Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Խորվաթիայում ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոնի հետ  


Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, պատկերում է Խորվաթիա-Հայաստան խաղը, մեկը հունիսի, 2021թ.
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, պատկերում է Խորվաթիա-Հայաստան խաղը, մեկը հունիսի, 2021թ.

Ֆուտբոլի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ, նրա իսկ դաշտում ոչ ոքի արդյունքով երեկվա տպավորիչ խաղից հետո Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ, այսօր մարզադաշտում հենց այսպես սկսեց նախավարժանքը, որն ավելի շատ պար է հիշեցնում։

Տղաների ուրախությունը կարելի է հասկանալ. երեկվանը` ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 9-րդ անընդմեջ առանց պարտության խաղն էր, որը Երևանում մարզական մեկնաբանները փայլուն արդյունք են որակում, իսկ օտարերկրյա մեկնաբանները շարունակում են անթաքույց զարմանքով անդրադառնալ Կապառոսի գլխավորած հավաքականի խաղին։

Ընդ որում, Խորվաթիան ոչ միայն աշխարհի գործող արծաթե մեդալակիրն է, այլև FIFA-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, որի կազմում ներառված են աշխարհի գրանդ ֆուտբոլային ակումբների՝ «Ռեալ Մադրիդի», «Չելսիի», «Ինտեր Միլանի» խաղացողներ։ Այնինչ, Հայաստանը FIFA-ի աղյուսակում 90-րդն է։

Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, պատկերում է Խորվաթիա-Հայաստան խաղը, մեկը հունիսի, 2021թ.
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, պատկերում է Խորվաթիա-Հայաստան խաղը, մեկը հունիսի, 2021թ.

Վելիկա Գորիցայի մարզադաշտում կայացած երեկվա խաղի 24-րդ րոպեին հաշիվը բացեց «Ինտեր Միլանի» ֆորվըրդ Իվան Պերիշիչը, իսկ արդեն 72-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հեռահար գեղեցիկ հարվածով հավասարեցեց հաշիվը։

Խաղից հետո կայացած ասուլիսին Կապառոսը չթաքցրեց իր գոհունակությունը. «Իհարկե, գոհ եմ արդյունքից, սակայն նախևառաջ գոհ եմ ֆուտբոլիստների նվիրվածությունից և խաղադաշտում նրանց վարքագծից։ Տղաներ, որոնք շատ չէին խաղացել հավաքականում, շատ բարձր կարգի ելույթ ցուցադրեցին` նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղում էին մի թիմի դեմ, որը աշխարհի առաջնությունում երկրորդ տեղը գրավեց և գալիք Եվրոպայի առաջնությունում ֆավորիտներից մեկն է։ Այնպես որ, շնորհավորում են մեր բոլոր ֆուտբոլիստներին՝ և՛ նրանց, ովքեր խաղացել են, և՛ նրանց, ովքեր չեն խաղացել»։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր նախավարժանքի ընթացքում, լուսանկարը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, երկուսը հունիսի, 2021թ.
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր նախավարժանքի ընթացքում, լուսանկարը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, երկուսը հունիսի, 2021թ.

Խորվաթիայի ազգային հավաքականի հետ խաղը ընկերական էր։ Հաջորդ ընկերական հանդիպումը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը անցկացնելու է հունիսի 5-ին Շվեդիայում այդ երկրի ընտրանու հետ:

Ընկերական այս հանդիպումները անցկացվում են ֆուտբոլի աշխարհի 2022թ. առաջնության ընտրական մրցաշարի, կարելի է ասել, ամառային դադարի ժամանակ։ Հայաստանը ընդգրկված է J խմբում, և այս մարտ ամսին կայացած Լիխտեյնշտեյնի, Իսլանդիայի ու Ռումինիայի ազգային հավաքականների հետ խաղերում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երեք անընդմեջ հաղթանակ տարավ և հնարավոր առավելագույն՝ 9 միավորով խմբի առաջատարն է։ Երկրորդ, երրորդ հորիզոնականները Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի ազգային հավաքականներն են, որոնց հետ Հայաստանի հավաքականը մրցելու է սեպտեմբերին։

Առաջին ալիքի մարզական մեկնաբան Գևորգ Ղազարյանը ուշադրություն հրավիրեց, որ Խորվաթիայի հետ խաղում Հայաստանի հավաքականը հիմնական կազմով չէր. «Փորձարարական կազմ, եթե մրցակիցը հիմնական կազմում իր ամբողջ մարտական ներուժը ներդրել էր, մեր խմբում մենք անգամ մեր ամենալավ ֆուտբոլիստին չէինք կանչել: Խոսքը Հենրիխ Մխիթարյանի մասին է, պատճառները մի կողմ դրած: Փորձարարական կազմ, որը իր առջև դրված խնդիրը լուծեց»:

Ըստ Ղազարյանի` Կապառոսի որոշումը ընկերական հանդիպման ժամանակ մարզադաշտ դուրս բերել ոչ հիմնական, փորձարարական կազմ՝ նպատակ ունի ռեզերվային, այլընտրանքային կազմ ստեղծել Հայաստանի հավաքականի համար. «Սա արդյունք է, որպիսին կարող է երբեք այլևս չկրկնվել` 9 խաղ չպարտված հավաքականն անգամ եվրոպական գրանտ հավաքականների մակարդակում հանճարեղ արդյունք է, և մեր մրցակիցներն այնպես չէ, որ վերջին հավաքականներն են եղել` աշխարհի փոխչեմպիոն, Ռումինիա, Իսլանդիա, հավաքականներ, ովքեր որ եվրոպական ուժեղագույնների շարքում են: Իսկ սա մեզ տանում է դեպի այն, որ մենք կարող ենք հավատալ, որ այս հավաքականը կարող է մեծ խնդիր լուծել»:

XS
SM
MD
LG