Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման միտումներ է ցույց տալիս


Կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման միտումներ է ցույց տալիս, այս մասին թե՛ մասնագետներն են խոսում, թե՛ թվերն են փաստում։

Մայիսի 17-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 67 նոր դեպք, առողջացել է 445 մարդ, մահացել՝ 10-ը: Վերջին օրերին էլ թվերը նվազել էին՝ հասնելով օրական մոտ 250-ի, այն դեպքում, երբ շաբաթներ առաջ Հայաստանում օրական դեպքերի թիվը անցնում էր 2000-ը։

Թվերի նվազման արդյունքում մարզային վերապրոֆիլավորված բուժկենտրոնները, որոնք բացվել էին քովիդով հիվանդներին սպասարկելու համար, փակվում են։ Այդպիսի 23 բուժկենտրոն էր գործում՝ 2600 մահճակալով, 13-ը մայրաքաղաքում, 10-ը՝ մարզերում։ Մարզերի 10 կենտրոններից 4-ը արդեն փակվել են, իսկ բուժօգնության կարիք ունեցող հիվանդները կտեղափոխվեն մոտակա մարզեր կամ մայրաքաղաք։

Համավարակի 4-րդ ալիքից խուսափելու, դրան հրաժեշտ տալու միակ ու հնարավոր տարբերակը շարունակում է մնալ պատվաստումը՝ չեն դադարում հիշեցնել մասնագետները։ Վերջին շրջանում պետական պաշտոնյաները, պատգամավորներն ու հանրային դեմքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ՝ հորդորելով մյուսներին նույն կերպ վարվել։ Մեկ ամսից քիչ ավելի է անցել այն օրից, ինչ Հայաստանում պատվաստումները հասանելի դարձան։ Սկզբնական շրջանում միայն թիրախային խմբերին, ավելի ուշ նաև բոլոր ցանկացողներին պատվաստվելու հնարավորություն տրվեց։

Հայաստանում այժմ կիրառվում է երեք տեսակի պատվաստանյութ. ռուսական Sputnik V-ն, բրիտանա-շվեդական AstraZeneca-ն և այսօրվանից նաև չինական CoronaVac-ը։ Վերջին 2-ը հասանելի են բոլոր ցանկացողներին, անկախ տարիքից, իսկ Sputnik-ը՝ 18-ից 54 տարեկան խոցելի խմբերի քաղաքացիներին։ Առաջին օրերի հետ համեմատ այսօր պատվաստվել ցանկացողների ակտիվություն կա, նկատում է թիվ 19 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը։

«Մոտավորապես 420 հոգու արդեն իսկ պատվաստել ենք, մեծ մասը AstraZeneca-ով», - ասաց պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Ռոբերտ Պետրոսյանը:

Թիվ 19 պոլիկլինիկայում բուժանձնակազմի մի մասն արդեն պատվաստվել է, մյուսները սպասում են պատվաստանյութի համապատասխան քանակներին. «Առաջին օրերին մարդիկ չէին գալիս, բայց վերջին երկու շաբաթը աժիոտաժ է մի տեսակ սկսվել, միջին օրականով մենք 30 AstraZeneca ենք անում միայն պոլիկլինիկայում, չեմ ասում, որ երկու շրջիկի ժամանակ 47 և մոտավորապես 9, թե 10-ն էլ արել ենք անցյալ անգամ: Երևանում սպառվում է շատ արագ, ստիպված են լինում կենտրոնում վերաբաշխումներ անել, մարզերից բերում են AstraZeneca-ն բաշխում են այն պոլիկլինիկաներին, որտեղ զգացվում է պակաս և կարիք ունեն: Երեկ չէ առաջին օրը մենք եղել ենք Հյուսիսային պողոտայում, մեր մոտ մնացորդ կար 20 դոզա, մենք 20 դոզան տարել ենք, բայց այնքան շատ էր պահանջարկը, որ ևս մեր ուրիշ պոլիկլինիկայից, մեր կոլեգաներից խնդրել ենք ևս 40 դոզա, որ տանեմ պատվաստեմ՝ հետ վերադարձի պայմանով»:

Որ շարժական կայանները ևս նպաստեցին պատվաստումների աշխուժացմանը, պարզ է դառնում նաև շրջիկ կայանների մոտ գոյացող հերթերից։ Հետաքրքրական է, որ հերթերում ավելի շատ սփյուռքահայերն են, քան տեղացիները։ Հերթերում սպասողների մեջ գերակշռում են իրանահայերն ու լիբանանահայերը։ Ասում են՝ իրենց երկրներում բոլորին չէ, որ վակցինան հասանելի է, եղածներն էլ շատ թանկ են։ Չգիտես ինչու, այս առավելությունը Հայաստանի քաղաքացիները դեռ չեն գնահատել։

Շարժական պատվաստումային կայանների թիվը միայն մայրաքաղաքում արդեն հասել է 9-ի, ևս 3-ը գործում է մարզերում։ Հայաստանում արդեն պատվաստվել է 19 հազար 249 քաղաքացի կամ բնակչության 0,66 տոկոսը, իսկ հանրային իմունիտետ ձևավորելու համար, ըստ մասնագետների, վակցինա պետք է ստանա բնակչության առնվազն 70 տոկոսը։

XS
SM
MD
LG