Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1184-ով՝ հասնելով 296 հազար 552-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 42 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1221-ով և հասել 261 հազար 952-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 14 հազար 37 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 6 հազար 632-ի:
Նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 55-ի, ևս 1261 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 27 հազար 284 մարդ։
Հայաստանի առողջապահական գերատեսչությունը հայտնում է նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ կատարվել է 677 հազար 32 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466 հազար 785, երկրորդ դեղաչափ` 210 հազար 247։
Արցախում՝ 42 նոր դեպք, մահացել է 40-ամյա կին
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 34-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտունու, 2-ը՝ Ասկերանի և 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր: Բժիշկները 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 59-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:
Արձանագրվել է մահվան դեպք՝ 40-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15 հազար 750 քաղաքացու հետազոտություն, որից 1683-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։