Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»


«Ութ խաղ առանց պարտության, չորս անընդմեջ հաղթանակ, լավագույն արդյունքը երբևէ, առաջին անգամ չորս խաղ առանց պարտության աշխարհի առաջնության որակավորման փուլերում։ Հայաստանը պատմություն է կերտում 2022 թվականի աշխարհի առաջնության ճանապարհին», - սա ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական էջի թիվթերյան գրառումն է Հայաստանի ընտրանու՝ Ռումինիայի դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո։

ՈւԵՖԱ-ն նույնպես որակավորման փուլի պաշտոնական էջում անդրադարձել է Հայաստանի հավաքականի պատմական հաջողությանը։ Լրատվամիջոցները նույնպես զարմացած են, ռուսական մարզական կայքերից մեկն էլ գրել է՝ «Հայաստանի հավաքականը գժվել ու հաղթել է որակավորման փուլի մեկնարկային երեք հանդիպումները։ Ռումինիայի նկատմամբ Երևանում երեկ տարած հաղթանակը կամային էր»։

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, ընդմիջմանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը միանգամից երեք փոփոխություն կատարեց։ Փոխարինման դուրս եկած Էդուարդ Սպերցյանն ընտրանու կազմում իր առաջին հանդիպումը նշանավորեց խփած գնդակով։ Րոպեներ անց, սակայն, ռումինացիները հավասարեցրին հաշիվը, այնուհետև առաջ անցան, Հայաստանի հավաքականը բարձր կամային հատկանիշներ, բնավորություն ցույց տալով կարողացավ խաղավարտին Վարազդատ Հարոյանի գոլի շնորհիվ հավասարեցնել հաշիվը, մի քանի րոպե անց էլ 11 մետրանոց վաստակեց, որն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը։ Այսպիսով՝ 3։2։

Նույն խմբի Գերմանիա - Հյուսիսային Մակեդոնիա զուգահեռ խաղն ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով։

Հայաստանի հավաքականը մեկնարկային երեք տուրերից հետո 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր։

Ֆուտբոլիստներն ապացուցեցին՝ զգում են, թե ինչ է նշանակում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, հետխաղային ասուլիսի ընթացքում ասաց ընտրանու իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

«Ես ուրախ եմ, որ նման հաջողության հասանք: Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպագուներին, ֆուտբոլիստներին: Նրանք ամբողջ նվիրվածությամբ այս ընթացքում խաղացին, ջանք ու եռանդ չխնայեցին, այնպես որ այս հաղթանակը մեր երկրի հաղթանակն է», - նշեց գլխավոր մարզիչը:

Գալիք տարում Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կվաստակեն որակավորման խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը: Այն ընտրանիները, որոնք մրցաշարը կեզրափակեն երկրորդ տեղում, Ազգերի լիգայի խմբերում հաղթած լավագույն հավաքականների հետ կխաղարկեն մնացած ուղեգրերը: Ընդհանուր առմամբ Եվրոպան աշխարհի առաջնությունում կներկայանա 13 հավաքականներով։

Հավաքականի հաղթանակը հեռուն նայելու հնարավորություն է տալիս, կարծում է Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Գևորգ Ղազարյանը. «Եթե մենք անգամ պարտվենք մյուս բոլոր հանդիպումներում, պարզապես իմանալով, որ խմբի սկզբնական դրությամբ Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հետ դեռևս ունենք երեք խաղ անցկացնելու, որոնք թերևս պետք է փորձենք հաղթել, դա նշանակում է ևս 9 միավոր: Երբ մենք ունենք 9 միավոր և գումարում ենք այդ 9 միավորը, ստացվում է 18, որն ինքնին արդեն ավելի շատ է, քան այն 17 միավորը, որը հավաքել էր այն հավաքականը, որը Վարդան Մինասյանի օրոք պայքարում էր Իռլանդիայի հետ երկրորդ հորիզոնականի համար: Դա ի՞նչ է նշանակում, որ մենք փաստացի խաղի մեջ ենք մինչև այս որակավորման մրցափուլի ավարտը»:

Ընտրական փուլի հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն արդեն աշնանը կանցկացնի՝ սեպտեմբերին հյուրընկալվելով գերմանացիներին հաղթած Հյուսիսային Մակեդոնիային: Դեղին քարտեր կուտակելու պատճառով այդ խաղը բաց կթողնեն վերջին խաղերում աչքի ընկած Վարազդատ Հարոյանը, Խորեն Բայրամյանն ու Տիգրան Բարսեղյանը:

Այդուհանդերձ լրագրող Գևորգ Ղազարյանի կարծիքով՝ հավաքականն այդ խաղում լավ կազմ կունենա. «Առանցքային ֆուտբոլիստների բացակայության պայմաններում էլ ավելի կարժևորվի Մխիթարյանի ներկայությունը: Ամեն դեպքում մենք հարձակման և կիսապաշտպանության գծում ունենք այլընտրանքներ»:

Մարզական լրագրող Ռոբերտ Գասպարյանի կարծիքով՝ Հայաստանի հավաքականը երեկ իր պատմության ամենափառահեղ հաղթանակներից մեկը տարավ։ Գերմանիայի պարտության պատճառով այժմ Հայաստանի հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն Ռոբերտ Գասպարյանն ասում է՝ ավելի լավ կլիներ, որ Գերմանիան հաղթեր:

«Փաստացի ստացվում է, որ Գերմանիան պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային, Գերմանիան գազազած է, Հյուսիսային Մակեդոնիան հաղթանակի բերկրանքը զգաց, Իսլանդիայի հավաքական ջախջախեց Լիխտենշտեյնին: Մի խոսքով պայքարը նոր ուժով է բորբոքվելու հենք այդ պարտության համար», - նշեց Գասպարյանը:

Հայաստանի հավաքականի հաջորդ փուլ դուրս գալու շանսերը մարզական լրագրողը դրական է համարում. «Ներքին վստահություն ունեմ, որ այս անգամ այդ բաղձալի օրը լինելու է, բայց անգամ եթե երկրորդ հորիզոնականը կամ առաջին հորիզոնականը չզբաղեցնենք, դա չի լինելու ողբերգություն, որովհետև սա ես կարծում եմ՝ նոր հաղթանակների սկիզբն է, և այսպիսի թիմով մենք վաղ թե ուշ հաստատ կմտնենք որևէ մեծ մրցաշարի եզրափակիչ փուլ»:

XS
SM
MD
LG