Աշխարհում համաճարակային իրավիճակի սրացման ֆոնին նոր սահմանափակումներ են մտցվում, որոշները` չպատվաստվածների համար

Համաճարակը կվերջանա այն ժամանակ, երբ աշխարհը որոշի վերջ տալ դրան, «ամեն ինչ մեր ձեռքերում է», այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը: Նա պնդել է, որ կորոնավիրուսի վարակին հաղթելու համար առկա են բոլոր անհրաժեշտ գործիքները, այդ թվում` բժշկական, սակայն դրանք հարկ եղածի պես չեն օգտագործվում։

«Աշխարհն այդ գործիքները լավ չի օգտագործում։ Օրական մահանում է շուրջ 50 հազար մարդ, և համաճարակը հեռու է ավարտից։ Եվ սրանք միայն այն մահերն են, որոնց մասին հաղորդվում է»,- հայտարարել է ՄԱԿ-ին կից առողջապահական կառույցի ղեկավարը` նկատի ունենալով պատվաստման գործընթացը:

Վարակի դեմ միակ արդյունավետ այդ միջոցը մի դեպքում անհասանելի է տասնյակ աղքատ երկրներում, մեկ այլ դեպքում էլ հասանելի է, սակայն պատվաստման տեմպերը չեն բավարարում, ինչի հետևանքով համաճարակի հերթական ալիքը՝ այս անգամ էլ «Դելտա» շտամի ուղեկցությամբ շարունակում է արագորեն տարածվել աշխարհով մեկ։

Կորոնավիրուսից մահացել է մոտ 5 միլիոն մարդ

Շուրջ մեկուկես տարի շարունակվող համաճարակն արդեն խլել է մոտ 5 միլիոն մարդու կյանք, վարակակիրների թիվը հասնում է 245 միլիոնի։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայն ցանկը բավարար չեղավ մասնագետների կանխատեսած ժամկետներում հաղթել Covid-19-ին: Մինչ օրս վարակի դեմ մեկ դեղաչափ պատվաստանյութ է ստացել աշխարհի բնակչության ընդամենը 48 տոկոսից քիչ ավելին։ Աշխարհի երկրներից Արաբական Միացյալ Էմիրություններին է հաջողվել պատվաստել իր բնակչության գրեթե 100 տոկոսին, առաջատարների հնգյակում են Պորտուգալիան, Կուբան, Չիլին, Իսպանիան։

Պատվաստման ցածր ցուցանիշների ֆոնին ծանր է համաճարակային կացությունը հատկապես արևելյան Եվրոպայում։ Չնայած այս տարածաշրջանում ապրում է աշխարհի բնակչության ընդամենը չորս տոկոսը, սակայն արևելյան Եվրոպային բաժին է հասնում ընդհանուր վարակակիրների թվի 20 տոկոսը։ Մահվան բարձր ցուցանիշներ են արձանագրվում Ռուսաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում։

Ռումինիայի առողջապահական ոլորտը ճգնաժամի մեջ է

Ռումինիա

Ռումինիայի իշխանությունները պատվաստման գործընթացի ձախողումը պայմանավորում են դավադրական տեսություններով, որոնց նախընտրում են հավատալ երկրի բնակիչները։ Պատվաստման ցածր պահանջարկի ֆոնին` ամիսներ առաջ ռումինական իշխանությունները որոշեցին պատվաստանյութի պաշարների մի մասը վաճառել Իռլանդիային, Դանիային և Վիետնամին։ Այսօր Ռումինիայի առողջապահական ոլորտը ճգնաժամի մեջ է՝ հիվանդանոցները լեփ-լեցուն են, հարյուրավոր հիվանդներ գտնվում են ծանր վիճակում, շատերին բուժման համար տեղափոխում են Հունգարիա կամ Լեհաստան։ Երկրում ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ չպատվաստված քաղաքացիների համար․ նրանց արգելվում է լքել իրենց տները երեկոյան ժամը ութից հետո, պարտադիր են դիմակները փողոցում և փակ տարածքներում։

Տարբեր երկրներ նոր սահմանափակումներ են կիրառում

Ռուսաստանում համաճարակային իրավիճակը սրվել է սեպտեմբերի վերջին: Պաշտոնական տվյալներով` վերջին մեկ ամսվա ընթացքում նոր վարակակիրների թիվն աճել է ավելի քան 70 տոկոսով։ Ընդ որում, ինչպես մասնագետներն են նշում՝ համաճարակի նոր ալիքը գագաթնակետին դեռ չի հասել։

Ռուսաստանում կտրուկ ավելացել է նոր վարակակիրների թիվը երեխաների և դեռահասների շրջանում, որոնք հոսպիտալացման կարիք ունեն։ Նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը երկրում կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր, մարզային իշխանություններն ինքնուրույն կարող են ընդլայնել սահմանափակումների ցանկը։

Բելառուսում, որտեղ նախագահի մակարդակով մերժվում էր ինչպես կորոնավիրուսը, այնպես էլ հիվանդությունից բխող վտանգները, առաջին անգամ սահմանափակումներ են մտցվել չպատվաստված քաղաքացիների համար՝ նրանց համար մուտքը ռեստորաններ, բառեր, խաղատներ, գիշերային ակումբներ և այլ հանրային ժամանցի վայրեր արգելված են։

Ավստրիայում, չնայած համաճարակային բարվոք պայմաններին, կառավարությունը որոշել է վերանայել իր ազատական վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ։ Երկրի վերակենդանացման բաժանմունքների հնարավորությունների 25 տոկոսի սպառման դեպքում կոշտ սահմանափակումներ կգործեն չպատվաստվածների համար՝ նրանց մուտքը ժամանցի վայրեր կարգելվի, իրավիճակը վատթարանալուն զուգահեռ այդ սահմանափակումների ցանկը կընդլայնվի։

Ավստրիա, հերթ սրճարանի առջև

«Չունես Covid անձնագիր, ուրեմն չունես նաև աշխատանք»

Կորոնավիրուսի համավարակը կանխելուն խոչընդոտող չպատվաստված բնակչության համար սահմանափակումները խստացնում են նաև Ավստրալիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիության անդամ պետություններ։ Մի շարք երկրներ, այդ թվում` Ֆրանսիան, Հունգարիան, Հունաստանը, Իտալիան, Միացյալ Թագավորությունը պատվաստանյութը պարտադիր են դարձրել բուժաշխատողների, խնամքի կենտրոնների աշխատակիցների, որոշ դեպքերում պետական ծառայողների համար։

Կանադայի կառավարությունը չպատվաստված դաշնային ծառայողներին կուղարկի չվճարվող արձակուրդի և պատվաստում կպահանջի օդանավերի, նավերի, գնացքների ուղևորներից։

«Չունես Covid անձնագիր, ուրեմն չունես նաև աշխատանք»․ այս քաղաքականությունը Կոստա Ռիկայում ուժի մեջ է մտել օգոստոսին։ Իշխանությունները պատրաստվում են աշխատանքից հեռացնել այն պետական ծառայողներին, որոնք մինչև նոյեմբեր կհրաժարվեն պատվաստվել, իսկ մասնավոր սեկտորին հանձնարարվել է տուգանել չպատվաստված աշխատողներին։ Չհետևելու դեպքում մասնավոր ընկերություններին պատժամիջոցներ են սպառնում։

ԱՄՆ

Միացյալ Նահանգներում, որտեղ պատվաստվել է բնակչության կեսից ավելին, նախագահի հրամանագրով դաշնային ծառայողները և կապալառուները պարտավոր են պատվաստվել, իսկ մասնավոր ոլորտի գործատուները, որ հարյուրից ավելի աշխատակիցներ ունեն, պետք է պատվաստման հավաստագիր պահանջեն մինչև դեկտեմբերը 8-ը կամ շաբաթական մեկ թեստավորում: Սա վերաբերում է շուրջ 100 միլիոն մարդու՝ երկրի ողջ աշխատուժի ⅔-ին։