Մատչելիության հղումներ

«Պուտինն արժանի մրցակից է», - ասում է Բայդենը


Շվեյցարիա - Villa La Grange դղյակում տեղի կունենա Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, Ժնև, հունիս, 2021թ.
Շվեյցարիա - Villa La Grange դղյակում տեղի կունենա Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, Ժնև, հունիս, 2021թ.

Այսօր Ժնևում «Լա Գրանժ» դղյակում պետք է հանդիպեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը:

Վերլուծաբանների համոզմամբ՝ հանդիպման արդյունքում երկու երկրների խիստ սրված հարաբերություններում չի գրանցվի ինչ-որ կարևոր առաջխաղացում, բայց դրական է բուն հանդիպման փաստը:

Բայդենը նախօրեին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, մինչ այդ շաբաթասկզբին Բրիտանիայում մասնակցել է «Մեծ յոթնյակի» հավաքին, ուստի Ժնև մեկնելուց առաջ դաշնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի վերաբերյալ միասնական քաղաքականության հարցը:

«Ես դաշնակիցներին ասել եմ, թե ինչ ուղերձ եմ փոխանցելու նախագահ Պուտինին: Նրան կասեմ, որ Ռուսաստանի հետ առճակատում չեմ փնտրում, բայց մենք կպատասխանենք, եթե Ռուսաստանը շարունակի վնասակար գործունեությունը: Եվ մենք չենք վարանի մեր տրանսատլանտյան դաշինքն ու մեր դեմոկրատական արժեքները պաշտպանելու հարցում», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Բայդենի փոխանցմամբ՝ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները և գործընկերները ողջունում են Պուտինի հետ հանդիպելու իր մտադրությունը:

«Այսօր խոսեցին աշխարհի բոլոր լիդերները որպես ՆԱՏՕ-ի անդամներ, և նրանց մեծ մասն ինձ շնորհակալություն է հայտնում Պուտինին հանդիպելու համար, յուրաքանչյուրն, ում հետ զրուցել եմ, ընդգծում է, որ հատկապես հիմա շատ կարևոր է այդ հանդիպումը», - ասել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը հարգանքով է արտահայտվել Պուտինի մասին: Նա հրաժարվել է մեկնաբանել հանդիպմանը պատրաստվելու թեման, ասելով, թե ինքը շատ երկար է քաղաքական ասպարեզում և գիտի, որ հանդիպումից առաջ մամուլի հետ չեն քննարկում բանակցությունների մարտավարությունը:

ԱՄՆ նախագահը նշել է, թե կասի Պուտինին, որ երկու երկրները որոշ բնագավառներում կարող են համագործակցել: Դրա համար հարկ է առանձնացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաները:

«Նա {Վլադիմիր Պուտինը} խելացի է, կոշտ է, ես կասեի, ինչպես սպորտում է ընդունված բնութագրել, որ նա արժանի մրցակից է», - հայտարարել է Ջո Բայդենը:

XS
SM
MD
LG