Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը լայնորեն անդրադառնում է Արցախում չդադարող ռազմական գործողություններին


Ամերիաբնակ հայերի ցույցը Լոս Անջելեսում
Ամերիաբնակ հայերի ցույցը Լոս Անջելեսում

Նոր մանրամասներ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում սիրիացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ

Միջազգային լրատվամիջոցները մեջբերում են հետաքննող լրագրող Լինդսի Սնելիի հերթական գրառումը, որում նա նոր մանրամասներ է պատմում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ։ Հակամարտությունների և մարդասիրական ճգնաժամերի լուսաբանման ոլորտում մասնագիտացած լրագրողը թվիթերյան իր գրառման մեջ նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերը Սիրիայից բերված վարձկաններին օգտագործում են որպես կենդանի վահան։

«Ադրբեջանական բանակն այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում, նրանք սիրիացիներից 200 մետր հեռավորության վրա էին», - Ադրբեջանից վերջերս վերադարձած վարձկանի խոսքերն է մեջբերել լրագրողը՝ կից ներկայացնելով սիրիացու հետ հարցազրույցի ձայնագրությունը:

Սնելիի փոխանցմամբ, Սիրիայից ժամանած և Ադրբեջանի բանակում կռվող գրոհայինները սկսել են զոհվել պատերազմի հենց առաջին օրը։

«Ամեն օր 5-10 հոգի, նույնիսկ ավելի։ Մի մարտում դիպուկահարների պատճառով կորցրինք 28-ին, նրանք լավ պատրաստված են», - լրագրողին պատմել է վարձկանը և հավելել, որ սիրիացի գրոհայինները սարսափած են հայ դիպուկահարներից։

«Ես և իմ զարմիկները կռվել ենք նաև Սիրիայի պատերազմի ամբողջ ընթացքում, բայց նման բան չենք տեսել: Այս մարտերից մեկում 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց 8 հոգու «Սուլթան Մուրադ» խմբից և 2 հոգու «Համզաից»: Դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին մենք ֆիլմերում ենք տեսել», - լրագրողին պատմել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ռազմական գործողությունների արդեն նախկին մասնակից սիրիացի զինյալը ։

Ամերիկացի ռազմական փորձագետ․ ԱԹՍ-ներից առավել արդյունավետ են հակատանկային ականները

Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմում ադրբեջանական բանակի կողմից անօդաչու թռչող սարքերի լայն կիրառումը ռազմական փորձագետների շրջանում բուռն քննարկումներ է հարուցել ժամանակակից պատերազմներում հրետանու խոցելիության հարցի շուրջ։ Ամերկյան Foreign policy-ն հերքում է այդ տեսակետը։ Թերթի ռազմական հարցերով մեկնաբանը նշում է, որ դատելով հակամարտող կողմերի հաղորդագրություններից, ԱԹՍ-ներից ավելի արդյունավետ են հակատանկային ականները։ Հոդվածի հեղինակ Ռոբերտ Բեյթմանը, ով ամերիկյան բանակի նախկին սպա է, կարծում է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունները հիմք չեն տալիս պնդելու, որ հրետանին այլևս պիտանի չէ ժամանակակից պատերազմներում:

«Մարտի դաշտում հաջողության երեք գրավականները՝ պատրաստվածությունը, տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելն ու մարտավարությունն են», - գրում է Բեյթմանը։

Լայնորեն գովազդվող պնդումը զրահատեխնիկայի նկատմամբ անօդաչութ թռչող սարքերի առավելության մասին, ըստ մասնագետի, իրականությանը չի համապատասխանում․ - «Իհարկե դրոնները նույնպես հարվածներ են հասցնում հակառակորդին, սակայն չարժե ենթադրել, որ զրահատեխնիկայի ոչնչացումը բացառապես անօդաչու թռչող սարքերի ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ է իրականացվում»։

Թուրք լրագրող Ադրբեջանի հարձակումը Թուրքիայի նեոօսմանյան զավթողական ձգտումների մի մասն է

Թուրք լրագրող Ուզայ Բուլութը Modern Diplomacy պարբերականում «Ժամանակն է, որպեսիզի աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը» վերտառությամբ հոդվածում գրում է․ - «Ադրբեջանը Արցախը թիրախավորել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ»։ Լրագրողը մեջբերել է Էնդողանի հոկտեմբերի 6-ին արած հայտարարությունը․ - «Մենք Ադրբեջանին աջակցում ենք մինչև հաղթանակ։ Ես իմ ադրբեջանցի եղբայրներին ասում եմ՝ թող օրհնյալ լինի ձեր գազվան»։

«Գազվան» իսլամում նշանակում է պայքար կամ արշավանք ոչ մուսուլմանների վրա՝ մուսուլմանական տարածքների ընդլայնման նպատակով և կամ ոչ մուսուլմանների հավատափոխությունը մահմեդականության։ Այսպիսով, Էրդողանը բացահայտ հայտարարել է, որ Հայաստանի տարածքի վրա հարձակումները ջիհադ են։

«Ավելին՝ հայերի վրա, Ադրբեջանից և Թուրքիայից բացի, հարձակվում են նաև սիրիացի ջիհադիստներ», - գրում է թուրք լրագրողը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի վրա Ադրբեջանի շարունակվող հարձակումը Թուրքիայի նեոօսմանյան զավթողական ձգտումների մի մասն է:

Հրեական պետությունը զենք է վաճառում մի ռեժիմի, որն այն օգտագործում է քրիստոնյաներին սպանելու համար

National interest-ում Մայքլ Ռուբինը ծավալուն հոդվածում գրել է Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակից Իսրայելի ջերմ հարաբերությունների մասին Վաշինգտոնի մրցակիցների հետ՝ փաստելով, որ Նահանգներում այդ հանգամանքի վրա աչք են փակում: Հոդվածում հեղինակը անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին։

«Իսրայելը կորցնում է բարոյական առավելությունն իր այն փաստարկներում, որ պետությունները չպետք է զենք վաճառեն Իրանի ռեժիմին, ինչը կարող է ցեղասպանության հանգեցնել», - գրում է վերլուծաբանը՝ հավելելով․ - «Մինչդեռ հրեական պետությունը զենք է վաճառում մի ռեժիմի, որն այն օգտագործում է քրիստոնյաներին սպանելու համար»։

Ֆրանսիացի պատգամավորները իշխանություններից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ֆրանսիական Le Figaro-ն հայտնում է, որ նախօրեին շուրջ երկու տասնյակ ֆրանսիացի պատգամավորներ դիմել են երկրի իշխանություններին՝ պահանջելով «անհապաղ սկսել Արցախի Հանրապետության ճանաչման և տեղի իշխանությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը՝ հակամարտության վերջնական կարգավորման համար»։

Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հավանությանն արժանացած բանաձևը, որի բովանդակությանը ծանոթացել է լրատվամիջոցը, նշում է, որ պատգամավորները փաստաթղթում հաստատել են «հայ ազգաբնակչության բնաջնջմանն սպառնացող, ադրբեջանական ցանկացած վարչական միավորից դուրս, Լեռնային Ղարաբաղի լիիրավ ինքնիշխանությունն ապահովելու բացարձակ անհրաժեշտությունը»։

CBS հեռուստաընկերությունը պաշտոնանկ է արել հայերին վիրավորած երկու աշխատակիցներին

Լոս Անջելեսում տպագրվող ամերիկահայ «Ասպարեզ» թերթը հրապարակել է ամերիկյան ազդեցիկ CBS հեռուստաընկերության՝ Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին հղած նամակը, որով լրատվամիջոցը ներողություն է հայցում դիվանագետից և հայ համայնքից իր աշխատակիցների կողմից հայերի հասցեին հնչեցրած ատելության խոսքի համար։ CBS-ը այդ աշխատակիցներին հեռացրել է աշխատանքից։

Աղմկահարույց պատմության հերոսները անցյալ շաբաթ հեռուստաընկերութունից արդարացի լուսաբանման պահանջով հայ համայնքի ցուցի ժամանակ ցուցարարների ուղղությամբ բղավել էին ասելով՝ «Հուսով եմ, դուք կմեռնեք և ձեր երկիրը կպայթի»։

«Վստահ եղեք, որ նրանց վարքագիծը չի համընկնում մեր ընկերության արժեքների հետ, և մենք խստորեն դատապարտում ենք նրանց լեզուն», - հյուպատոսին հղած նամակում գրել է ամերիկյան հեռուստաընկերութան ղեկավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG