Մատչելիության հղումներ

ՍԴ-ն երկու անգամ մերժեց Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը


Արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների երեկվանից շարունակվող քննության ընթացքում Սահմանադրական դատարանն (ՍԴ) արդեն երկու անգամ մերժեց որպես վկա հրավիրել նախագահ Արմեն Սարգսյանին։

Երկու անգամն էլ միջնորդել էր դատավոր Հրայր Թովմասյանը. նախ նա միջնորդությունը ներկայացրել էլ վկայակոչելով մի հոդված, ապա մերժումից հետո հայտարարել՝ վրիպակ է եղել, ու նույն միջնորդությունը ներկայացրել վկայակոչելով մեկ այլ հոդված։

ՍԴ դատավորը ուզում է հենց նախագահից լսել, որ քվեարկության օրը հունիսի 20-ին նշանակելիս, նրա վրա որևէ հարկադրանք չի եղել։ «Իմ ներքին համոզմունքը կայանում է դրանում, որ ես կասկածներ չունեմ, որ նախագահին հարկադրվել է, պարտադրվել է, բայց դատարանը պիտի անդրադառնա դրան, դատարանը պիտի գնահատական տա դիմողների կողմից բարձրացված հարցերին և գնա առաջ», - ասաց Թովմասյանը:

Ընտրական բողոքների քննության երկրորդը օրը բարձր դատարանը նաև բավարարեց երկու միջնորդություն՝ Մարդու իրավունքների պաշտպանից պահանջել ընտրությունների վերաբերյալ նրա գրասենյակի արձանագրած խախտումները, նաև դատական դեպարտամենտից պահանջել դատարան ներկայացնել բռնության կոչեր անելու վերաբերյալ դատարանների կայացրած որոշումների մասին նյութեր։

Սրա մասին երեկ դատարանում խոսել էր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ հիշատակելով քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատարի հնչեցրած որոշ արտահայտություններ։

Բարձր դատարանում այսօրվա նիստի մեկնարկն աչքի ընկավ դատավորների միջև բանավեճով. դատավոր Արևիկ Պետրոսյանը դժգոհեց, որ այս միջնորդությունները Սահմանադրական դատարանը քննել է ոչ թե նիստի ընթացքում, այլ դրանից դուրս, և սրանով խախտվել է քննության ընթացակարգը։

«Պարոն Դիլանյան, ես ուզում եմ, որպեսզի դատավարության որոշ կողմերը և հանրությանը հրապարակային դատաքննության շրջանակում ականատես լինի, որ Սահմանադրական դատարանը գործում է ընթացակարգի շրջանակում առանց կարգ ու կանոն խախտելու, որովհետև մենք ենք քննելու ընտրական վեճի շրջանակներում կագը և կանոնը պահպանված լինելու հարցը», - ասաց Պետրոսյանը:

«Հայաստանի Հանրապետությունում» մենք հիմա քննության ենք Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդի կողմից իշխանություն իրականացնելու ամենակարևոր առանցքային հարցը, այդ կապակցությամբ 9 կողմեր ներկա են գտնվում դատարանի դահլիճում, ողջ հանրապետությունը սպասում է այս գործի ելքին, երեկ մենք ողջ օրը ծախսել ենք ընթացակարգային որոշ հարցեր լուծելու համար, չեմ կարծում, որ անարդյունավետ է այդ ժամանակը ծախսվել, բայց այսօր մենք դեռ չենք վերջացրել 9 կողմից մեկի բացատրությունը: Եթե Սահմանադրական դատարանը թույլ տա, որպեսզի այս դատավարությունը վերածվի դատավորների միջև կարծիքների բախման, թեկուզ և ակադեմիական և շատ կոռեկտ ոճով այդ ամենն արտահայտվելու, այս վեճը շատ մեծ հավանականությամբ չի կարող լուծվել պատշաճ ընթացակարգով, արդարադատության պատշաճ որակի մատուցմամբ և ժամկետների ընթացքում: Սա ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ», - ասաց Դիլանյանը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը խոսեց իրենց արձանագրած խախտումների մասին՝ արձակուրդում գտնվող, բայց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին մասնակցում էր անվտանգության մեծածավալ ուժերով, ծառայողական ավտոմեքենայով, իսկ դա ազդում է մարդկանց ընկալման, կամարտահայտության վրա։ Դատավոր Երվանդ Խունդկարյանի հարցին ի պատասխան նաև պարզաբանեց, թե ինչպես է լռության օրը վարչապետի կոչը՝ անպայման մասնակցել քվեարկությանը, ազդել ընտրողներ վրա։ Ավելին, քաղաքացիներին «Հայաստան» դաշինքի հանրահավաքներին ստիպողաբար բերելու համար մի շարք համայնքների ղեկավարներին քաղաքական վենդետայի ենթարկելու՝ վարչապետի խոսքը ևս ազդել է ընտրողների որոշման վրա, հայտարարեց Վարդևանյանն ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի։

«Ես գտնում եմ, որ այն հավասարության սկզբունքի լույսի ներքո դիտարկելով նաև պետք է նայել վարչական ռեսուրսի տեսանկյունից, քանի որ հենց այդ օր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վերադարձավ արձակուրդից: Այդ տեսանյութը, որով ինքը դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղղակիորեն արված է վարչապետի կեցավայրից կամ նստավայրից, սա ևս որոշակի հոգեբանական նշանակություն ունի», - ասաց Վարդևանյանը:

Նա հիշատակեց, ըստ իրենց, զինծառայողների քվեարկության խնդիրների մասին, հայտարարեց՝ Ջեմմա Մարտիրոսյան անվամբ մի կին քվեարկության օրը Հայաստանում չի եղել, բայց ընտրացուցակում նրա անվան դիմաց ստորագրված է եղել։ Չնայած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ընդգծեց՝ տեղյակ չէ՝ անվան դիմաց նշված անձնագրային տվյալները այդ կնոջն են, թե՝ մեկ ուրիշինը։

«Այդ Ջեմմա Մարտիրոսյանի տվյալների կողքը նաև անձնագրային տվյալ է ձեռքով լրացված, հիմա հարց է առաջանում՝ Ջեմմա Մարտիրոսյանը եղե՞լ է Հայաստանի Հանրապետությունում, թե ոչ, եթե չի եղել Հայաստանի Հանրապետություն, կարո՞ղ ենք նաև պնդում կատարել այն մասին, որ հենց նաև է այդ չաշխատող անձնագրերի շարքում տեղավորվում է նաև հենց այս դեպքը», - ընդգծեց Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը հայտարարեց՝ ավելի քան 109 հազար քաղաքացու անձնագիր չի աշխատել, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանինը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի ներկայացուցիչը կասկածելի համարեց նաև ընտրացուցակներում ավելի քան 2,5 միլիոն ընտրող ներառելու հարցը՝ դրանք որակելով ուռճացված։

Վարդևանյանից հետո իր դիմումը սկսեց ներկայացնել «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը։ Նա էլ իր հերթին պնդեց՝ այս գործը պատշաճ նախապատրաստած չէ դատաքննության, քանի որ իրենց չեն տրվել մյուսների դիմումները։ Նա ևս ներկայացրեց կասկածներ, որ օգտագործվել են կեղծ անձնագրեր, որոնցով էլ կրկնաքվեարկություն է եղել։

XS
SM
MD
LG