Մատչելիության հղումներ

Հունիսի 20-ի ընտրություններից հետո Ադրբեջանն անհամբեր սպասում է պայմանավորվածությունների իրագործմանը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ասուլիսը Կրեմլում կայացած եռակողմ հանդիպումից հետո, Մոսկվա, 11-ը հունվարի, 2021թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ասուլիսը Կրեմլում կայացած եռակողմ հանդիպումից հետո, Մոսկվա, 11-ը հունվարի, 2021թ.

Հայաստանում ավարտված արտահերթ ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն չորրորդ օրն է` խոսում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ որոշ դրույթների իրագործումը ժամանակից ետ է ընկել:

Թերևս հենց այդ նպատակով է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. համենայն դեպս, թե՛ Կրեմլի, թե՛ Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրություններում առաջին հերթին ա՛յդ թեման է հիշատակվում:
Նշվում է, մասնավորապես, որ Պուտինն ու Ալիևը դիտարկել են Հայաստանի վարչապետ հետ նոյեմբերի 9-ին և հունվարի11֊ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման «գործնական ասպեկտները»: Թե որոնք են դրանք` չի հստակեցվում: Այդուհետ նշվում է, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և վերահաստատել Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցությունն ամրապնդելու իրենց պատրաստակամությունը:

Ավելի վաղ` նույն օրվա ընթացքում, հեռախոսազրույց էր կայացել երկու երկրների արտգործնախարարների միջև, այս դեպքում ևս Լավրով֊Բայրամով զրույցի առացքային հարցը եռակողմ համաձայնությունների կատարումն է եղել: Ադրբեջանի պահանջը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ դրույթն է` տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին: Ըստ այդ կետի, Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև` այդ ճանապարհի հսկողությունը հանձնելով Ռուսաստանի Սահմանապահ ծառայությանը: Բացի այդ, նշվում է, որ կողմերի համաձայնությամբ ապահովվելու է Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարություն։

Պաշտոնական Բաքուն շարունակ պնդում է, թե խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, աբսուրդ է որակում Հայաստանի տարածքով միջանցք ստանալու` Ադրբեջանի նկրտումները:

Բուն քննարկումները` երեք երկրների փոխվարչապետերի մասնակցությամբ, մի քանի շաբաթ է` դադարեցված են: Հայկական կողմի պնդմամբ` սահմանային վերջին լարվածության պատճառով: «Քննարկումների համար համապատասխան մթնոլորտ է պետք», - շաբաթներ առաջ հայտարարել էր Հայաստանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այս իրավիճակում և սահմանում այս իրադրությունների պարագայում, ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Այդ իմաստով, վերջին շրջանում կոնտակտները ընդհատվել են այդ հարթակի մասով: Տեսնենք», - ասել էր Գրիգորյանը:

Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը, սակայն, չէր հստակեցրել` արդյոք Երևանը այս հարցը որպես նախապայման է դնում և հրաժարվում է բանակցություններից, մինչև սահմանը հատած ադրբեջանցի զինվորները ետ չգնան: Այս մասին որևէ հիշատակում չկա նաև Ադրբեջանի կամ Ռուսաստանի պաշտոնյաների խոսքում: Ճիշտ հակառակը, Կրեմլի հաղորդագրությամբ՝ երեկվա հեռախոսազրույցում Պուտինն ու Ալիևը հատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների շուրջ եռակողմ քննարկումների ակտիվացմանը:

«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Աշխատանքային խմբում Ադրբեջանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, իր հերթին, երեկ հայտարարել էր` Բաքուն հույս ունի, որ եռակողմ ձևաչափով քննարկումները կվերսկսվեն Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո:

Գրեթե նույն ձևակերպումն է երեկ տվել նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, երբ լրագրողները հետաքրքրվել են` ինչ է ակնկալում Ռուսաստանը Հայաստանից` Հարավային Կովկասում ստանձնած պարտավորությունների մասով:

«Հիմա Հայաստանի նոր ղեկավար կազմն է դեռ ձևավորվում` ըստ այդ երկրի օրենսդրության: Անհրաժեշտ է սպասել այդ գործընթացի ավարտին», - երեկվա ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:

Ադրբեջանի արտգործնախարարն արդեն հստակեցրել է` ինչ են ակնկալում Բաքվում Հայաստանի նոր կառավարությունից: «Կարծում ենք, որ այս գործընթացների արդյունքում Հայաստանի իշխանությունը ճիշտ ու իրական եզրակացություններ կանի և կըմբռնի, որ այս քաղաքական ճգնաժամի արմատները խորն են: Դրա պատճառը Հայաստանի կողմից միջազգային իրավունքի ոտնահարումն է և միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը ռազմական ճանապարհով», - ասել է Բայրամովը, հավելելով` Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` երկկողմ սահմանների և տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում:

Թուրքիայի կառավարամետ Daily Sabah պարբերականը երեկ գրել է` Թուրքիայի ղեկարությունը խոստանում է ակտիվացնել առևտուրը և բացել Հայաստանի հետ սահմանն ու ներառել Հայաստանը վեցակողմ ձևաչափում, եթե Երևանը խաղաղության պայմանագիր ստորագրի Բաքվի հետ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG