Ամերիկացի և ռուս դեսպանները վերադառնում են Վաշինգտոն և Մոսկվա, այս մասին քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում:
«Ես համարում եմ, որ հանդիպումը կոնստրուկտիվ էր, երկու կողմն էլ ցույց է տվել միմյանց հասկանալու ցանկություն», - նշել է Ռուսաստանի նախագահը:
Այս պահին ընթանում է Վլադիմիր Պուտինի ասուլիսը, որին պետք է հետևի նաև Ջո Բայդենի ասուլիսը:
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանակցությունները Ժնևի Villa La Grange դղյակում ավարտվել են քիչ առաջ, տևել են մոտ 4 ժամ: Հանդիպումը նախ նեղ շրջանակով էր, հետո նաև՝ ընդլայնված: Առանձին հանդիպում Պուտինն ու Բայդենը չեն ունեցել: Նեղ շրջանակով հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը սկսելիս Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին երկկողմ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնության համար, Բայդենն էլ ի պատասխան հայտարարել է, որ հույս ունի խոսել ինչպես պոտենցիալ համագործակցության ոլորտների, այնպես էլ տարաձայնությունների մասին:
Ռուս և ամերիկացի առաջնորդներն իրենց համար ավելի կարևոր այլ հարցերի շարքում, ամենայն հավանականությամբ, այսօր քննարկել են նաև ղարաբաղյան խնդիրը: Երեկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Ղարաբաղն ընդգրկված է տարածաշրջանային թեմաների ցուցակում, որոնք նախատեսում են քննարկել Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը:
Նախկինում Մոսկվան և Վաշինգտոնը հաճախ էին ասում, թե Ղարաբաղն այն եզակի հարցերից է, որի շուրջ ռուս և ամերիկյան մոտեցումները նույնն են: Այսօր իրավիճակը փոքր-ինչ այլ է, թեև Վաշինգտոնը հայտարարել է, որ ողջունում է անցած տարի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ համաձայնագիրը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա հակասությունները հասկանալու համար պետք է նստել և խոսել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ բանակցություններից առաջ: Նրա խոսքով՝ Մոսկվային զսպելու Վաշինգտոնի կոչերը չեն թեթևացնում մթնոլորտը երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ:
«Մենք բոլորս լսում ենք խոսքեր այն մասին, որ Մոսկվան ստիպված կլինի վճարել դրա համար, այս ամենն, իհարկե, չի թեթևացնում ընդհանուր մթնոլորտը, բայց նորից կրկնեմ՝ ամեն դեպքում խոսելու մտադրություն ունի երկու կողմը՝ և՛ նախագահ Պուտինը, և՛ նախագահ Բայդենը», - հայտարարել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցչի կարծիքով՝ հասկանալու համար, թե որքանով են երկու երկրների նախագահները տարակարծիք և որքանով են կրիտիկական Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակասությունները, պետք է նախ նստել և խոսել: Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ Ռուսաստանը ուշադրություն է դարձրել Ջո Բայդենի խոսքերին՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին: Պուտինն անհրաժեշտության դեպքում ինքն է նախանշելու իր դիրքորոշումն այդ թեմայի շուրջ, հստակեցրել է նրա մամուլի քարտուղարը:
Պուտինը նախօրեին հույս է հայտնել, որ գագաթնաժողովը դրական մթնոլորտում կանցնի, սակայն Վաշինգտոնի հետ հարաբերություններում բեկում պաշտոնական Մոսկվան չի ակնկալում:
Սա Բայդենի և Պուտինի առաջին հանդիպումն է Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Ե՛վ Վաշինգտոնը, և՛ Մոսկվան ռուս-ամերիկյան արդի հարաբերությունները որակում են որպես կրիտիկական:
Գագաթնաժողովն անցնում է երկու երկրների միջև լարվածության կտրուկ սրման ֆոնին. ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է նախագահական ընտրություններին միջամտելու մեջ և կիբերհարձակումների համար: Ռուսաստանն այդ մեղադրանքները անհիմն է համարում և հայտարարում, որ ԱՄՆ գործողությունները միջազգային ասպարեզում մեծացնում են անկայությունն աշխարհում:
Միջազգային մամուլն այսօր բուռն քննարկում է, թե արդյոք ԱՄՆ նախագահը գլխո՞վ է արել, այսպիսով, դրական պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ նա վստահո՞ւմ է Պուտինին: Սպիտակ տան ներկայացուցիչ Քեյթ Բեդինգֆիլդը նույնիսկ հատուկ հայտարարություն է տարածել, որում նշված է, թե Բայդենի այս ժեստն այլ բան է նշանակում՝ նա պարզապես ողջունել էր լրագրողներին: