Ղարաբաղյան խնդիրն «արդեն կարգավորված է, և այստեղ քննարկելու թեմա չկա», այսօր Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարների գլխավորած պատվիրակության ընդունելիս հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը շեշտել է, թե Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո Բաքուն դրական պատասխան է ակնկալում Երևանից խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում:
«Չկա խաղաղության պայմանագիր, չկա խաղաղություն Հարավային Կովկասում», - հավելել է Իլհամ Ալիևը:
Հայաստանում հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ակտիվացել են քննարկումները եռակողմ համաձայնագրերի շուրջ: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն քննարկել է և՛ Ադրբեջանի նախագահի հետ, և՛ Հայաստանում արտահերթ ընտրություններում հաղթած Նիկոլ Փաշինյանի հետ:
Կայացել է նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Երեկ երեկոյան Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ: Հաղորդագրությունում նաև նշված է, թե դրական գնահատական է տրվել կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին:
Թուրքիայի նախագահը հանդես է եկել նաև ի պաշտպանություն Ռուսաստանի ջանքերին` ապահովելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբողջական իրականացումը:
Պուտինն ու Էրդողանը հաստատել են փոխհամաձայնությունը` շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում` տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման օգտին, ասված է հաղորդագրությունում: Բացի այդ, առաջնորդներն անդրադարձել են Սիրիայի կարգավորման հարցերին և կարևորել Իդլիբում և Սիրիայի հյուսիս-արևելքում լարվածության կանխմանն ուղղված Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականների համատեղ աշխատանքը:
Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցում նաև երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին` երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերսկսման և Թուրքիային «Սպուտնիկ Վ» կովիդի դեմ պատվաստանյութի մատակարարումների մեկնարկի համար:
Ինչ վերաբերում է եռակողմ համաձայնագրերին, որի կատարման երաշխավորն է Ռուսաստանը, ապա այս փուլում առանցքային է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որի շուրջ, սակայն, գոնե պաշտոնական հայտարարությունների համաձայն, Բաքվի և Երևանի մոտեցումները կտրուկ տարբերվում են։ Բաքուն խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, Երևանը՝ պարզապես նոր ճանապարհ և երկաթգիծ կառուցելու մասին: Որոշ առումով միասնական է Բաքվի և Երևանի մոտեցումն այս հարցում թերևս միայն նրանում, որ այդ ճանապարհների անվտանգությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ զորքերը։ Բաքվի դեպքում կարելի է ասել նաև ռուսական սահմանապահ զորքերը:
Այս քննարկումների դետալները հայտնի չեն։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի ղեկավարած եռակողմ աշխատանքային խմբում դադար էր։ Սակայն հունիսի 23-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտնել էր, որ Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը, որը պատասխանատու է տարածաշրջանի ապաշրջափակման համար, կվերսկսի իր գործունեությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո: «Մինչ այժմ խմբի հանդիպումների ժամանակ բավականին կառուցողական մոտեցում է եղել», - նշել Էր Ադրբեջանի փոխվարչապետը:
Իսկ ռուսական կողմը ներկայացնող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախօրեին նաև հայտարարել էր, թե եռակողմ խմբի անդամները մշտական կապի մեջ են։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը և Թուրքիան ուզում են հնարավորինս արագացնել գործընթացը, և առարկայական քննարկումները տրանսպորտային ուղիների կառուցման շուրջ Հայաստանում անցած կիրակի կայացած ընտրություններից հետո ակտիվացել են։ Համենայն դեպս, օրինակ, Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշված է, որ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են նախ և առաջ իրավիճակը Ղարաբաղի շուրջ։
Այսպես կոչված` Նախիջևանի կամ Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումների դետալների մասին պաշտոնական տեղեկություն չկա, ռուսաստանցի փորձագետների գնահատականով` Բաքվի, Անկարայի և Մոսկվայի մոտեցումների միջև կա շոշափելի տարաձայնություն։ Մոսկվան նաև ուրախ չէ, որ հետպատերազմյան շրջանում Թուրքիան այնքան է ամրապնդվել Հարավային Կովկասում, որ նույնիսկ խոսում է Ադրբեջանում թուրքական բազայի հնարավորության մասին։
Մոսկվայի մտահոգությունն էլ ավելի խորացավ վերջին շրջանում թուրք-ամերիկյան և թուրք-եվրոպական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու Անկարայի, Վաշինգտոնի և Բրյուսելի նոր հայտարարություններից հետո։
Հիշեցնենք` նախօրեին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե իր և ԱՄՆ նախագահի վերջերս կայացած հանդիպումից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում։
Թուրքիայի հետ հարաբերությունները խորացնելու մասին ասված է նաև 2021 թվականի հունիսի 24-ի Եվրամիության գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հռչակագրում։ Փաստաթղթում, մասնավորապես, նշված է, որ Եվրամիության առաջնորդները «տեխնիկական աշխատանքներ» են սկսել Թուրքիայի հետ Մաքսային միության թարմացման ուղղությամբ, և որ Բրյուսելը պատրաստ է Թուրքիայի հետ բարձր մակարդակով երկխոսության` միգրացիայի, առողջապահության, կլիմայի, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Ռուսաստան-Արևմուտք այսօրվա առճակատման ֆոնին` Թուրքիայի այս նոր մերձեցումը Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հետ չի կարող դուր գալ Մոսկվային, սակայն գործնական ինչ հետևանքներ կունենան այս տարաձայնությունները, օրինակ, այս տարածաշրջանում, դեռ հասկանալի չէ։
Մոսկվան համենայն դեպս գրեթե ամեն օր հայտարարում է, որ ամեն ինչ կանի Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրերի կետերն իրագործելու համար։ Բաքուն էլ ցանկացած առիթի դեպքում հիշեցնում է, որ ռուսական խաղաղապահները Ղարաբաղում են ադրբեջանական կողմի համաձայնությամբ։