Մատչելիության հղումներ

Լուսինե Հակոբյանը հուսով է՝ «Սահմանադրական դատարանը դեմ չի գնա ժողովրդի կամքին»


Սահմանադրական դատարանն ավարտել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը և որոշում կայացնելու համար հեռացել խորհրդակցական սենյակ։

Դատավարությունը ՍԴ-ում մեկնարկել էր հուլիսի 9-ին։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել են խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

Սահմանադրական դատարանը կարող է ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, նաև անվավեր ճանաչել այն, իսկ այդ դեպքում կարող է սահմանվել մանդատների բաշխման նոր կարգ։ Որոշում կայացնելու վերջնաժամկետը վաղն է։

Թեմայի շուրջ Կարլեն Ասլանյանի հարցերին է պատասխանել «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Ստորև՝ հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - Արդյո՞ք այս մեկ շաբաթվա ընթացքում հնչեցին հիմքեր, Ձեր գնահատմամբ, ըստ որոնց՝ կարելի է ընտրություններն անվավեր ճանաչել կամ երկրորդ փուլ նշանակել ․․․

Լուսինե Հակոբյան․ - ․․․ կամ մանդատների վերաբաշխում դատարանի կողմից։

Ըստ էության, դիտարկելով այս գործընթացը, շատ անգամ՝ նիստերի դահլիճից, կարող ենք ասել, որ հիմնավոր փաստարկներ մենք չլսեցինք։ Հիմնականում ես այդ երկու ուժերին կանդրադառնամ, որոնք, ըստ ԿԸՀ-ի որոշման, անցել են խորհրդարան և մանդատներ են ստանալու՝ «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը, և, ըստ էության, պետք է ասել, որ բավական թույլ էին փաստարկները, և դրանք որևէ կերպ չեն կարող հիմք հանդիսանալ, որպեսզի Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները կամ կատարի մանդատների վերաբաշխում։

«Ազատություն»․ - Հետևաբար՝ մենք առաջիկայում կլսենք մերժման որոշում բարձր ատյանի։

Հակոբյան․ - Ես հույս ունեմ, որովհետև ես ոչինչ չեմ բացառում, բայց ես իրոք հույս ունեմ, որ ողջամտությունը կհաղթի, և Սահմանադրական դատարանը իրոք դեմ չի գնա ժողովրդի կամքին։ Որովհետև հակառակ պարագայում կա բավական տխուր՝ Մոլդովայի Սահմանադրական դատարանի 2019 թվականի փորձը, երբ տեսանք՝ նման փորձը ինչով ավարտվեց նրանց համար, և կարծում եմ, որ այդ ուղով կորոշի չգնալ մեր Սահմանադրական դատարանը։

«Ազատություն»․ - Դուք չեք բացառում ինչ-ինչ քաղաքակա՞ն նկատառումներով։

Հակոբյան․ - Այո, միանգամայն ճիշտ եք, որովհետև դատարանի այս կազմը, այնուամենայնիվ, այն կազմը չէ, որը ամբողջությամբ կարող է հավակնել անկախ և անկողմնակալ դատարանի կոչմանը, և հետևաբար ես չեմ բացառում։ Բայց այն, ինչ մենք լսեցինք այդ 6 օրերի ընթացքում, որևէ կերպ մեզ հիմք չի տալիս ենթադրելու, որ կան իրավական և փաստական հիմքեր նման որոշում կայացնելու համար, երբ հակառակը՝ պետք է Սահմանադրական դատարանը ճանաչի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով ընտրության արդյունքները, և մենք վերջապես կարողանանք ձևավորել խորհրդարան և անցնել աշխատանքի։

«Ազատություն»․ - Դատարանում նկատելի էր, որ երկու դատավորներ՝ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը, շատ հարցերում համակարծիք չէին մյուս դատավորների հետ։ Դուք սա կպայմանավորեի՞ք անցած տարի Սահմանադրական դատարանում իրականացված փոփոխություններով, ինչի արդյունքում, օրինակ, Թովմասյանը դատարանի նախագահ չէ, Արևիկ Պետրոսյանը շուտով պետք է վաղաժամ հեռանա։

Հակոբյան․ - Միանշանակ պայմանավորված է այդ ամենը։ Կարծում եմ, որ այո, դեմարշ է, նաև բացի դեմարշ լինելուց ներկայիս իշխանության դեմ՝ ավելի նման է նրան, որ իրենց, այսպես, սիմպատիաները և լոյալությունը այն մյուս ուժերի կողմն էր՝ «Հայաստան» դաշինքի և հատկապես «Պատիվ ունեմ» դաշինքի, և դա իրենք երբեք չեն էլ թաքցրել։ Եվ հենց դա էր նաև այդ բարեփոխումների անհրաժեշտության տարրերից մեկը, որ այդ անձանցից առնվազն մեկը այնտեղ կուսակցական գիծ էր իրականացնում, ինչը որ չէր կարող բացասաբար չազդել դատարանի գործունեության և հեղինակության վրա։ Եվ էլի սա պետք է դիտարկել այդ դատարանի հեղինակությունը վարկաբեկելու, նսեմացնելու ձգտումների կոնտեքստում, հատկապես՝ այդ երկուսի կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG