Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությունը: Իրենց ակնկալիքների, գործընթացի մասին «Ազատության» հետ զրույցում անդրադառնում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
«Ազատություն» - Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ատյանից:
Արծվիկ Մինասյան - Ընտրությունները, ըստ մեր գնահատման, ոչ միայն չեն համապատասխանում ժողովրդավարության հիմնական չափանիշներին, այն ակնհայտորեն, նույնիսկ անզեն աչքով անհամաչափ է հանրության մոտ առկա տրամադրություններին: Պատկերն արդյունք է այն զանգվածային ընտրախախտումների, որի հիմքերից հիմքը Նիկոլ Փաշինյանի կողմից 2021 թվականի ապրիլի 25-ից այս կողմ` իր հրաժարականից հետո վարչապետի լիազորությունների պահպանումը և այդ լիազորություններն ամբողջ ծավալով չարաշահելն է եղել:
«Ազատություն» - Պիտի գնա՞ր, չմնա՞ր վարչապետ:
Արծվիկ Մինասյան - Այո, և մեր բողոքի հիմքում հիմքերի հիմքը հենց սա է, որովհետև այնպիսի այլանդակվել են արդյունքները, որ այս պահի դրությամբ խոսել, թե իրականում արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է ձևավորի կառավարություն, թե կոալիցիա պետք է լինի, կամ ընդդիմությունը պետք է ձևավորի, այս պահի դրությամբ առնվազն գնահատելը չափազանց հեղհեղուկ է: Զարմանալիորեն այս ընթացքում իրավապահ համակարգը, դատախազությունից սկսած, քննչական մարմիններով ավարտած ոչ միայն լռում են, ոչ միայն մերժում են բոլոր հաղորդումները հանցագործությունների մասին` պայմանավորված հենց այս վարչական ռեսուրսների չարաշահման, անգամ հիմա` հետընտրական շրջանում, ակնհայտորեն դիրքավորել են իշխանության դիկտատուրան իրավական անվան քաղարկման տակ ճնշումներ բանեցնելու:
«Ազատություն» - Դուք հավանաբար արդեն ծանոթ եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի դիրքորոշմանը, որ բոլոր 4 դիմումներն էլ Բարձր դատարանը պետք է մերժի:
Արծվիկ Մինասյան - Եթե այլ ակնկալիք կար, ինքը կբավարարեր, անվավեր կճանաչեր, այսինքն` մի մարմին, որի ընդունած ակտն անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացված Սահմանադրական դատարան, բնական է չէ՞, որ այդ մարմինը պիտի ասի, որ չէ, իմ ակտն իրավական է, և մերժեք դիմումատուների բողոքը:
«Ազատություն» - Դուք Բարձր դատարանի որևէ որոշում կասկածի տակ կդնե՞ք:
Արծվիկ Մինասյան - Գոյություն ունի ներքին համոզում, և գոյություն ունի իրավական փաստ. բնականաբար, իրավական որոշման առկայության դեպքում ուզես թե չուզես, Բարձր դատարանի ակտ է, դու պետք է ընդունես, բայց քո ներքին համոզումով դու կարող ես այդ ակտը չկիսել, համոզմունքդ չձևավորվի դրանով:
«Ազատություն» - Կաշկանդվա՞ծ է այս դատարանը քաղաքական ինչ-ինչ նկատառումներով:
Արծվիկ Մինասյան - Ակնհայտ է, որ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ դեռևս 2018 թվականի ընտրության արդյունքներով, երբ «Իմ քայլը» խմբակցությունն անցավ Սահմանադրությունը ոտնահարումների քաղաքականությանը և փոխեց, վերանայեց, Սահմանադրությունը փոխեց, դատավորներ ապօրինի ազատեց և այլն, փորձել է ձևավորել իրենց սրտի դատարանը:
«Ազատություն» - Պարո՛ն Մինասյան, բայց այս կազմով` «իրենց սրտի դատարանը» հակասահմանադրական է ճանաչել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը` մի գործ, որ մեկը Դուք ասում էիք` չէ, Փաշինյանի անձնական վրեժն է: Ինչպե՞ս դեմ գնաց քաղաքական իշխանությանը և նման բան արեց:
Արծվիկ Մինասյան - Նախ ես ուզում եմ ճշգրտում մտցնել: Ոչ թե Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը կասեցրեց...
«Ազատություն» - Այո, հոդվածը, որի արդյունքում Քոչարյանն արդարացվեց:
Արծվիկ Մինասյան - Ճիշտ է, այդ հոդվածով, շուրջ 15 դեպքեր, որոնց վերաբերյալ որպես հանցագործության մասին հաղորդում մենք ներկայացրել էինք դատախազություն, և վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին և իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին: Ինչո՞ւ եք Դուք դիտարկում, որ այդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելը միայն երկրորդ նախագահի օգտին էր: Սա նախ և առաջ, իմ խորին համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի և հանցագործ իշխանության օգտին էր:
«Ազատություն» - Նա՞ էլ է սահմանադրական կարգը տապալել:
Արծվիկ Մինասյան - Միանշանակ: Երկրորդ կարևոր արձանագրումն էլ անենք` զուտ մասնագիտական առումով իրավական պարզագույն տրամաբանությունը չի կարող հակադրվել կամ ստորադասվել որոշ մարդկանց նեղ խմբային ցանկությունների:
«Ազատություն» - Այդ դեպքում էլ նույն է` եթե ընտրակեղծիքներն այնքան լայնածավալ են, ապա հո աչք չեն փակի դրա վրա, ինչ է թե Փաշինյանն այդպես է ուզում:
Արծվիկ Մինասյան - Ճիշտ է, բայց տեսեք` 2018 թվականին ընդունված Սահմանադրական դատարանի մասին օրենքն ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերում բավական էական վերանայումներ է իրականացրել: Եթե օրինակ` նախկինում անպայման բերում էինք քանակական, չափելի արդյունքի, որ նոր գնահատում էին` ազդեցություն կա, թե չկա, ես էլ եմ այդպիսի ընթացակարգով անցել 2003 թվականին, երբ որ քանակական վիճարկման արդյունքում ասացին` բայց էական ազդեցություն չի ունեցել: Հիմա որակը շատ էական նշանակություն ունի, իսկ որակը նաև այն ընտրական միջավայրն է, որը ձևավորվում է ընտրությունների շրջափուլում: Այս տեսակետից աննկարագրելի ու աննախադեպ այլանդակ իրավիճակ է եղել:
Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.