Մատչելիության հղումներ

Կապառոսը հավաքականի առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է 27 ֆուտբոլիստի, այդ թվում՝ Մխիթարյանին


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 27 ֆուտբոլիստի է հրավիրել։ Թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նախորդ հավաքին բացակայում էր և ազգային թիմի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել շուրջ մեկ տարի առաջ, հրավիրվածների թվում է։

Իսպանացի Կապառոսն այսօր անձամբ ներկայացրեց ֆուտբոլիստների կազմը, այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին, ազգային թիմը 1,5 տարի գլխավորող 65-ամյա մարզիչը կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով առաջին անգամ հանդիպեց հայ լրագրողներին։

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հավաքականը սեպտեմբերի 2-ին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ, ապա կուղևորվի Շտուտգարտ՝ երեք օր անց խաղալու Գերմանիայի հավաքականի հետ, սեպտեմբերյան հանդիպումները կավարտի Երևանում՝ ընդունելով Լիխտենշտեյնին։

«Մեր բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք մակեդոնացիների հետ խաղի վրա»,- ասում է Կապառոսը:

«Լիովին կենտրոնացած ենք Մակեդոնիայի խաղի վրա, այդ թիմը հոգեբանորեն շատ ուժեղ է, նույնիսկ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, գիտեք, ընտրյալ հավաքականներ են մասնակցում նման մրցաշարերին», - նշեց Կապառոսը:

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում թիմին որակազրկումների պատճառով չեն կարողանա օգնել մի քանի առանցքային ֆուտբոլիստներ՝ Վարազդան Հարոյանը, Խորեն Բայրամյանն ու Տիգրան Բարսեղյանը, վնասվածք ունի հիմնական դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։

«Դավիթ Յուրչենկոն այժմ բժիշկների ձեռքերում է, պետք է սպասենք: Բնականաբար, ֆուտբոլիստը 100 տոկոսով պետք է պատրաստ լինի, որպեսզի կարողանանք հույսեր կապել նրա հետ», - ասաց գլխավոր մարզիչը:

«Քաթար 2022»-ի որակավորման փուլի ենթախմբում Հայաստանի հավաքականն այժմ 100 տոկոսանոց արդյունք ունի, հաղթել է մեկնարկային երեք խաղերում ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ հետևում թողնելով խմբի ֆավորիտ Գերմանիայի ընտրանուն: Կապառոսը, սակայն, մրցաշարային հաշվարկների մասին խոսել չի ուզում. «Հաշվարկներ անելը նպատակահարմար չէ, դա անիմաստ է, պետք է առաջ գնալ խաղից խաղ և քայլ առ քայլ և ոչ ավելին, մնացածը կգա»:

Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումը առանցքային ֆուտբոլիստների բացակայության պատճառով բարդ է լինելու, ասում է մարզական լրագրող Մհեր Խուդավերդյանը:

«Առաջին խաղն, իհարկե, բարդ է լինելու, մի շարք առաջատարներ բացակայում են՝ Տիգրանը Բարսեղյան, Խորենը Բայրամյան, բայց վստահ եմ ելքը գտնելու է, ու կարողանալու ենք պայքարել երեք միավորի համար», - ասաց Խուդավերդյանը:

Առաջիկա հանդիպումներից, լրագրողի խոսքով, ակնկալիքները մեծ են. «Վստահություն ունեմ, որ մենք դրական արդյունքներ ենք ունենալու, իմ ցանկությունն այն, որ առնվազն 6 միավոր մենք ունենանք էս երեք խաղերից»:

Հաջորդ տարի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը, որակավորման փուլը երկրորդ տեղով ավարտող հավաքականները կխաղարկեն մնացած ուղեգրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG