Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները շարունակում են պահանջել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ստեղծված իրավիճակի հարցով քննարկում կազմակերպվի, որին կմասնակցեն նաև ԱԱԾ տնօրենը ու պաշտպանության նախարարը։ Իշխանությանը հիշեցրին ԱԺ նախագահության նախապես տրված խոստումը, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ հորդորեց հարցը քննարկել Ալեն Սիմոնյանի գործուղումից վերադառնալուց հետո:
Հերթական նիստում ընդդիմադիր պատգամավորները պնդում էին՝ այսօր օրակարգում մեկ հարց պետք է լինի՝ երկրի անվտանգությունը, Հայաստանի սահմաններին սպառնացող վտանգները։
Ոչ ոք չի պնդել, որ սահմանը որոշվում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, ասում է ԱԺ փոխնախագահը
«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ժամանակ էլ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին ուղղված հարցերը «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վերաբերյալ էին։ Ընդդիմադիրները հիշեցնում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների նկարագրությունը տրվել է դեռևս 2010-ի ընդունված օրենքով։ «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանն ու Արթուր Խաչատրյանը, մասնավորապես հիշեցնելով Տերտերյանի երկարամյա փորձը կառավարությունում, փորձեցին ճշտել:
«Դուք նաև լսել եք մեղադրանքները հնչեցված այդ օրենքին, ձևակերպումներին, թե իբր այդ օրենքով նկարագրված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, այդ թվում` Ադրբեջանի հետ: Դուք այս տեսակետի կո՞ղմ եք», - հարցրեց Մինասյանը:
«Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, ոչ ոք այդպիսի բան չի ասել, համենայն դեպս իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա և՛ հին, և՛ նոր ժամանակաշրջաններում», - ի պատասխան նշեց Տերտերյանը:
Արթուր Խաչատրյանն էլ, խոստանալով ուղարկել ձայնագրություններ, նկատեց. «Կարծում եմ` նաև նիստերի արձանագրություններ կան, որտեղ հստակ հստակ հղում է նշվում, որ սահմանը, այսօր թուրքերը եկել են Շուռնուխ, որովհետև 2010 թվականին ընդունվել է օրենքի փոփոխություն, որն ասում է, որ Շուռնուխից արևելք Ադրբեջան է, չնայած որևէ կոնկրետ կոորդինատ չկա, թե Շուռնուխից ինչքան հեռու է անցնում Ադրբեջանը»:
Ոչ ոք չի պնդել, որ սահմանը որոշվում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, միջամտեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ընդգծելով՝ պնդումն այլ է՝ այն պատգամավորները, որոնք ժամանակին քվեարկել են այդ նախագծի օգտին, նաև քվեարկել են դրանում ներառված պնդման կողմ:
«Ժողովուրդ ջան, ձեր ասածներն ու արածները կամ ասածներն ու ասածները չեն համապատասխանում, որովհետև տրամաբանական չի, որ նույն քաղաքական ուժը մի օր քվեարկում է մի պնդման կողմ, որն ասում է, որ Սյունիքում այս կետից այն կողմ Ադրբեջանն է, այսինքն` սահմանից այն կողմ, հետո գալիս, ասում է` դավաճանաբար հանձնվեցին հայկական բնակավայրեր», - հայտարարեց Ռուբինյանը:
«Մեր իշխանության օրոք մարդիկ Սյունիքով անվտանգ երթևեկում էին», - ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանի խոսքը վրդովեցրեց իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Վերջինս հարց բարձրացրեց՝ որտե՞ղ էր ընդդիմությունը, երբ ԵԽԽՎ-ում կարևորագույն հարցեր էին քննարկվում Արցախի շուրջ:
«Կարևորագույն նախագիծ, որտեղ պետք էր վերականգնել, վերադարձնել Արցախ անվանումը, Լեռնային Ղարաբաղ անվանումը, ո՞ւր էիք, ինչի՞ մեր կողքին չէիք: Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ դադարեցրեք այս քննարկումը սահմանների վերաբերյալ. սա անպտուղ է և բերում է շատ ավելի վտանգավոր հետևանքների, քան կարող եք պատկերացնել», - պնդեց Վլադիմիր Վարդանյանը: