Ռուսաստանի նախագահը հերթական անգամ այսօր հիշեցրել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգնեցրել է Մոսկվան:
«Ռուսաստանի վճռորոշ ավանդի շնորհիվ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - այսօր միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 9-րդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում ասել է Վլադիմիր Պուտինը:
«Ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքի ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար», - նշել Է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որ կրում է հարևան երկրների անվտանգության համար, և մտադիր է հետագայում ևս նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Պուտինի խոսքով՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, որին ակտիվորեն աջակցում է Ռուսաստանը, գլոբալ անվտանգության ապահովման կարևոր ասպեկտ է:
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ռուսական ռազմական օգնության շնորհիվ հաջողվել է ազատագրել Սիրիայի տարածքների մեծ մասը միջազգային ահաբեկիչներից և թույլ չտալ սիրիական պետության փլուզումը, իսկ Աստանայի ձևաչափի շրջանակներում քաղաքական-դիվանագիտական աշխատանքը Թուրքիայի և Իրանի հետ միասին թույլ է տվել սկսել սիրիական կարգավորման գործընթացը ՄԱԿ-ի հովանու ներքո:
Ղարաբաղի մասին այսօր խոսել է նաև Ռուսաստանի արտգործնախարարը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:
Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման համատեքստում:
Հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում, ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է կնքել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր և որ նման առաջարկ պաշտոնական Բաքուն պաշտոնական Երևանին արդեն արել է։