Հայաստանում արդեն մոտ 26 հազար քաղաքացի է պատվաստվել քովիդի դեմ

Հայաստանում արդեն մոտ 26 հազար քաղաքացի է պատվաստվել քովիդի դեմ, սա բնակչության շուրջ 0,9 տոկոսն է։ Ամենաշատը Հայաստանում պատվաստվել են AstraZeneca-ով, բրիտանա-շվեդական պատվաստանյութին հաջորդում է ռուսական Sputnik V-ին, իսկ վերջերս Հայաստան ներկրված չինական CoronaVac-ով դեռևս շուրջ 800 քաղաքացի է պատվաստվել:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ պատվաստումների քանակով առաջատարը Երևանն է, մարզերից՝ Գեղարքունիքը, Արմավիրն ու Շիրակը:

«Պատվաստումային գործընթացը, իհարկե, գնալով ակտիվանում է, բայց դեռ այն մակարդակի չէ, որ բարձր ընդգրկվածություն լինի, ունենք մարզեր, որտեղ շատ ավելի բարձր է ընդգրկվածությունը մարդկանց, ունենք մարզեր, որոնք դեռ թերանում են: Օրինակ՝ Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի մարզում, Երևան քաղաքում ընդգրկվածությունը բավականին բարձ էր: Մի քիչ պասիվությունը Արագածոտնի, Տավուշի մարզերում է, բայց ամեն օր ակտիվություն գնալով նկատվում է», - ասաց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Պիրիջիդա Սիմոնյանը:

Ըստ առողջապահության նախարարության՝ պատվաստման տեմպերով ամենապասիվ մարզերը Տավուշն ու Արագածոտն են, հետո հաջորդում են Վայոց Ձորն ու Սյունիքը: Սիսիանում ու Գորիսում պատվաստման ակտիվությունը գրեթե մոտ է, երկու համայնքների պոլիկլինիկաներում միասին շուրջ 200 քաղաքացի է պատվաստվել: Մեր նկարահանման պահին Սիսիանում պատվաստվող քաղաքացիները թիրախային խմբից էին:

«Ընդհանուր առմամբ քիչ ենք իրականացրել, բայց այս վերջին օրերին ակտիվացել է, ես կարծում եմ, մի քիչ էլ կապված էր Սիսիանում աղիքային վարակի հետ, և այս վերջին օրերին արդեն գալիս են պատվաստումների», - ասաց Սիսիանի ԲԿ-ի տնօրեն Անի Գրիգորյանը:

Գորիսի պոլիկլինիկայում մեր նկարահանման պահին ընդհանրապես պատվաստվողներ չկային, իսկ ավելի վաղ այստեղ քովիդի դեմ մեծամասամբ բուժաշխատողներն էին պատվաստվել:

«Առաջին մեծ շարժը նկատվել է բուժաշխատողների շրջանում, և ավելի շատ բուժաշխատողներն են սկսել պատվաստվել: Բուժաշխատողների այդ ակտիվությունը խոսում է նրա մասն, որ հոյակապ ըմբռնում են դրա խիստ անհրաժեշտությունը: Կոնկրետ մենք բոլորս եկել ենք, ստացել ենք պատվաստանյութը, և ես ուզում եմ անպայման տեղյակ պահել, որպեսզի թյուր կարծիքներ չստեղծվեն, այս պահի դրությամբ որևէ բարդություն մենք չենք ունեցել: Ունեցել ենք հետպատվաստումային որոշակի ռեակցիաներ, որ ընթացել է ջերմության ձևով, որոշակի ցավերով մկանների, որը տևում է ամենաշատը մեկ օր», - նշեց Գորիսի ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Լևոն Հարությունյանը:

Ըստ առողջապահության նախարարության, պատվաստման տեմպերն օրեցօր ավելանում են: Հատկապես երևանյան պատվաստումային շարժական կետերում հաճախ կարելի է հանդիպել մեծաթիվ օտարերկրացիների, այդուհանդերձ, ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Պիրիջիդա Սիմոնյանի, արտասահմանցիները վիճակագրության մեջ շատ փոքր թիվ են կազմում:

«Օտարերկրացիների խումբը, որոնք պատվաստում են ստանում, դա Հյուսիսային պողոտայում գտնվող շարժական կետում է: Եթե, օրինակ, օրական այնտեղ 80 մարդ է պատվաստվում, դրանց 5-8 տոկոսը կարող է լինեն օտարերկրացիներ, բայց միայն այդ կետում է, այլ տեղերում հիմնականում կարող են լինել դեսպանատան աշխատողներ, մնացածը մեր ազգաբնակչությունն է», - ընդգծեց Սիմոնյանը:

Հայաստանում այս պահին 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ օտարերկրացիների համար անվճար հասանելի են բրիտանա-շվեդական AstraZeneca-ն ու չինական CoronaVac-ը։ Իսկ ռուսական Sputnik V-ն այսօր կատարված փոփոխությամբ արդեն հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քրոնիկ հիվանդների, ինչպես նաև 18-ից 54 տարեկան բուժաշխատողների ու խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար։

Պատվաստումների ֆոնին համեմատաբար քիչ են վարակման նոր դեպքերը. անցած օրը Հայաստանում 181 կորոնավիրուսի դեպք է գրանցվել: Covid-19-ից ևս 15 քաղաքացի է մահացել: Մասնագետներն ասում են՝ մահերն ու ծանր դեպքերը հնարավոր է կանխել, եթե քաղաքացիները պատվաստվեն: