Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր հեռախոսազրույցում մի շարք հարցերի հետ միասին մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ:

Ռուսական կողմի հաղորդմամբ` դրական գնահատական է տրվել հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին: Ռեջեփ Էրդողանն, ըստ Կրեմլի մամուլի ծառայության, իր աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` ապահովելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբողջական կատարումը:

«Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, ներառյալ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահը, հիշեցնենք, այսօր հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետի հետ, շնորհավորել նրան ընտրությունների հաղթանակի կապակցությամբ, անդրադարձ էր եղել նաև եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:

Երեկ էլ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Իլհամ Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերին։

XS
SM
MD
LG