Մատչելիության հղումներ

Ըստ «Պատիվ ունեմ»-ի` Փաշինյանի ստեղծած մթնոլորտն ազդել է ընտրողի վրա. Բադասյանը հիշեցրեց Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը


Արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու քննության երրորդ օրը Սահմանադրական դատարանում իր դիմումը ներկայացրեց Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։ Դավիթ Հարությունյանը հայտարարեց՝ այս ընտրությունների ընթացքում եղել են նախադեպը երբեք չունեցող խախտումներ։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջնորդած դաշինքը ՍԴ ուղղված իրենց դիմումը ներկայացրեց այսպես կոչված` 9 թեզերով։ Առաջին թեզը ատելության խոսքի տարածման մասին էր. «Սահմանադրության յոթերորդ հոդվածով, որտեղ արտացոլված են ընտրական իրավունքի սկզբունքները, երաշխավորված է ազատ ընտրության սկզբունքը, ազատ ընտրության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր ընտրող պետք է ազատ լինի` կատարելու ինքնուրույն ընտրություն` ելնելով թեկնածուների անձից, իր համակրանքից կամ հակակրանքից, իր քաղաքական և տնտեսական շահից»:

Սակայն, ըստ «Պատիվ ունեմ» դաշինքի` հունիսի 20-ին կայացած ընտրությունների ընթացքում հնչած բռնության, ատելության խոսքն այնքան շատ էր, որ այն իր ազդեցությունն է թողել ընտրողների կամքի վրա։ Արտահերթին անցողիկ շեմը չհաղթահարած, բայց իրավունքի ուժով խորհրդարան անցած ընդդիմադիր դաշինքի դիմումի մի մասում ներառված են վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հնչեցրած բոլոր արտահայտությունները, այդ թվում՝ օրինախախտներին պատժելու մասին։

«Իրավախախտները ենթակա են պատասխանատվության, բայց պատասխանատվության օրենքի առաջ, սակայն Փաշինյանի կողմից անձամբ պատժելու հայտարարությունից մարդկանց մոտ կարող է առաջանալ տպավորություն, որ մեղավորության աստիճանը ևս որոշելու է Փաշինյանն անձամբ, իսկ դա արդեն ակնհայտորեն կարող է պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ, և իմ ասածը ամենևին տեսական մտավարժանք չէ, այլ ողջամիտ մտահոգություն, որի հիմքերը ձևավորվել են անցած երեք տարիների ընթացքում», - մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանի արտահայտություններն ուղղված էին ոչ միայն օրինախախտներին, այլև քաղաքացիներին, Բարձր դատարանում հայտարարեց Դավիթ Հարությունյանը և ընդգծեց՝ նրա խոսքերը դատարանը որակել է բռնության կոչեր։ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը վկայակոչեց նաև Մարդու իրավունքների պաշտպանին. «Սահմանադրական դատարանն այսպիսով պետք է ընդամենը գնահատի` արդյոք իրատեսական չէ մեր այն կարծիքը, որ Փաշինյանի ստեղծած անհանդուրժողականության մթնոլորտը կարող էր ազդել յուրաքանչյուր հազար ընտրողից առնվազն երկուսի վրա, այնպես ազդել, որ նրանք չմասնակցեին ընտրություններին:

Եվ եթե Սահմանադրական դատարանը համարում է, որ այո, հազարից երկու հոգու վրա կարող էր ազդել, ապա ինչպես արդեն նշեցի, պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ ընտրության արդյունքը կփոխվեր: Մեր նպատակն է, որ Սահմանադրական դատարանը գնահատական տա բոլոր այն արատներին, որոնց շարունակումը հետագայում, որոնց կրկնությունը մեր երկրի ճակատագրի վրա կունենա ծայրահեղ բացասական ազդեցություն»:

Հարությունյանը ներկայացրեց հոգեբանի եզրահանգումները։ Ի պատասխան Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի` ասաց՝ ինքը հոգեբանի բարձրագույն կրթություն ունի և կիսում է մասնագետի տեսակետը. «Նման հռետորաբանությունը բացասական ազդեցություն ունի մարդկանց գիտակցության և վարքագծի վրա. նրանց մի դեպքում դարձնում է կոմֆորմիստ` հնարավոր բացասական հետևանքներից ինքնապաշտպանվելու համար անգամ դրդելով ակտիվ քարոզչություն սկսել իշխանական ուժերի օգտին, այլ դեպքերում բարձրացնում է առանց այն էլ բարձր տագնապալիության աստիճանը` մարդկանց որոշակի խմբի դարձնելով ընդգծված, անօգնական և ապատիկ: Վերջին խմբի ներկայացուցիչների մոտ ընտրություններին չմասնակցելու ցանկություն է առաջանում», - նշեց նա:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը խոսեց ընտրապայքարի ժամանակ անհավասար պայմանների, վարչական ռեսուրսի կիրառման մասին. «Որոշ դեպքերում վարչական ռեսուրսի օգտագործումը օրինական է, և մեր Ընտրական օրենսգիրքը ևս անդրադառնում է այդ հարցերին: Որպես օրինակ նշեմ մեկը, որ հատուկ պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքով նախատեսված պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են շարունակել օգտվել այդ պաշտպանությունից, և Փաշինյանը լիովին օգտվել է այդ իրավունքից, ավելին` Փաշինյանի մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզչությունը և հավաքներն ուղեկցվել են ոստիկանության և անվտանգության աշխատակիցների լայնածավալ կամ գերլայնածավալ ներգրավվածությամբ և ուժի ցուցադրմամբ: Սակայն, այստեղ հարց է ծագում` իսկ արդյոք այդ փուլում Փաշինյանը օրինական հիմքերով էր զբաղեցնում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հարց տվեց Հարությունյանին ընտրողների վրա ազդելու վերաբերյալ՝ հիշեցնելով Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի իրադարձությունները. «Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, Մարտի 1-ի իրադարձությունները, խաղաղ ցուցարարների նկատմամբ ջրցան կիրառելու իրադարձությունները հնարավո՞ր է այնպիսի անջնջելի ազդեցություն են ունեցել ընտրողների կամքի վրա, որ այն քաղաքական ուժերը, ում օրոք նման իրադարձություններ են եղել, այլևս երբեք չեն կարող հավակնել ստանալ ընտրողների հոծ զանգվածի վստահությունը»:

Հարությունյանը հակադարձեց. «Այն, ինչ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ին, ծանրագույն հարված էր հայոց պետականությանը, բայց դա կապել այն իշխանությունների հետ, որ այդ պահին եղել են իշխանություն, ուղղակի ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն:

Եթե խոսենք Մարտի 1-ի մասին, ապա ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք այն ելույթներից, որոնք հնչեցրել է Փաշինյանը այդ իրադարձությունների ժամանակ - փորձում եմ քաղաքական դաշտ չմտնել - այդ ցույցերի ժամանակ ինչպես են հրահրվել բախումները: Կարծում եմ` մենք եթե ուղղակի դա շաղկապենք իշխանությունների ապագա քաղաքական ճակատագրի հետ, ապա շատ սխալ կանենք, բայց այդ հարցին անդրադառնում են ընտրողները, իհարկե, և ընտրողները, իրենց կյանքի փորձից ելնելով, այնուամենայնիվ, փորձում են գնահատել և՛ բացասականը, և՛ դրականը»:

ԿԸՀ նախագահի համոզմամբ` 4 դիմումներն էլ պետք է մերժվեն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն իր բացատրությունում պարզաբանեց, թե ընտրությունների արդյունքները բացառիկ դեպքերում են վիճարկվում Սահմանադրական դատարանում, իսկ սովորաբար ընտրական այդ հարցերը պետք է քննի հանձնաժողովը. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը կարելի է միայն այն պարտադիր պայմանով, որ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորություն, այսինքն` բավարար չէ խախտումների պարզ թվարկում, այլ պահանջում է ապացուցել, որ հատկապես այս խախտումների արդյունքում հնարավոր չէ պարզել ընտրության իրական պատկերը»:

Մուկուչյանը շեշտեց՝ «Պատիվ ունեմ»-ը որպես ընտրախախտում ներկայացնում է նաև նախընտրական քարոզարշավից առաջ տեղի ունեցածը, ինչը նշանակում է՝ իր ղեկավարած հանձնաժողովը դրանց համար որպես պատասխանող չպետք է ներառվեր։ ԿԸՀ նախագահը հայտարարեց` 4 դիմումներն էլ պետք է մերժվեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG