, իսկ իշխանափոխությունը գործիք է, ասաց Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ իշխանափոխության մասին խոսում էին դեռ մինչև պատերազմը։

«Մեզ համար ակնհայտ է, որ այս իշխանությունների վարած անհեռատես քաղաքականությունն ինչ-որ մի պահի մեր գլխին պատուհաս է լինելու, նաև պարտությունից հետո էինք ասում, երբ խոսքը գնում էր ուղղակի հայրենիքը փրկելու մասին, որովհետև, եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին հրաժարական գրեր, մեծ հավանականություն կար, որ դեկտեմբերի 15-ի Խծաբերդի և Հին Թաղերի գրոհը չէր լինի, 10-ից ավելի զոհ չէինք ունենա, 60-ից ավել գերի չէինք ունենա, Հայաստանի նոր իշխանությունները Շուռնուխի կեսը թուրքերին չէին տա, առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի թուրքերին չէին թողնի, որ գային մեր ճանապարհը փակեին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել, Արցախի նախագահը հաստատում է

Դիտարկմանը, թե փաստն այն է, որ դեկտեմբերից էլ մի քանի ամիս անց Փաշինյանը 54 տոկոս քվե է ստացել, Խաչատրյանն այսպես արձագանքեց․ - «Այո, որովհետև նա շատ լավ կարողացավ խաղացնել պատերազմի գաղափարը, որ «եթե ես չլինեմ, նոր իշխանությունները գան, պատերազմը կսկսեն»։ Կարողացավ շատ լավ դա մարդկանց համոզել, ու մենք չկարողացանք համոզել, որ իրականում խաղաղության օրակարգը մեր օրակարգն է»։

Քննադատություններին էլ, թե «անելու համար են անում այդ հանրահավաքը, ամսի 9-ին10-ին բանը բանից կարող է անցած լինել», «դա ոչ թե կանխարգելիչ է, այլ այդ օրն ուղղակի իշխանություններին քննադատելու, հայհոյելու», Խաչատրյանն այսպես արձագանքեց․ - «Չէ, չէ, նախ հանրահավաքի մասին մենք խոսել ենք մինչև լուրերը, որ իրենք ամսի 9-ին կամ 10-ին, կամ ինչ-որ մի պահի պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել, դա ավելի շուտ էր պլանավորված, երկրորդը՝ եթե մենք իմանայինք, որ ինչ-որ մի բան նախատեսվում է, մեզ ոչինչ չէր խանգարում, այդ հանրահավաքն անել ոչ թե նոյեմբերի 9-ին, այլ հոկտեմբերի 30-ին, որովհետև կարևորը կանխելն է, ոչ թե պարտված հասնել իշխանափոխության, կրկնում եմ՝ իշխանափոխությունը միջոց է, նպատակը՝ Հայաստանի թուրքացման կանխելն է»։

Պատգամավորը չբացառեց, որ անհրաժաշտության դեպքում իրենց ուժերի առաջնորդները՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ևս մասնակցեն հանրահավաքին։ «Եթե անհրաժաշտություն լինի, ինչու ոչ, որովհետև նախընտրական քարոզարշավի ժամանակ Քոչարյանը քանի տասնյակ բնակավայրեր այցելեց, քանի տասնյակ հանրահավաքների մասնակցեց, քանի տասնյակ դահլիճային հանդիպումների մասնակցեց, ինչու ոչ», - եզրափակեց Խաչատրյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․