Մատչելիության հղումներ

Մխիթարյանը անհամոզիչ է որակում իրեն ազգային հավաքականի առաջիկա միջազգային խաղերին չհրավիրելու հիմնավորումները


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը անհամոզիչ է որակում իրեն առաջիկա միջազգային խաղերին չհրավիրելու` մարզչական խմբի հիմնավորումները:

«Ի զարմանս ինձ՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը տեղեկացրել է, որ ինչ-ինչ պատճառներով ես չեմ հրավիրվում հավաքական՝ առաջիկա միջազգային հանդիպումներին մասնակցելու։ Բերված պաշտոնական պատճառաբանությունները չեն բավարարում ինձ», - Ֆեյսբուքում գրել է իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպանը:

Ավելի վաղ ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել էր թիմ հրավիրված 23 ֆուտբոլիստների անունները, որոնց թվում Մխիթարյանի անունը չկա:

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տրված պարզաբանման մեջ Կապառոսը ասել է. «Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»:

Չթաքցնելով դժգոհությունը` Հենրիխ Մխիթարյանը միաժամանակ նշել է` «ես կանգնած եմ տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում»։

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ընտրանու հետ՝ նրա հարկի տակ, իսկ հունիսի 6-ին Շվեդիայում կխաղա այդ երկրի ազգային հավաքականի հետ։

Մխիթարյանը, հիշեցնենք, բացակայում էր նաև երկու ամիս առաջ տեղի ունեցած՝ Լեխտենշտեյնի, Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ Հայաստանի ընտրանու հանդիպումներին։ Բացակայության պատճառն այն ժամանակ սրունքի վնասվածքն էր։

32-ամյա ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս իտալական «Ռոմա»-ի կազմում, որտեղ 34 հանդիպման է մասնակցել` դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Անցած տարի ակումբին միացած Մխիթարյանի պայմանագիրը լրանում է առաջիկա ամռանը, և գրեթե կասկած չկար, որ հայ կիսապաշտպանը կշարունակի իր կարիերան իտալական ակումբում։ «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո, սակայն, Մխիթարյանի հեռանալու հնարավորության շուրջ խոսակցություններն ակտիվացան․ պորտուգալացի մարզչի հետ լարված հարաբերությունների պատճառով հայ ֆուտբոլիստն արդեն մեկ անգամ փոխել էր ակումբը՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ից տեղափոխվելով Լոնդոնի «Արսենալ»։

Այս անգամ Մխիթարյանը չի տեղափոխվի այլ ակումբ Մոուրինյոյի պատճառով։ Ըստ իտալական լրատվամիջոցների՝ նա հանդիպել է «Ռոմա»-ի նորանշանակ մարզչի հետ և համաձայնեցրել պայմանագիրը երկարաձգելու հարցը։

XS
SM
MD
LG