Հայաստանում մինչ այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 200 քաղաքացի։ Պատվաստման գործընթացը սկսվեց ապրիլի 13-ից՝ AstraZeneca-ով։ Այսօրվանից ռիսկային խմբերում ներառված քաղաքացիները հնարավորություն ունեն նաև Sputnik V-ով պատվաստվելու։ Այս պահին միայն այս երկու պատվաստանյութն է հասանելի, ընդ որում երկուսի համար էլ սահմանված են առանձին խմբեր։
AstraZeneca-ով կարող են պատվաստվել 55 տարեկանից բարձր բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, ինչպես նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները, իսկ Sputnik V-ով կարող են պատվաստվել նույն խմբի այն քաղաքացիները, ում տարիքը 18-ից 54 է։
Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենը ներկայացրեց իրենց պոլիկլինիկայում առկա իրավիճակը. «Պոլիկլինիկան ստացել է 570 դեղաչափ պատվաստանյութի, թիրախային խմբում բուժաշխատողներ, խրոնիկ հիվանդներ, 65 տարեկանից բարձր անձինք կազմում են մոտ 11 հազար հոգի, և մոտ 17-18 տոկոսին արդեն զանգահարվել է»:
Այս պոլիկլինկայում AstraZeneca-ով պատվաստվելու ցանկություն է հայտնել 12 մարդ, բայց ներկայացել են միայն 7-ը։ Պատվաստումների սենյակը մեր նկարահանման պահին դատարկ էր, ինչպես նախորդ 5 օրերին։
Հայաստան է ներկրվել 24 հազար դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ, որի պիտանելիության ժամկետը լրանում է մայիսի վերջին, այսինքն` մինչ այդ պատվաստանյութը պետք է սպառվի կամ ոչնչացվի։ Պատվաստանյութի մեկ սրվակը նախատեսված է 10 հոգի պատվաստելու համար, և սրվակը բացելուց հետո պետք է սպառվի 6 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում դրա կիրառությունը չի թույլատրվում։ Հաճախ նաև այս հանգամանքն է, որ դժվարացնում է պատվաստումների ընթացքը։ 10 քաղաքացի միաժամանակ պատվաստվելու ցանկություն պետք է հայտնի, որպեսզի սրվակը բացվի։
Չնայած աշխարհում այսօր պատվաստանյութերի դեֆիցիտ կա, Հայաստանում պատվաստվելու հնարավորությունից քաղաքացիները կարծես թե չեն շտապում օգտվել։
«Կմտածեմ, կմտածեմ, հրաժարվում են, հրաժարվում են: Գիտեք, պատճառաբանություն ինչի են հրաժարվում, որպես այդպիսին չեն նշում, և ես չեմ կարող ասել: Մարդիկ կան, որ ասում են` մի քանի հոգի թող ստանան, հետո կորոշենք, մարդ կա, ասում է` այս անգամ չեմ ուզում, բայց հաջորդ անգամ կպատվաստվեմ», - ասում է թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենը։
Sputnik V պատվաստանյութի բաշխման ցուցակներն արդեն կան, բայց պատվաստանյութը դեռ չեն ստացել։ Կստանան 1-2 օր հետո, բայց թիրախային խմբում գտնվողների ցուցակագրումն արդեն ընթացքի մեջ է. «Sputnik V-ով, իհարկե, ցանկացողների տոկոսային հարաբերությունը գերազանցում է»:
Sputnik V-ի ընտրությունը, ըստ Իմունիզացիայի ծառայության ղեկավար, մանկաբույժ Լիլիթ Մարությանի, պայմանավորված է AstraZeneca-ի շուրջ բարձրացված աղմուկով, թափանցիկությունը մեծ է, բարձրաձայնվում է յուրաքանչյուր բացասական ազդեցության մասին, ինչը վատ չէ։ Ամբողջ աշխարհում օգտագործվել է 200 մլն դեղաչափ, և գրանցվել են ընդամենը մի քանի տասնյակ կողմնակի ազդեցության դեպքեր։
Ինչ վերաբերում է պատվաստվողների փոքր թվին, ապա ըստ բժշկի, բնականոն հունի մեջ ընկնելու համար ժամանակ է պետք. «Ցանկացած նոր գործընթաց, մանավանդ եթե խոսքը վերաբերում է պատվաստումային գործընթացին, մանավանդ այդ պայմաններում, այս արագացրած տեմպերով ստեղծված պատվաստանյութային գործընթացին, սպասելի էր, որ ընթացքը պետք է լիներ այսպես: Սա, կարծում եմ, ժամանակավոր երևույթ է, և ավելի շատ իրազեկում է պետք մարդկանց, ավելի շատ ինֆորմացիա է պետք, ավելի շատ շփում է պետք բժիշկների հետ, որ իրենց բոլոր հարցերը, վախերը փարատեն և հասկանան, որ միակ տարբերակն ազատվելու այսօրվա այս իրավիճակից, այդ պանդեմիայից, իհարկե, պատվաստման գործընթացն է»։
Բրիտանա-շվեդական ընկերության կողմից ստեղծված AstraZeneca պատվաստանյութը այս պահի դրությամբ գործածվել է 129 երկրում, մինչդեռ Sputnik V-ն կիրառվել է ընդամենը 26 երկրում։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին 7500 քաղաքացու համար նախատեսված 15 հազար դեղաչափ Sputnik V պատվաստանյութ կա։ Ավելի վաղ առողջապահության նախարարը տեղեկացրել էր, որ կա պայմանավորվածություն բարձր մակարդակում Ռուսաստանից Sputnik V պատվաստանյութի ևս 1 միլիոն դեղաչափ ներկրելու, ինչի արդյունքում արդեն հնարավոր կլինի պատվաստել բնակչության մոտ 20 տոկոսին` 600 -700 հազար մարդու, իսկ սա բավարար է հանրային իմունիտետի ձևավորման համար։
Պատվաստումները խոցելի խմբերի համար անվճար են, սակայն մասնավոր ընկերությունները ևս գործընթացին մասնակցելու հայտ են ներկայացրել, և հնարավոր է քաղաքացիներին հասանելի դառնա նաև պատվաստվելու վճարովի տարբերակը։
Այսօր աշխարհում օգտագործվում է COVID-ի դեմ 6 տեսակի պատվաստանյութ: Ամբողջ աշխարհում պատվաստվել է մոտ 905 մլն մարդ։ Ամենաշատ պատվաստումներն արվել են ԱՄՆ-ում և Չինաստանում, որտեղ 40 մլն-ից ավելի մարդ է պատվաստվել, սակայն երկրի բնակչության հետ պատվաստումների քանակի հարաբերակցությամբ առաջին տեղում Իսրայելն է։