Գորիս-Կապան միջպետական ճանապարհը վերաբացելու վերաբերյալ բանակցությունները երեկ երեկոյան ավարտվեցին, ավտոմայրուղին բացվեց:
«Ազատության» նկարահանող թիմը եղավ Շուռնուխում, որը ադրբեջանական զորքերի գործողության հետևանքով հայտնվել էր շրջափակման մեջ: Այստեղ արդեն երթևեկության խնդիր չկա:
«Ուրախ ենք, որ բացվել ա, խախանդ ա, վաղն էլ մենք կգնանք մեր գործերով, աշխատանքի, հիվանդանոց, առօրյա կյանքով կսկսենք ապրել», - ասաց Շուռնուխի բնակիչներից մեկը:
«Ազատության» հարցին՝ անցած երկու օրը իրավիճակը լարվա՞ծ էր, մեկ այլ բնակիչ պատասխանեց. «Նորմալ, ճանապարհն է մենակ փակվել, կրակոց չկար»:
Ճանապարհահատվածը բացվելուց հետո «Ազատության» նկարահանող թիմը անցավ այդ հատվածով՝ ճանապարհի որոշ մասերում հայ և ռուս սահմանապահներ են տեղակայված, իսկ այն հատվածներում, որտեղ Ադրբեջանի զորքերն են, բազմաթիվ ադրբեջանական դրոշներ կարելի է տեսնել:
Երեկ երեկոյան երթևեկությունն այս հատվածում այդքան էլ ակտիվ չէր. շատերը դեռ չգիտեին, որ ճանապարհն արդեն բաց է: Այսօր առավոտյան մեքենաները անհամեմատ շատ էին, անգամ իրանական բեռնատարներն էին երթևեկում այդ ճանապարհով:
Շուռնուխի Գյուղապետ Հակոբ Արշակյանը այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ երբեք էլ չի բացառել, որ այսպիսի իրավիճակ կարող է ստեղծվել՝ ադրբեջանցիները կարող են փակել ճանապարհը և իրենք, ըստ էության, հայտնվեն շրջափակման մեջ:
«Երաշխիք չկա ոչ մեկի կողմից, որ դա էլ չի կարա լինի, քանի որ էսքան մոտիկ իրար հետ դժվար է շփվելը: Նախ՝ չենք շփվում, դժվար է այդ հարևանությամբ ապրելը: Ընդհանուր առմամբ էլի նույն կարգի ժողովուրդը իրանց հոգսերով, իրանց գործերով, ուղղակի անհանգստություն կար բոլորի մեջ էլ, պետք է լիներ դա, միանշանակ, էնքան որ հաղթահարեցին էդ երկու օրը: Հիմա, փառք Աստծու, ճանապարհը բաց է, մեքենաները կան, տեսնում է ժողովուրդը, հանգիստ է», - նշեց Արշակյանը:
Ադրբեջանական զորքերի գործողության հետևանքով շրջափակման մեջ էր հայտնվել երեք գյուղ՝ Շուռնուխը, Որոտանը և Բարձրավանը:
Որոտանի ճանապարհին ևս տեսանելի էին բազմաթիվ սահմանապահներ, ադրբեջանական դրոշներ: Սահմանապահները զգուշացնում էին՝ որոշ հատվածներում արգելապատնեշներ են տեղադրված՝ հորդորելով ավելի դանդաղ վարել և զգույշ լինել:
Որոտանում բնակիչները նշեցին՝ եթե երկարեր այս գործընթացը և ճանապարհը շարունակեր փակ մնալ, իրենք շատ խնդիրների առաջ էին կանգնելու, օրինակ, դեղատուն գնալու հարցում:
«Շրջափակման մեջ էինք, ո՛չ դեղորայք կար, ո՛չ բան կար: Գյուղը ապրում է, ոչ ոք դուրս չի գալիս գյուղից, բոլորն էլ ապրում են, դե վախով ապրում են էլի՝ երեխաների համար, ծերերի, համար: Տղամարդիկ կանգնած են, բայց էդ ոչինչ չի նշանակում», - ասաց Որոտանի բնակիչներից մեկը:
Շուռնուխից դեպի Կապան հատվածն ադրբեջանական կողմը փակ էր պահում չորեքշաբթի գիշերվանից, հաջորդ օրը առավոտյան էլ փակվեց Գորիսից դեպի Քրահունջ ու Որոտան տանող հատվածը: