Ըստ ՍԴ-ի` դիմումատուների ներկայացրած դեպքերն ունեցել են դրվագային կամ եզակի դրսևորումներ. հրապարակվել է ամբողջական վճիռը

Սահմանադրական դատարանը հրապարակել է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներն ուժի մեջ թողնող իր որոշման մանրամասները, որում եզրահանգել էր` 4 քաղաքական ուժերի բարձրաձայնած խախտումները, քվեարկությունից առաջ և այդ օրը արձանագրած անճշտությունները, տարատեսակ խնդիրները, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերն ունեցել են դրվագային կամ եզակի դրսևորումներ։ Բարձր դատարանը արձանագրել է, որ դրանք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, ուստի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումները՝ քվեարկության արդյունքները անվավեր հայտարարելու մասին, ենթակա են մերժման։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից որոշման բովանդակության վերաբերյալ այսօր մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն այս որոշումն արդարացի է համարում. «Ամբողջ դատավարությունը և դրա եզրափակիչ մասը` այդ որոշումը, ես կարծում եմ, որ ինքն ընդհանուր առմամբ ցույց է տալիս այն պատկերը, ինչ որ առկա է»:

Սահմանադրական դատարանի որոշման վերջում նշվում է, որ արտահերթ ընտրությունների գործընթացում չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձել իրավախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար կարող էին հիմք ծառայել այլ որոշում կայացնելու։ ԿԸՀ-ն, ամփոփելով ընտրությունների արդյունքները, արձանագրել էր, որ իշխող քաղաքական ուժը ստացել է ձայների մեծամասնությունը՝ մոտ 54 տոկոս, իսկ խորհրդարան անցած մյուս երկու ուժերը՝ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը` համապատասխանաբար մոտ 22 ու 5.2 տոկոսը։

Երկրի ամենաբարձր դատական ատյանն իր ծավալուն գնահատականների մեջ անդրադարձել է դիմողների ներկայացրած բոլոր դրվագներին, որոնց մասին դատարանում մեկ շաբաթ շարունակ խոսեցին ընդդիմադիրները։

Նախ, Սահմանադրական դատարանն ընդգծում է՝ ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել, եթե խախտումներն էապես ազդել են թեկնածուների ստացած ձայների հարաբերակցության վրա, և ընդհանուր արդյունքն աղավաղված է։ Այսպես, Սահմանադրական դատարանի 9 դատավորների կայացրած որոշման մեջ տեղ են գտել ինչպես վարչական ռեսուրսների և ընդդիմադիրների արձանագրած խախտումների, այնպես էլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտությունների մասին գնահատականներ։ Բարձր դատարանը նաև ընդգծել է՝ որոշ հարցեր դիմումատուները կարող էին բողոքարկել դատարաններում, ինչը հիմնականում չեն արել։

Արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում 29 մանդատ ստացած, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, ի թիվս այլ խնդիրների, Բարձր դատարանում խոսել էր նաև իշխանության կողմից վարչական ռեսուրսների չարաշահման մասին։

«Թեև ներկայացված առանձին փաստարկներ վկայում են վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման մասին, սակայն, որպես այդպիսին, դրանք կրում են դրվագային բնույթ: Ավելին, չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրսը իշխանության կողմից օգտագործվել է կազմակերպված եղանակով և ունեցել զանգվածային բնույթ, ուստի՝ դրա օգտագործման համադրումը չի փաստում, որ այն որևէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա», - եզրահանգել է Բարձր դատարանը:

Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև դիմումատուների մատնանշած՝ վարչապետի պաշտոնակատարի կողմից հնչեցրած ատելության խոսքին։

Գևորգ Գյոզալյանն ընդգծում է՝ Բարձր դատարանն այս հարցում հավասարության նշան է դրել կողմերի մեջ. «Եկեք հիշենք Բաղրամյան պողոտան` մահապատժի տեսարաններ էին իրականացնում, լկտի հայհոյախոսությունը շատ քաղաքական ուժերի կողմից, ովքեր մասնակցեցին այդ ընտրություններին, նրանց հռետորաբանության մեջ էր, նաև այդ փեշերից բռնել, բոլորի հետևից գնալ և այլն: Սա շատ ճիշտ է, և Սահմանադրական դատարանն իր որոշմամբ հավասարության նշան դրեց թե՛ իշխող ուժի և թե՛ ընդդիմության այդ կողմից տարվող այդ հռետորաբանության մեջ»:

Քննադատելով առհասարակ ատելության խոսքը` դատարանը նշում է՝ Փաշինյանի կողմից ենթադրյալ բռնության կոչերի և սպառնալիքների՝ ընտրությունների արդյունքի վրա ազդեցության մասին փաստարկները վերացական են, զուրկ են որոշակիությունից և հիմնված են քաղաքական ելույթներից մեջբերված հատվածներում կառուցված առանձին արտահայտությունների վրա՝ առանց դրանց ընդհանուր համատեքստին անդրադարձի, և որ դրանք ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին, և ընտրողները չէին կարող դիտարկել դրանք որպես իրենց ուղղված սպառնալիք կամ ատելության խոսք։

Բարձր դատարանը եզակի է որակում նաև ընդդիմադիրների բերած մի շարք օրինակներ։ Օրինակ՝ անձը հաստատող փաստաթղթերի միջոցով Հայաստանում չգտնվող անձանց փոխարեն քվեարկությունը, որը, պարզվել է, տեխնիկական սխալ է եղել, երբ քաղաքացին ստորագրել է մեկ այլ քաղաքացու անվան դիմաց։ Իսկ, օրինակ, հրապարակված ընտրողների ցուցակների և վերջնական արձանագրությունների միջև անճշտությունները, զանգվածային հոսանքազրկումներով պայմանավորված հնարավոր ընտրախախտումները, զորամասերում հաշվառված 10.993 ընտրողների՝ զինծառայողների մասնակցությանն առնչվող տվյալների գաղտնիությունը կամ էլ ավելի քան 23 հազար քաղաքացու քվեարկությունն առանց կտրոնի վրա լուսանկարի կամ էլ քվեարկությանը մասնակցած ավելի քան 109 հազար քաղաքացու դեպքում անձը հաստատող փաստաթղթի տվյալները ձեռքով ներմուծելը Բարձր դատարանը որակել է ենթադրություններ և փաստեր չունեցող կասկածներ։

«Այսպիսի բազմաթիվ խախտումներ եղել, և դրա մասին արձանագրված է Սահմանադրականի դատարանի որոշմամբ, այլ հարց է, որ սա ընդհանուր առմամբ կամ մեծամասամբ չի ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Դրա վառ ապացույցը հենց հանրության արձագանքն է, հանրության մոտ չկա այդ խոր անարդարության զգացողությունը, ինչ մենք ունեինք տարիներ առաջ», - ասում է Գևորգ Գյոզալյանը:

Ընտրությունների արդյունքները ուժի մեջ թողած Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնը թողնելուց հետո կարող էր պաշտոնավարել այդ պաշտոնում։ Այս հարցը դատարանում բարձրացրել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

Այս դեպքում ՍԴ-ն բավարար չափով չի հերքել դիմումատուներին, ասում է Գյոզալյանը. «Ես լսել եմ դիմող կողմի փաստարկները, և ես ակնկալում էի, որ Սահմանադրական դատարանը շատ ավելի հիմնավոր պատճառներով կմերժեր այդ փաստարկը, բայց այդուհանդերձ պետք է փաստեմ, որ ես այդ հիմնավոր պատճառները չտեսա ՍԴ-ի որոշման մեջ»:

Բարձր դատարանն անդրադարձել է նաև «Հայաստան» դաշինքի ներկայացրած կայուն մեծամասնության խնդրին, որը մանդատների բաշխմանն է վերաբերում։ Դատարանը նշել է, որ այս վեճի շրջանակում այդ խնդրին անդրադառնալը ճիշտ չէ։ Ընտրական այս վեճից հետո «Հայոց Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է հարցը Եվրոպական դատարանում բարձրացնելու մասին, հունիսի 20-ից հետո Եվրադատարան դիմելու մասին էր խոսել նաև Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը։ Կդիմեն, թե՝ չէ, առայժմ չեն հստակեցնում։