Անահիտ Ավանեսյանն ու Տիգրան Ավինյանը պատվաստվեցին AstraZeneca-ով

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատվաստվում է AstraZeneca-ով

Առողջապահության նախարարի և փոխվարչապետի պաշտոնակատարներ Անահիտ Ավանեսյանն ու Տիգրան Ավինյանն այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստվեցին բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով։ AstraZenec-ով այսօր պատվաստվեց նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը։

Պաշտոնական տվյալներով՝ մինչև այս պահը Հայաստանում արդեն պատվաստվել է 2044 քաղաքացի, նրանցից 597-ն արդեն ստացել են անհրաժեշտ՝ երկրորդ դեղաչափը։

«Սեփական օրինակով ուզում էինք ցույց տալ, որ պատվաստումները կարևոր կանխարգելիչ միջոցառում են», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

«Մենք հատուկ ենք ընտրել AstraZeneca-ն, որովհետև երևի թե ամենաշատը հենց տվյալ պատվաստանյութի մասին են սուտ լուրերը տարածվում: Որքանով որ ինձ է հայտնի, մոտավորապես 200 միլիոն դեպքից վատ դեպքեր եղել են ընդամենը մի քանի տասնյակ: Որպեսզի համեմատական տանենք և հասկանանք` 200 միլիոն դեպքով եթե գնահատենք քովիդով վարակվելը, դա վախենալու մահվան ցուցանիշի կբերեր, եթե 2 տոկոսով հաշվենք, մոտ 4 միլիոն մարդու», - ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Առաջիկայում Հայաստանը նվեր կստանա չինական «Սինովակ» (Cinovak) ընկերության արտադրած Coronavak պատվաստանյութը՝ նախատեսված 50 հազար քաղաքացու համար, սա նույնպես 2 դեղաչափով օգտագործող պատվաստանյութ է։ Առողջապահության նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինչպես արդեն AstraZeneca-ի դեպքում է, 18 տարեկանից բարձր քաղաքացիներն ու ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները նույնպես կարող են ցանկացած պոլիկլինիկայում անվճար պատվաաստվել չինական Coronavak-ով։

Միջազգային COVAX հարթակի միջոցով Հայաստան կներկվի ևս մի քանի տեսակի պատվաստանյութ։

«Մենք ունենք առաջարկ Նովովաքս (Novovax) պատվաստանյութի, նախնական համաձայնությունը ունենք, բայց դրա մատակարարման ժամկետների, գնի մասով դեռ կոնկրետ պայմանագիր չունենք, որովհետև հայտնի չէ», - ասաց Ավանեսյանը:

Հայաստան ներկրված AstraZeneca-ի այս խմբաքանակի վերջնաժամկետը մինչև մայիսի 31-ն է, իսկ օրինակ՝ այսօր պատվաստված Ավանեսյանից ու Ավինյանից բացի, շատ այլ քաղաքացիներ դեռ պետք է իրենց պատվաստման երկրորդ դեղաչափը ստանան։ Պաշտոնյաները վստահեցրին՝ ամեն ինչ անելու են, որ հաջորդ խմբաքանակի ձեռքբերման հարցում խնդիրներ չառաջանան։

Ավանեսյանից հետաքրքրվեցինք` եթե նախկինում հայտարարել էր, որ AstraZeneca-ով պետք է պատվաստվեն բացառապես 55 տարեկանից բարձր խոցելի խմբի քաղաքացիները՝ հաշվի առնելով նաև թրոմբային խնդիրներ առաջացնելու ռիսկերը, ապա տարիքային շեմն այժմ փոփոխելու դեպքում այդ ռիսկերը չեզոքացա՞ն:

«Հաստատված պատճառահետևանքային դեռ վերջնական չկա, և աղմուկը և նման դեպքերի առկությունը գրեթե զրոյական է: Եվ նման ցուցումները շատ ավելի հայեցողական կամ ավելորդ զգուշության միտում ունեին, և եթե մեր հրամանում դիտարկեք, գրել էինք, որ ռիսկի խմբի ներկայացուցիչների համար պահպանում ենք այս ավելորդ զգուշության տարիքը` 55 տարեկանից բարձր, բայց նկատելով նաև, որ AstraZeneca-ով պատվաստում են շատ ու շատ երկրներում անկախ տարիքից և բոլոր խմբերին, մենք ևս հնարավորություն ստեղծեցինք, որ անձինք, ովքեր կամավորության հիմունքով համաձայն են, ուզում են, ևս հնարավորություն ունենան», - ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:

Լրագրողները հետաքրրքվեցին՝ իսկ գուցե պատվաստանյութի վերջնաժամկետո՞վ է պայմանավորված տարիքային շեմի փոփոխությունը: Անահիտ Ավանեսյանն արձագանքեց. «Թեզը գուցե տեղ գտներ, եթե հաջորդ խմբաքանակը չինականի նույն քաղաքականության շրջանակներում չլիներ: Անում ենք ամեն բան, որպեսզի պատվաստանյութը հասանելի լինի հնարավորինս լայն շերտով քաղաքացիներին»:

Հայաստանը նախատեսում է 1 միլիոն դեղաչափ ռուսական Sputnik V պատվաստանյութ ձեռք բերել։ Ըստ առողջապահության նախարարի պաշտոնակատարի՝ ՀՀ-ն արդեն ստացել է 21 հազար 500 հոգու համար նախատեսված խմբաքանակ։ Նոր խմբաքանակը հաջորդիվ կներմուծվի։

«Պայմանավորվածությունն ուժի մեջ է, և որոշակի գործընթացներ արդեն տեղի են ունենում: Բոլոր հնարավոր ուղղություններով այդ պատվաստանյութերը, որոնք որ մեզ մոտ արդեն իսկ հաստատված են, մենք բոլոր հնարավոր պատուհաններն օգտագործելու ենք և ֆինանսական միջոցները միանշանակ հատկացնելու ենք, որպեսզի ապահովենք լուրջ խմբաքանակ այս տարվա պատվաստումների համար», - ասաց Ավինյանը:

Մինչ այսօր Հայաստան է ներկրվել նաև 24 հազար դեղաչափ բրիտանա-շվեդական AstraZeneca՝ նախատեսված 12 հազար քաղաքացու համար։ Տարածաշրջանում պատվաստումների ակտիվության առումով Հայաստանը դեռ դանդաղում է՝ պատվաստվել է բնակչության 0.07 տոկոսը միայն։ Իսկ որպեսզի երկրում կայուն իմունիտետ ապահովվի, պետք է պատվաստվի բնակչության առնվազն 70 տոկոսը։ Sputnik-ով դեռ կշարունակվեն պատվաստվել միայն 18-ից 54 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները։ Բայց նրանք նույնպես արդեն կարող են պատվաստվել ցանկացած պոլիկլինիկայում։