Մատչելիության հղումներ

Ալիևը և Էրդողանը ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը ստորագրել են երկու երկրների համագործակցության պայմանագիրը, Շուշի, 15 հունիսի, 2021թ.
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը ստորագրել են երկու երկրների համագործակցության պայմանագիրը, Շուշի, 15 հունիսի, 2021թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինեի ընկերակցությամբ, և պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ նախօրեին ուշ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Այսօր թուրքական պատվիրակությունն ավտոշարասյունով ուղևորվել է Ֆիզուլի, ճանապարհը մոտ 5 ժամ է տևել: Ֆիզուլիում հյուրերին դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և երկու երկրների ղեկավարները միասին մեկնել են Շուշի, որը նրանք անվանում են «Շուշա»:

Այդ քաղաքում ադրբեջանական կողմը զինվորական պատիվներով և պետական արարողակարգով է դիմավորել Էրդողանին, զինվորները շարքով են անցել, պատվո պահակախումբը կատարել է երկու երկրների պետական օրհներգները:

Նախօրեին Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո խոսել է ղարաբաղյան խնդրի մասին, ասելով, թե «արդարությունը Լեռնային Ղարաբաղում՝ թեպետ 30 տարվա ուշացումով, հաղթել է, այժմ բացվել են նոր դարաշրջանի դռները, թշնամությունը կփոխարինվի խաղաղությամբ»:

Շուշիում` քաղաքի վարչակազմի շենքում, Ալիևը և Էրդողանը նախ երկուսով են զրուցել, ապա քննարկումներին միացել են երկու երկրների պատվիրակությունները:

Բանակցություններից հետո նախագահները դուրս են եկել շենքից և մոտեցել են բացօթյա հարթակին, որտեղ նախատեսված էր թուրք-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը: Փաստաթուղթը կոչվում է «Շուշիի հռչակագիր»:

Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:

«Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը:

Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան: Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»:

Թուրքիայի նախագահը գովեստով է խոսել Ադրբեջանի հետ «եղբայրական հարաբերությունների» մասին:

Նա ասել է, թե նպատակահարմար է առաջ տանել «Վեցի պլատֆորմի» գաղափարը, որը ենթադրում է տարածաշրջանի վեց պետությունների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի համագործակցություն:

«Մենք ուզում ենք, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության տարածաշրջան»,- ասել է Էրդողանը, նշելով, որ նույն նպատակն է հետապնդում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Էրդողանը հայտնել է, որ մոտ ապագայում Թուրքիան հյուպատոսություն կբացի Շուշիում: Փաստաթղթի ստորագրումից հետո ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաները զբոսնել են Շուշիի թաղամասերով: Այդքանով Շուշիում նրանց ծրագիրն ավարտվել է:

Վաղը Բաքվում Էրդողանը նախ հանդիպելու է Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, ապա ելույթ կունենա խորհրդարանում:

Վաղը երեկոյան Էրդողանն Ալիևի հետ Բաքվի Օլիմպիական մարզադաշտում դիտելու է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի {կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ մեկ տարով հետաձգված} առաջնության Ա խմբի Թուրքիա-Ուելս հանդիպումը:

XS
SM
MD
LG