Մատչելիության հղումներ

Հայաստանում քովիդից մահերի ցուցանիշը այս տարվա կտրվածքով ամենաբարձրն է


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 667-ով, մահացել է ևս 24 մարդ, սակայն սա այս ամսվա ամենաբարձ մահվան ցուցանիշը չէ, գարնանը սկսված քովիդի երրորդ ալիքի ընթացքում մեկ օրում մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են ապրիլի 7-ին, մահացել է 28 մարդ։

«Այս պահի դրությամբ մահաբերության ցուցանիշն իրոք բարձր է, նախկին մի քանի ամիսների ընթացքում 1,8-ից բարձրացել է արդեն 1,9, այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է: Հիմնականում պայմանավորված է ուշ դիմելիությամբ և տանն ինքնաբուժմամբ երկարատև զբաղվելու արդյունքում: Տարատեսակ դեղորայք օգտագործելու, մասնավորապես, հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառման արդյունքում պացիենտները բավականին ծանր վիճակով են ընդունվում բժշկական կազմակերպություններ, բնականաբար, արդեն ավելի դժվար է լինում ապահովել պատշաճ բժշկական բժշկական օգնությունը և սպասարկումը», - ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

COVID-19-ից մինչ օրս Հայաստանում մահացել է 3 հազար 919 մարդ, ևս 982 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով՝ ունենալով քովիդ։ Մեկ օրում մահվան ամենաշատ դեպքերը համավարակի մեկնարկից ի վեր եղել են աշնան ալիքի ժամանակ, պատերազմի ընթացքում, հոկտեմբերի 30-ին, ապա նոյեմբերի 13-ին, երբ մեկ օրում մահացել է 41 մարդ։

Առողջապահության ազգային ինստիտուտի անցյալ տարեվերջին կատարած հետազոտության համաձայն, մահացողների 56 տոկոսը տղամարդիկ են, 44 տոկոսը՝ կանայք։ Այս հետազոտության համաձայն՝ քովիդից մահացության ամենաբարձր ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է երևանում, այն անցյալ տարի կազմել է մոտ 119։

«Ընդհանուր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է աշխատում՝ ոչ միայն ռեանիմացիաները, այլ նաև բաժանմունքները, քանի որ հիմա կայուն վիճակ է, բայց բարձր թվերի վրա», - նշեց Աբովյանը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը բացատրում է, որ այս օրերին մահվան բարձր ցուցանիշները պայմանավորված են մի քանի շաբաթ առաջ արձանագրված հիվանդության դեպքերի մեծ թվով։

«Հիվանդացությանը զուգահեռ մահացությունը չի գնում, որովհետև, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում է այդպես, որ մահերը երկու շաբաթ անց են արձանագրվում: Այսինքն՝ հիվանդացությունը աճում է, որից երկու շաբաթ հետո արդեն մահրեն են երևում», - նշեց մասնագետը:

Ռոմելլա Աբովյանն ասում է՝ այս պահին Հայաստանում քովիդի նահանջի միտում դեռ չի նկատվում։ Իր փորձից նույնն է ասում նաև բժիշկ Սամվել Հայրումյանը. «Մինչև էս սենց պատկեր չէր, աշնանը մի շարք ավելի էր, գարնանն ավելի քիչ էր, հիմա նորից շատ է, բայց աշնան չափ, ինձ թվում է, չի հասնի»:

«Ազատության» հարցին՝ նվազման միտում նկատվո՞ւմ է, բժիշկը պատասխանեց. «Դեռ ոնց որ չէ, տենց միջին մնում է՝ ոչ աճում է հիմա շատ, ոչ էլ նվազում է»:

Աբովյանում գտնվող ընտանեկան բժշկության այս կենտրոնում անցյալ տարվա մայիսից ի վեր հասցրել են սպասարկել հազարավոր քովիդով հիվանդների։ Հայրումյանի խոսքով՝ այս ալիքի առանձնահատուկություններից են կրկնավարակի դեպքերը։ «Հիմա գարուն է ու էլի հիվանդացան, մի տարի անցել էր ու էն ժամանակ ավելի ծանր էին տանում, մի քանի դեպքեր ունեցել եմ, որ առաջին փուլի ժամանակ ծանր թոքաբորբով էին, դժվարությամբ բուժվեցին, այս փուլում իրանք որպես կանոն ավելի թեթև անցկացրեցին: Առանձնահատկություններից մյուսն էլ այն է, որ բժիշկներն ավելի պատրաստ են, ավելի քիչ է այդ պանիկան և դա օգնում է ավելի սթափ և ճշգրիտ որոշումներ կայացնել բուժման առումով», - նշեց Սամվել Հայրումյանը:

Վերջին շաբաթում բժիշկ Հայրումյանը իր հիվանդներից միայն մեկին են ուղարկել հիվանդանոց՝ ստացիոնար բուժման, մնացածը տանն են բուժվում, նրա խոսքով՝ ամենակարևորը ժամանակին բժշկի դիմելն է, նրա հետ շարունակ կապի մեջ լինելը, ցուցումներին հետևելն ու դեղորայքը՝ հատկապես հակաբիոտիկները չչարաշահելը։

Բժիշկը պատմում է՝ սփյուռքում աշխատող ու քովիդով զբաղվող հայտնի գործընկերներին անգամ նկատել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներին շատ են ուղարկում համակարգչային տոմոգրաֆիայի, ինչը հաճախ պարտադիր չէ ու հատկապես ոչ վճարունակ հիվանդների համար ֆինանսական բեռ է։

«Այս 1,5 տարվա մեջ երևի մի չորս հինգ հոգի են, որ KT են արել իմ հիվանդները, բայց ամբուլատոր պայմաններում մեր բուժումների մեջ մահեր չեն եղել», - ասաց նա:

Այս բժշկական կենտրոնում ևս պատվաստվել ցանկացողների հերթեր չկան, ինչը զարմացնում է բժշկին։ Այստեղ բացված «Աստրա Զենեկա»-ի առաջին սրվակով պատվաստվել է նաև բժշկի մայրը։

XS
SM
MD
LG