Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ


Սահմանադրական դատարանը այսօր ավարտեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով գործի քննությունը և որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ։

Այսօր՝ դատաքննության 6-րդ օրը կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով։

Խորհրդարան անցած «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը իր կես ժամանոց ելույթում դարձյալ ներկայացրեց և պնդեց իր 9 թեզերն այն մասին, թե ինչու պետք է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն։ Դրանցից մեկը այն մասին էր, որ Նիկոլ Փաշինյանը ապօրինի է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը:

30 րոպեանոց ելույթի փոխարեն Հարությունյանը կնախընտրեր հենց Սահմանադրական դատարանում ցուցադրել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը. - «Հինգ օր առաջ Netflix-ը սկսեց հեռարձակել «Ինչպես դառնել բռնապետ» սերիալը։ Եթե «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը այդպիսի հնարավորություն ինձ ընձեռեր, ապա ես ուղղակի կկազմակերպեի դիտում այս դահլիճում, և, կարծում եմ, բոլորը դրանից հետո կունենային միանշանակ եզրակացություն, թե ինչի մասին էր խոսքը մեր դիմումում։ Բայց քանի որ օրենքը նման հնարավորություն ինձ չի ընձեռում, ուստի ես ընդամենը խորհուրդ կտամ հարգարժան դատավորներին և բոլորին, ովքեր մեզ լսում են կամ տեսնում են, դիտեք այդ սերիալը։ Ցավոք, դուք կտեսնեք այսօրվա Հայաստանը»։

Արդարադատության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանն էլ իր նախընտրելի ֆիլմն ուներ։ Երկու տասնամյակից ավելի պետական ապարատում բարձր պաշտոններ զբաղեցրած Հարությունյանին խորհուրդ տվեց օգտվել Էմիր Կուստուրիցայի «Ընդհատակը» ֆիլմից. - «Ես ավելի դասական ֆիլմից կուզեի օգտվենք՝ Կուստուրիցայի «Անդերգրաունդ» ֆիլմը, որտեղ բավական տևական ժամանակ ժողովրդին իջացրել էին բունկեր, խաբում էին իրենց կարգավիճակի մասին, ենթարկում էին տարբեր տառապանքների, թալանում էին, ամենակարևորը՝ բարոյալքում։ Իսկ բունկերի վերևում դրված բեմահարթակի վրա խոսում վեհ արժեքներից, հայրենիքից»։

Բարձր դատարանում բացի ֆիլմերից հղումներ արեցին նաև օրենքներին ու Սահմանադրությանը։ Ազատ ընտրության սահմանադրական նորմն է, ըստ Հարությունյանի, խախտել Փաշինյանը ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքով, որը դիմող կողմը նկատել է վարչապետի պաշտոնակատարի նախընտրական ելույթներում. - «Եվ ինչքան էլ «Քաղաքացիական պայմանագիրը» պնդի, որ Փաշինյանի խոսքը իբրև թե ես կոնտեքստից կտրված եմ ներկայացրել, որևէ մեկը հանրության չի կարող համոզել, որ այնպիսի արտահայտությունները, ինչպիսին «կապույտ չագուջը առաջինը ձեր գլխին ա ջարդվելու», «կտեսնեք կադրային ջարդուփշուր», «պողպատե մանդատով ընտրություններից հետո գալու ենք ձեր հետևից», «հիմա չագուջի հետ կծանոթանաք» և այլն, կարող են տեղ ունենալ ժողովրդավարական արժեքներ ապավինող երկրում, և, ինչն առավել սարսափելի է, կարող են հնչեցվել փաստացի երկրի առաջին դեմքը հանդիսացող անձի կողմից»։

Բադասյանի հակադարձումը կարճ էր՝ դա խոսքի ազատություն էր. - «Զուգահեռ իրականություն փորձեցին ներկայացնել, որտեղ պարզվում է, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն է թողել խոսքի ազատության շրջանակներում կատարված արտահայտությունները»։

Դավիթ Հարությունյանն իր խոսքում օգտագործում էր ենթադրական ապառնի եղանակը։ Դիմելով բարձր դատարանին՝ բացատրեց. ձեր կողմնորոշումը այս հարցի քննության մասով, ցավոք, ակներև է։

Հիմնավորումներից մեկն էլ այն էր , որ ՍԴ-ն նախորդ օրը մերժել էր ոստիկանությունից ապացույցներ պահանջելու իր միջնորդությունը. - «Եվ եթե ես համադրեմ այդ մերժումը այն փաստի հետ, թե ինչպիսի միտումնավորություն հիշեցնող չափի անփութությամբ եք նախապատրաստված այս դատաքննությանը, թե ինչպես է դատարանի կողմից հետաձգվում ապացույցների վերաբերյալ միջնորդությունների քննարկումը, ապա պետք է արձանագրեմ, որ ձեր որոշումը այս գործով, ցավոք, ակներև է։ Առաջին անգամ է, որ ես, կանխատեսելով ձեր որոշումը, ունեմ անհատապես ներքին անարդարության և համընդհանուր պարտության զգացում»։

Հարությունյանի ելույթի այս հատվածին արձագանքեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը. - «Մարդկայնորեն հասկանում եմ Սահմանադրական դատարանին, թույլ տվեք կիսվել իմ տպավորությունը, վարկաբեկելու և այդպիսով Սահմանադրական դատարանի ապագա որոշումը վարկաբեկելու ձեր փորձերը։ Մարդկայնորեն այդ մարտավարությունը հասկանում եմ, բայց չեմ ընդունում։ Եվ ինձ համար կոնկրետ դա դատապարտելի է, պարոն Հարությունյան»։

Դիմողները եզրափակիչ ելույթում դարձյալ շեշտեցին այն հանգամանքը, որ հրաժարականից հետո պաշտոնավարող Փաշինյանը արհեստականորեն մրցակցային առավելություն է ստացել։

Խորհրդարան անցած մյուս՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը զուգահեռներ անցկացրեց 1998 -ին Լևոն Տեր -Պետրոսյանի հրաժարականի հետ. - «Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց հրաժարական տալու մասին, և դա նշանակում էր հրաժարական, ինչպեսև ցանկացած այլ ողջամիտ երկրում»։

Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ամենաթարմ դեպքը. Շվեդիայի վարչապետին անվստահություն են հայտնել, բայց նա շարունակում է պարտականությունների կատարումը. - «Դրա համար չէի ուզի վկայակոչել այդ դեպքը, այլ այն տերմինը, որը հանդիպեցի նյութում համացանցում որոնելիս։ Օգտագործվում էր անգլերեն caretaker բառը, այսինքն՝ հոգ տանել։ Այսինքն՝ կուզեի շեշտել, որ շատ կարևոր է, որ Հանրապետությունը առանց պատշաճ ղեկավարման չի կարող մնալ»։

Սահմանադրական դատարանում բոլոր կողմերը հավասար՝ 30 րոպե տևողությամբ ելույթներ ունեցան։ Դիմող կողմերը պնդեցին ընտրությունները անվավեր ճանաչելու իրենց հայցը։ Պատասխանող կողմը՝ ի դեմս ԿԸՀ նախագահի, պնդեց, թե արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը անվավեր ճանաչելու հիմքեր չկան. - «Խնդրում եմ, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշյալ որոշումը թողնվի ուժի մեջ»։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել են խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։

Սահմանադրական դատարանը որոշումը պետք է ընդունի դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան15 օր հետո։ Դիմումներն ընդունվել են հուլիսի 2-ին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG