Իլհամ Ալիևը կրկին հերքում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտական գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավման մասին տեղեկությունները։
«Մեզ վարձկաններ պետք չեն, մենք լավ սպառազինված 100-հազարանոց բանակ ունենք», - հայտարարել է Ալիևը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։
Անդրադառնալով պատերազմի ողջ ընթացքում Թուրքիայի կողմից Բաքվին ցուցաբերվող աջակցությանը՝ Ադրբեջանի նախագահն ասել է. - «Ցանկանում եմ ընդգծել, որ [Թուրքիայի նախագահի] աջակցությունը բացառապես բարոյական է և քաղաքական»։
Իտալական պարբերականի լրագրողի հետ զրույցում Ալիևը մեկ անգամ ևս պնդել է, թե Բաքուն կարող է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ուժային մեթոդներով։
«Մենք մշտապես բանակցությունների պատրաստակամություն ենք արտահայտել, սակայն պատրաստ ենք այս հարցը լուծել նաև զենքը ձեռքին, ինչը և այժմ իրականացվում է։ Մեր գրավյալ տարածքները ազատագրելու համար որևէ թույլտվություն պետք չէ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։