Մատչելիության հղումներ

Փոփոխություններ են կատարվել Հայաստան մուտք գործելու ընթացակարգերում


Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան

Արդեն 2 օր է ուժի մեջ են մտել Հայաստանի տարածք մուտք գործելու ընթացակարգային փոփոխությունները։

Հայաստան մուտք գործելիս պարտադիր է ներկայացնել կորոնավիրուսի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ կամ հիվանդության դեմ ամբողջական պատվաստման հավաստագիր։ Ընդ որում՝ երկրորդ դեղաչափը պետըք է ներարկված լինի երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ։

Թեստի բացասական պատասխան չունեցող անձինք պետք է թեսթ հանձնեն օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսանան՝ մինչև բացասական արդյունքի ստացումը: Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 1 տարեկան երեխաների համար։

Ռուսաստանից Հայաստան ժամանած անձինք սերտիֆիկատը ներկայացնում են «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի միջոցով:

Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, այսօր Եվրամիությունը խոսել է սահմանները բացելու մասին, դրանք կբացվեն հաստատված պատվաստանյութով լիովին պատվաստված այցելուների կամ այն երկրների քաղաքացիների առաջ, որոնք կովիդի տեսակետից անվտանգ են համարվում։

Այդ երկրների ցանկը կհրապարակվի ուրբաթ օրը, կլինի Հայաստանը ցանկում, թե ոչ, դժվար է ասել։

Այս պահին համաճարակային իրավիճակը գնահատվում է ոչ միայն օրվա իրողություններով, այլ նաև պատվաստումների գործակցով, այսօր Գյումրիում լրագրողներին ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատարը․ - «Ներկայումս էլ քննարկվում է այդ կանաչ, կարմիր գոտիները դիտարկել պատվաստումային գործընթացի լույսի ներքո։ Եթե մենք էլ հնարավորինս արագ այս գործընթացը ավարտենք, ես հույս ունեմ, որ մշտական կանաչ գոտում կլինենք»։

Կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար, ըստ մասնագետների, պետք է պատվաստվի բնակչության 70 տոկոսից ավելին, մինչդեռ Հայաստանում գործընթացի մեկնարկից ի վեր պատվաստվել է 21 հազար 591 քաղաքացի կամ բնակչության 0,7 տոկոսը։

«Փաստացի կատարված ցուցանիշը քիչ է։ Մեզ համար դա գոհացուցիչ ցուցանիշ չէ։ Բայց տենդենցը միանշանակ դրական է։ Մենք տեսնում ենք, որ ամեն օր արված պատվաստումների քանակը նախորդ արվածներից շատ ավելի մեծ է», - նշեց Ավանեսյանը։

Հայաստանում վարակի երրորդ ալիքը թեև կայունացման միտում է ցույց տալիս, բայց ասել, որ հիվանդությւոնը հաղթահարված է կամ հաջորդ ալիքի վտանգը՝ բացառված, չենք կարող, նկատում է նախարարը։ Օրական հաստատված դրական դեպքերի թիվը 200-ից քիչ ավելի է, մայիսի 19-ին, օրինակ, գրանցվել է հիվանդության 229 նոր դեպք, առողջացել է 286 մարդ, մահացել է 11-ը։ Մինչդեռ շաբաթներ առաջ դրական դեպքերի թիվը անցնում էր 2000-ը․ - «Թվերի առումով նվազումը շատ լավ է, բայց դա որևէ առումով զգոնության վրա չպիտի անդրադառնա։ Ցավոք սրտի, քովիդը դեռ մնում է շատ խիստ անհանգստացնող հանգամանք ընդհանուր առմամբ․ և՛ առողջապահական առումով, և՛ տնտեսական, և՛ քաղաքական, նաև Հայաստանի սահմանների հետ կապված»։

Հայաստանի տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։ Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար հսկողության տակ են օդային ու ցամաքային բոլոր 7 սահմանային հսկիչ կետերը։ Հայաստանը իր ցամաքային սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար վերաբացեց այս հունվարից, օդային սահմանը վերաբացվել էր ավելի վաղ՝ անցած տարվա օգոստոսից։

Գրեթե մեկ տարվա դադարից հետո ամիսներ առաջ բացվեց սահմանը Ռուսաստանի Դաշնության հետ։ Հայաստանի քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան՝ քովիդ բացասական թեստի արդյունքներով։

Երկար դադարից հետո Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն նաև Վրաստան գնալու։ Քովիդի պատճառով Թբիլիսին, որի տնտեսության առանցքային ճյուղը զբոսաշրջությունն է, իր ցամաքային սահմանները փակել էր անցած տարվա մարտից։ Այս տարվա փետրվարից Վրաստանը սկսեց աստիճանաբար բացել օդային սահմանները մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար։ Վրաստան մուտք գործել կարելի է կրկին բացասական թեստի առկայության պարագայում։

Հայաստանի պարագայում Վրաստանի հետ ցամաքային սահմանի փակ լինելը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, քանի որ, օրինակ, դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա ու բազմաթիվ այլ երկրներ ու հակառակ ուղղությամբ ուղևորահոսքի մի զգալի մասը անցնում է Վրաստանով։ Վրաստանից ու Իրանից, ողջ ժամանակահատվածում բեռնափոխադրումներ իրականացվել են, սահմանը փակ է եղել քաղաքացիների համար։ Իրանի հետ սահմանը փակվել է նախորդ տարվա փետրվարի 25-ից։

XS
SM
MD
LG