Մատչելիության հղումներ

Հայաստանը ևս փորձում է որդեգրել «պատվաստվիր ու մի կրիր դիմակ» քաղաքականությունը, բայց առայժմ միայն կարգախոսով


Ամերիկայի Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշակել է ուղեցույց, ըստ որի՝ պատվաստման երկու դեղաչափ ընդունելուց հետո ամերիկացիներն ազատվում են դիմակ կրելու և մարդաշատ վայրերում սոցիալական հեռավորություն պահելու պարտադրանքից։

Հայաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքով՝ Հայաստանը նույնպես փորձում է գնալ այդ ճանապարհով, բայց առայժմ միայն «պատվաստվիր ու մի կրիր դիմակ» կարգախոսն օգտագործելով զուտ որպես պատվաստումների ցուցանիշները բարելավելու մոտիվացիա։ ԱՄՆ-ում պատվաստվել է բնակչության 45 տոկոսը, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը դեռ մեկ տոկոսի էլ չի հասնում։

«Իրենք գոնե կեսը շեմը հատել են, դրանից հետո իրենց պետք էր մի հատ լրացուցիչ մոտիվացիա, որ ավելին ապահովեն և ամբողջ երկրի մակարդակով այսպիսի կարգավորում կարողանան ապահովել: Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մենք սա չենք կարող կիրառել: Գուցե մեզ համար հենց կարգախոսի ընտրությունը, որ առաջիկայում ժողովուրդը, եթե պատվաստվել եք, դուք կարող եք մոռանալ դիմակների մասին: Սա պարզապես ամեն մեկը պետք է որպես պարգև ընդունի, այսինքն` ես պատվաստվելով կարող եմ հետագայում այլևս դիմակ չկրել: Եթե գնանք այդ ուղղությամբ, այս պահին դեռևս կարգախոսն ենք ընդունել, բայց եթե գնում ենք արդեն համայնքի մակարդակով, ավելի շատ մարդիկ պետք է պատվաստված լինեն, որ այսպիսի կարգավորումներ մենք կարողանանք մտցնել», - ասում է Գայանե Սահակյանը:

Հայաստանն այժմ փորձում է թեև փոքրաթիվ, բայց Pfizer պատվաստանյութի պահպանման համար անհրաժեշտ սառնարանային շղթան ապահովել։ Հնարավոր է, որ արդեն հունիսին մասնավոր մի քանի բուժկենտրոններ ունենան վճարովի պատվաստանյութեր՝ օրինակ` ռուսական Sputnik V, գուցե նաև Pfizer: Իսկ առայժմ միջազգային COVAX հարթակն է պայմանագիր կնքել Moderna-ի հետ, և առաջիկա 3 ամիսների ընթացքում արդեն երկրներին կառաջարկվեն Moderna-ի դեղաչափեր՝ ըստ ռիսկի խմբերի, այդ թվում նաև Հայաստանին։ Իսկ ովքե՞ր կարող են պատվաստվել Moderna-ով, հարցրեցինք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենին: «2-3 ամիս հետո հաջորդ պատվաստանյութը գուցե լինի Moderna-ն, առաջարկվել է նաև Johnson&Johnson-ը, կտեսնենք: Դա կախված կլինի դեղաչափերից, թե ինչքան դեղաչափ Հայաստանը կստանա»:

Քովիդի դեմ պատվաստումների առումով աշխարհում առաջատարներն են Իսրայելը, Մեծ Բրիտանիան ու Արաբական Էմիրությունները, մեր տարածաշրջանում՝ Թուրքիան, Հայաստանը շարունակում է վերջին տեղում մնալ։ Ըստ Գայանե Սահակյանի՝ նախ պատվաստանյութը ուշ ներկրվեց երկիր։ Ասում է` «եթե չլիներ նախարարության համառ ջանքը, գուցե Հայաստանում միայն մայիսին մեկնարկեր պատվաստումը»։ Մյուս պատճառն, ըստ նրա, AstraZeneca-ի շուրջ ապատեղեկատվության տարածումն էր։ Սահակյանը հավելեց՝ AstraZeneca-ի մասին Եվրամիության վերջին հայտարարությունը մարդիկ սխալ էին հասկացել. «Եվրամիությունն ինքը դատական հայց էր սկսել AstraZenece-ի ընկերության դեմ, քանի որ իր պարտավորությունները չէր կատարարում մատակարարման առումով, բայց համացանցում ուժգին տարածվեց տեղեկատվություն` վատ դեպքեր են գրանցվել, մահեր են գրանցվել AstraZeneca-ից, այս պատվաստանյութը ահավոր պատվաստանյութ է, ինչո՞ւ Հայաստանը ներկրեց այս պատվաստանյութը, այն դեպքում, որ ուղղակի զարմանալի մի փաստ նշեմ, որ աշխարհում, ըստ դոզաների կիրառված, առաջին տեղը հենց AstraZeneca-ն է: Եվ գուցե սա է պատճառը, որ հենց ընկերությունը չի կարողանում իր պարտավորությունները կատարել: Ասեմ, որ մեր ուշ սկսելու պատճառը հենց նույն այդ պարտավորություն չկատարելն էր»:

Մինչ հայաստանցիները քննարկում են պատվաստվել -չպատվաստվելու հարցը, օտարերկրացիները խմբերով են պատվաստվում մայրաքաղաքում գործող պատվաստումային շարժական 6 կետերում։ Գործարար Աշոտ Փարսյանն ասաց՝ թայլանդցի իր 13 աշխատակիցներին տեղեկացրել է, որ կարող են անվճար պատվաստվել, նրանք էլ մի մարդու պես հասել են Հյուսիսային պողոտա ու հերթ կանգնել. «Երևանում են ապրում, աշխատում ու անհանգստացած են իրենց առողջության համար, իրենք առահասարակ միշտ էլ դիմակներով են: Իմացան հնարավորության մասին, ուզեցին, որ բոլորն անպայման պատվաստվեն»:

Հյուսիսային պողոտայի կայանում մեր նկարահանման պահին մեկ հայի հանդիպեցինք միայն. 56 տարեկան տղամարդն ասաց, որ իր ապահովության համար է որոշել պատվաստվել. «Ես որոշեցի, ապահովության համար»:

Հայաստանում այս պահին երեք պատվաստանյութ է հասանելի՝ չինական CoronaVac-ը, բրիտանաշվեդական AstraZeneca-ն ու ռուսական Sputnik V-ն։

Եթե պատվաստումների այս դանդաղ տեմպը պահպանվի, ապա ըստ ՀՎԿԱԿ փոխտնօրեն Գայանե Սահակյանի՝ կոլետկիվ կայուն իմունիտետի մասին անգամ 2022-ի վերջում չենք կարողանա խոսել։ Չնայած սրան՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպը դանդաղել է, այսօր օրինակ, 212 նոր դեպք է գրանցվել, 323 մարդ բուժվել է, ևս 13-ը` մահացել։ ՀՎԿԱԿ փոխտնօրենն ասում է՝ պետք է օգտագործել պահն ու արագ պատվաստվել, հակառակ դեպքում վիրուսի տարածման 4-րդ ալիքը կսկսվի։

XS
SM
MD
LG