44-օրյա պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցած սիրիացի վարձկանները պնդում են՝ Ղարաբաղ մեկնելու դիմաց խոստացված գումարներն իրենք այդպես էլ չեն ստացել։ Այս մասին են գրում Սիրիայում տիրող կացությունը լուսաբանող աղբյուրները, այդ թվում՝ հետաքննող լրագրող, ամերիկուհի Լինդսի Սնելը։ Անցած շաբաթավերջին Սնելը Twitter-ի իր օգտահաշվում տեսանյութ է հրապարակել, որում ռազմական համազգեստով մոտ երկու տասնյակ տղամարդիկ են պատկերված։ Նրանք, ըստ լրագրողի, Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ կառույցներից մեկի՝ «Սուլթան Սուլեյման շահ» խմբավորման զինյալներն են։
«Մենք թուրքական պետության հետ միասին մարտնչել ենք Ղարաբաղում։ Մենք զոհեր ու վիրավորներ ունեինք։ Սակայն «Սուլթան Սուլեյման շահ» խմբավորման հրամանատար Աբու Ամշան ոտնահարել է մեր իրավունքները, գողացել է վիրավորների և զոհվածների [ընտանիքների] համար նախատեսված գումարները։ Մարդիկ այժմ սովամահ են լինում», - պնդում էր բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Լինդսի Սնելը հիշեցնում է, որ Ղարաբաղում զոհված սիրիացի զինյալների ընտանիքներին խոստացված փոխհատուցումների յուրացման մասին առաջին տեղեկություններն ի հայտ էին եկել դեռ ձմռանը։ Այդ մասին հայկական զորքերի հետ մարտական գործողությունների ընթացքում զոհված վարձկաններից մեկի քույրն էլ լրագրողուհուն պատմել էր դեռ հունվար ամսին։
«Իմ եղբայրը «Սուլթան Մուրադ» խմբավորման կազում, թուրքերի հետ, մեկնել էր Ադրբեջան։ Ադրբեջանում նա զոհվեց։ Դրանից հետո որևէ մեկը չեկավ մեզ տեսակցության, որևէ մեկը որևէ բան չվճարեց։ Նրանք պարզապես խաբեցին իմ եղբորը։ Նա Ադրբեջանում էր մնացել մոտ մեկ ամիս և զոհվել «Սուլթան Մուրադ» խմբավորման հրամանատարի հետ միասին։ Նրանք երկուսն էլ զոհվել էին Ջաբրայիլում։ Եղբորս հետ [Ղարաբաղում] կռվածները վերադարձել են, սակայն նրանցից շատերն այդպես էլ որևէ վարձատրություն չեն ստացել։ Գումարները տրվել են միայն հրամանատարների մերձավորներին և այն մարդկանց, որոնք այդ հրամանատարներին անձամբ էին ճանաչում», - Սնելի հետ զրույցում նշել է փախստականների ճամբարներից մեկում գտնվող այս կինը։
Հանգստյան օրերին թուրքամետ խմբավորումները շտապեցին հերքել այս տեղեկությունները։ «Սուլթան Սուլեյման շահ» խմբավորումը հանդես եկավ առանձին հայտարարությամբ՝ պնդելով, թե Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոն» իրավապաշտպան կառույցը բեմադրել է բողոքի գործողությունները՝ «կեղծ մեղադրանքներ» հնչեցնելու համար 200 դոլար վճարելով տեսանյութում պատկերված տղամարդկանցից մեկին։
Սիրիական խմբավորման հրամանատարությունն այդքանով չսահմանափակվեց։ Կիրակի օրը զինյալների կողմից քննադատված Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը նոր տեսանյութ հրապարակեց, որում պատկերված էին նախորդ տեսագրության հերոսներից մի քանիսը։ Ցեխով պատված դաշտում, աթոռների վրա նստած և փոքր-ինչ շփոթված զինյալները հերքում էին դրանից երկու օր առաջ իրենց իսկ հնչեցրած պնդումները՝ խոստովանելով անգամ, թե դաշտային հրամանատար Աբու Ամշային զրպարտելու համար գումար են ստացել Սիրիայի կառավարական բանակի նախկին գեներալ, հետագայում ընդդիմության կողմն անցած և Թուրքիայի հետ բավական բարդ հարաբերություններ ունեցող Ահմադ Ռահալից։
Տարածված տեսանյությում զինյալները նաև պնդում էին, որ իրենք երբեք Լեռնային Ղարաբաղում չեն եղել, իսկ առաջին տեսագրության մեջ երևացող վիրավոր զինյալներից մեկը այս մի տեսանյութում պնդում է, թե իր ոտքը վնասվել է ոչ թե հայերի հետ մարտերի, այլ ավտովթարի հետևանքով։
Հիշեցնենք՝ ամերիկուհի հետաքննող լրագրող Լինդսի Սնելն առաջին մարդն էր, որ պատերազմի բռնկումից բառացիորեն մի քանի օր առաջ հայտնեց սիրիացի զինյալների՝ Թուրքիայի տարածքով Ադրբեջան վերատեղակայման մասին՝ հրապարակելով նաև նրանց՝ օդանավում արված լուսանկարը։ Հետաքննող լրագրողի հայթայթած փաստերը հետագայում հաստատեցին նաև արևմտյան մի շարք ղեկավարներ և ռուսական հատուկ ծառայությունները։ Զինյալների թեմայով սեփական հետաքննությունն անցկացրեցին նաև մի շարք հեղինակավոր արևմտյան լրատվամիջոցներ՝ մասնավորաբար BBC-ն։
Բրիտանական հեռուստաընկերությունը պատերազմի ավարտից մոտ մեկ ամիս անց պնդում էր, որ Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում հարյուրավոր սիրիացի զինյալներ են զոհվել, մոտ 500 հոգի էլ պատերազմի առաջին իսկ օրերին հրաժարվել է մասնակցել մարտական գործողություններին՝ պահանջելով իրենց հետ ուղարկել Սիրիա։ Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի հաշվարկներով էլ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերի ընթացքում ընդհանուր առմամբ 541 սիրիացի զինյալ է զոհվել։ «Դա ավելին է, քան Լիբիայում ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքում սիրիացիների կրած կորուստները», - արձանագրում են սիրիացի իրավապաշտպանները։