Մատչելիության հղումներ

Սիրիացի վարձկանները շարունակում են վկայություններ տալ ղարաբաղյան պատերազմին մասնակցելու մասին


Ղարաբաղյան պատերազմին մասնակցած սիրիացի 4 վարձկաններ BBC-ին պատմել են, թե ինչպես են իրենց բարձր աշխատավարձ խոստանալով տեղափոխել Ադրբեջան և իսկույն նետել առաջնագիծ։ Նրանք խնդրել են չհրապարակել իրենց ճիշտ անունները, որովհետև վախենում են, որ անգամ պատերազմից հետո կենթարկվեն հետապնդումների։

Սիրիայի հյուսիսում թրքամետ ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում հավաքագրումը սկսվել է դեռ անցած օգոստոսին։ Ջիհադիստ գորհայիններից բացի հավաքագրվել են փողի կարիք ունեցող շարքային քաղաքացիներ։

Նրանցից մեկի պատմելով՝ ընկերներից լսել է, որ լավ աշխատանքի առաջարկ կա՝ Ադրբեջանում պետք է սահմանակետում հերթապահեն, հսկեն սահմանը, որի համար ամսական երկու հազար դոլար են խոստանում։ Սիրիայի հյուսիսային շրջաններում ապրող մարդկանց համար, որոնք օրական կարողանում են մեկ դոլարից քիչ ավելին վաստակել, խոստացված աշխատավարձը շատ հրապուրիչ էր։ «Դա մեծ երջանկություն կլիներ մեզ համար», - ասել է վարձկաններից մեկը, ում կեղծ անունը նշվում է Քութայբա։

Հավաքագրումը կատարվել է Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակի կողմից, BBC-ի զրուցակիցները նշել են, որ առաջարկվող աշխատանքի համար նրանց են դիմել։

Մոտավորապես 1500-2000 մարդ է գրանցվել ու Թուրքիայի տարածքով, թուրքական ռազմա-տրանսպորտային օդանավերով տեղափոխվել են Ադրբեջան։ Համայից նախկին ուսանողը պատմել է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմում միացել է Սիրիական ազգային բանակին, բայց աղքատ էին ապրում և դիմել էր Ադրբեջան գնալու համար։ Իրենց տարել են Թուրքիա ու Գազիանթեփից ռազմա-տրանսպորտային օդանավերով տեղափոխել են Բաքու, բայց խոստացած աշխատանքը նրանք չեն տեսել։ Զինվորական փորձ չունեցող մարդկանց հավաքագրել որպես պատերազմի «թնդանոթի միս» ու Ադրբեջանում իսկույն տարել են առաջնագիծ ու հրամայել են կռվել։

«Ես հույս չունեի, որ ողջ կմնամ, դա մեկ տոկոսի շանս էր թվում, մեր շուրջ մահ է», - ասել է Քութայբան։

Իսմայիլի պատմելով՝ առաջին մարտական գործողությանը մասնակցել է Ադրբեջան հասնելու հաջորդ օրը։

«Ինձ և մոտավորապես 30 հոգու ուղարկեցին առաջնագիծ: Մենք 50 մետր էինք անցել, երբ մեր կողքին հրթիռ պայթեց։ Ես իսկույն պառկեցի գետնին։ Կրակը առանց դադարի շարունակվում էր մոտավորապես 50 րոպե։ Այդ րոպեներն ինձ տարիներ թվացին, ու ես փոշմանեցի, որ եկել եմ Ադրբեջան», - նշել է Սիրիացի վարձկանը։

Նրանք տեղանքին ծանոթ չէին, ենթադրվում է, որ սիրիացի վարձկաններին Ադրբեջանում մարտի են նետել հարավային ուղղությամբ, որտեղ կողմերը տվել են ամենաշատ զոհերը։

«Մենք չգիտեինք ինչ անել, ինչպես արձագանքել, ես մեռնող մարդիկ եմ տեսել, տեսել եմ սարսափած, փախչող մարդկանց։ Նրանք որևէ պատկերացում չունեին՝ ուր են ընկել, որովհետև հիմնականում քաղաքացիական մարդիկ էին», - ասել է Սամիրը, պնդելով, որ ինքն ու իր ընկերների մեծ մասը զինվորական որևէ փորձառություն կամ վարժանքներ չեն ունեցել։

Իսմայիլը պատմել է, որ ամենածանր պահն ապրել է, երբ վիրավորվել էր իր ընկերը։ «Նա ինձանից 20 մետր էր հեռու, երբ պայթեց ականը։ Ես տեսա, թե նա ինչպես ընկավ։ Նա կանչում էր ինձ, բղավում, բայց նրա ընկած տեղը հայերի կրակի տեսդաշտում էր։ Ես չկարողացա նրան օգնել, ի վերջո նա այնտեղ մահացավ», - ասել է Իսմայիլը, ով հետո վիրավորվել էր ու տեղափոխվել հիվանդանոց։

Մեկ այլ սիրիացի պատմել է, թե կրակի տակ ինչպես է կաթվածահար նստել. «Ես պարզապես նստել էին գետնեին ու լաց էի լինում, վիրավորված ընկերներս ևս սկսեցին լաց լինել։ Բեկորը խփեց մեկի գլխին, նա տեղում մահացավ։ Ամեն օր այդ տեսարանը աչքից առաջ է, ես չգիտեմ՝ ինչպես փրկվեցի այդ պատերազմում»։

Ղարաբաղյան պատերազմում զոհված վարձկանների ստույգ թվեր հայտի չեն, սակայն Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական կենտրոն»-ի տվյալներով Ղարաբաղում ավելի քան 500 սիրիացի վարձկան է զոհվել։

Թուրքիան ու Ադրբեջանը շարունակաբար հերքում են, թե ղարաբաղյան պատերազմում սիրիացի վարձկաններ են օգտագործվել, բայց դա ապացուցող բազմաթիվ փաստեր կան, վարձկանների վկայություններից մինչև տեսանյութեր, լուսանկարներ, հետախուզական ծառայությունների տվյալներ։

Վաշինգտոնում գործող «Գլոբալ քաղաքականության կենտրոնի» աշխատակից Էլիզաբեթ Ցուրկովը առաջիններից մեկն էր հայտնաբերել, որ Սիրիայի հյուսիսից վարձկաններ են տեղափոխվում Ադրբեջան։ Նա զրուցել է պատերազմին մասնակցած տասնյակ սիրիացիների հետ։ Ցուրկովն ասել է, որ վարձկանների թվում շարքային, հասարակ մարդիկ օգտագործվել են որպես թնդանոթի միս։ «Նրանք շատ աղաք էին ու իրենց համար բարձր վարձատրության դիմաց կարող էին ռիսկի տակ դնել կյանքը։ Նրանք էժան են», - ասել է Ցուրկովը՝ հավելելով, - «նրանց կարող էին առաջնագիծ ուղարկել առանց նախապատրաստելու։ Մարդկանց կարող են Կալաշնիկով տալ, ասել՝ գնացեք գրավեք այն բլուրը, գնացեք գրավեք այն անտառները»։

Պատերազմի հենց առաջին օրերին հարյուրավոր վարձկաններ հրաժարվել են կռվել, վայր են դրել զենքը, այդ թվում՝ BBC-ի զրուցակիցներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG