Այսօր Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022-ի առաջնության ընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:
«Մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար»,- նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ շեշտելով․ - «Մենք գիտենք խաղի կարևորությունը, մենք կփորձենք անել լավագույնը, որովհետև մենք գիտենք, որ ունենք մեծ հնարավորություններ»։
Հավաքականի ֆուտբոլիստների մոտ շատ բան է փոխվել, այդ թվում՝ հավատը իրենց ուժերի նկատմամբ, ասաց Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Մխիթարյանը։
«Հաղթողի հոգեբանությունը ձևավորվել է Ազգերի լիգաների խաղերում, երբ սկսեցինք այդ մրցաշարը, որտեղ որ թիմը շատ լավ հանդես եկավ ու առաջին տեղը զբաղեցրեց, և շարունակական եղավ նաև այս ընտրական փուլի առաջին երեք խաղերում։ Տղաների մոտ շատ բան է փոխվել՝ ոչ միայն հաղթողի հոգեբանությունը, այլև իրենց հավատն իրենց ուժերի նկատմամբ, որը որ շատ լավ է։ Կարող եմ ասել, որ նաև թիմային խաղի որակը շատ է բարձրացել և հետագայում էլ ավելի կլավանա», - ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագը։
Դիտարկմանը, թե պարբերաբար նշել է, որ հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր բացակայության պայմաններում պետք է կարողանա պատասխանատվություն վերցնել իր ուսերին ու թիմին առաջ տանել, և հարցին, թե արդյո՞ք դա այն էր, ինչին ականատեսը եղան նախորդող երեք խաղերում և նույնը պետք է ցուցադրել առաջիկա հանդիպումներում՝ իր ներկայությամբ, Մխիթարյանը պատասխանեց․ - «Միանշանակ եղան առանցքային ֆուտբոլիստներ, եղան ֆուտբոլիստներ, ովքեր թիմը տարան իրենց հետևից և կարողացան արդյունք ապահովել, ինչը շատ գովելի է։ Հուսամ, որ հետագա խաղերում նույնը կկատարվի և տղաները կկարողնան պատասխանատվություն վերցնել ու թիմը նրանց հետևից տանել, քանի որ շատ դեպքերում, ասել եմ, որ ոչ թե մեկ-երկու ֆուտբոլիստ պետք է թիմը իր հետևից տանի, առանցքային դեր խաղա, այլև բոլորը պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն և կարողանան թիմը իրենց հետևից տանել։ Ցավոք սրտի, վաղվա խաղում երեք առանցքային ֆուտբոլիստներ հանդես չեն գա՝ Վարազդատը Հարոյան, Տիգրանը և Խորենը Բայրամյան, չնայած ովքեր որ նրանց փոխարինում են, վստահ եմ, որ կկարողանան պատվով խաղալ և օգուտ տալ հավաքականին», - ասաց Մխիթարյանը։
Հարցին, թե արդյո՞ք Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ խաղին հիմնական ուշադրությունը սևեռվելու է Մխիթարյանի վրա, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանեց՝ իրենք թիմային խաղ են դավանում։
«Մենք թիմային խաղ ենք դավանում, Հենրիխն իհարկե շատ մեծ ֆուտբոլիստ է՝ շատ մեծ փորձով, գիտի, որ իր տաղանդը պետք է ծառայեցնի՝ ի շահ թիմին։ Սա է այն հիմնական գաղափարը, որ մենք կունենանք մեր վաղվա խաղի ժամանակ», - ասաց Կապառոսը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչը շեշտեց նաև, որ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու մասին բարձր կարծիք ունի։ Ասաց՝ դա այն թիմերից է, որին կարելի է որպես օրինակ ընկալել, թիմն ապացուցեց, որ լավ աշխատանքի շնորհիվ կարելի է մասնակցել կարևոր մրցաշարերի։
«Իհարկե նոր մարզիչ ունի թիմը, բայց 80 տոկոսով հանդես կգան այն ֆուտբոլիստները, որոնք մասնակցեցին նաև Եվրոպայի առանջնությանը։ Իհարկե նոր ֆուտբոլիստներ կան՝ երիտասարդ, սակայն սա է հավաքականների կյանքը։ Ինչպես նշեցի, մեծ հարգանք ենք տածում Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ, սակայն ամեն ինչ անցնում է՝ մնում է անցյալում, և եթե մենք ուզում ենք լավ արդյունքի հասնել, մենք պետք է լինենք այն մակարդակի վրա, որն արդեն ցուցադրել ենք», - ասաց Կապառոսը։