Հիվանդանոցում բուժվելու իրենց հերթին սպասող հիվանդներ կան, վերակենդանացման բաժանմունքներում էլ ազատ մահճակալ չկա 

Անցնող մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 801 նոր դեպք, մահացել է 24 մարդ։ Եթե նախորդ օրերին ամբողջովին և մասնակի վերապրոֆիլավորված 10 հիվանդանոց էր ընդունում քովիդով հիվանդների, ապա այսօր այդ դրանք 14-ն են։

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանից տեղեկացանք, որ հիվանդանոցներում փաստացի բուժվող 11 հազար 602 քաղաքացիներից 730-ը գտնվում են ծանր վիճակում, 165-ը՝ ծայրահեղ ծանր։ Նրանցից 60-ն արհեստական թթվածնային սարքի միջոցով են շնչում։ Վերակենդանացման բաժանմունքներում այլևս ազատ մահճակալ չկա։

«Այս պահի դրությամբ զբաղված են ստոմատիկ մահճակալներից շուրջ 1530-ը, վերակենդանացման ծավալված մահճակալները գրեթե բոլորը զբաղված են, այսինքն` այսօրվա դրությամբ այնքանն, ինչքանը ծավալված է, զբաղված է վերակենդացման մահճակալների առումով», - ասաց նա:

Քովիդով հիվանդների ընդունող՝ ամբողջովին և մասնակի վերապրոֆիլավորված հիվանդանոցներ են գործում Երևանում, Գյումրիում, Մարտունիում, Սպիտակում և Կապանում։ Նախարարության պաշտոնյայի խոսքով՝ մյուս մարզերում նույնպես կվերաբացվեն այդպիսի կենտրոններ։ Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետի խոսքով՝ կրկին վերադառնում են այն վիճակին, որ արդեն տանը սպասող հիվանդներ կան. «Այսօրվա դրությամբ, օրինակ, պայմանական մեր տրիաժ կենտրոնն ընդունել է երեկվանից այսօր մինչև առավոտյան ինը շուրջ 270 դեպք, որոնք ունեին հոսպիտալացման ցուցումներ, և առավոտվա դրությամբ դեռևս 22 պացիենտ սպասում էր հոսպիտալացմանը, բայց նաև այստեղ տարանջատման խնդիր կա` պացինտներ, ովքեր գտնվում են տանը, նրանք շուրջ 10 պացիենտ էին այդ ժամի դրությամբ (ժամը 9-ի դրությամբ), բայց նաև ունեինք պացիենտներ, որոնք ունեին հաստատված ախտորոշում և գտնվում էին հիվանդանոցային պայմաններում, բայց ոչ քովիդ կլինիկաներում և նորից սպասում են տեղափոխմանը քովիդ վերապրոֆիլավորված կլինիկաներ, ևս 12 նման պացիենտ ունեինք առավոտ 9-ի դրությամբ»:

Ընդհանուր առմամբ, մինչև այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 185 հազար 20 դեպք, որոնցից 169 հազար 172-ը առողջացել են, 3 հազար 384-ը` մահացել։ Եթե գումարենք քովիդով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը, ապա մահվան դեպքերն անցնում են 4 հազար 200-ից։

Չնայած մասնագետները պնդում են, որ համաճարակային վիճակը մնում է լարված, առողջապահության նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն երեկ «Ազատության» տաղավարում ասաց, որ ամենայն հավանականությամբ կառավարությունը լոքդաունի չի գնա։ Անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին, ամիսներ շարունակ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, դրանց հաջորդած իշխանության բազմամարդ հանրահավաքներին` Թորոսյանն ասաց՝ պետք է պահպանել անվտանգության կանոնները, նաև ընդունեց, որ վերահսկողությունը թույլ է։ «Ազատության» դիտարկմանը, որ եթե վերահսկողությունն ուժեղ լիներ, ապա հենց Դուք և վարչապետը կտուգանվեիք հանրահավաքին դիմակ չդնելու համար, ասաց` ընդունում է իր սխալն ու ներողություն խնդրում. «Եթե նույնիսկ ինչ-որ մի մի պահ դիմակով չեմ եղել, ներողություն եմ խնդրում դրա համար, պետք է լինեի դիմակով, ընդունում եմ քննադատությունը և նորից կոչ եմ անում բոլորին կրել դիմակ` անկախ հանգամանքներից»:

Հակահամաճարակային կանոնների պահպանման խնդիրն առավել լուրջ է հասարակական տրանսպորտում, իսկ ավտոբուսներում ու միկրոավտոբուսներիում ուս-ուսի նստած ու կանգնած ուղևորներից քչերն են դիմակներ կրում։ Նախատեսված տեղերը սպառելուց հետո վարորդներն, այդուհանդերձ, նոր ուղևորների համար շարունակում են կանգնել կանգառներում և այլն։ Շատ քչերն են դիմակ դնում նաև փողոցում։ Իսկ հարցին` ինչու դիմակ չեն դնում, ասում են. «Ճիշտն ասած` շնչառական խնդիր ունեմ»:

«Փողոցում քայլելուց չեմ դնում, մենակ ինչ-որ հաստատություններ մտնելուց առաջ»:

Ավելի վաղ քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինները հայտարարել էին, որ ճանապարհային ոստիկանության հետ մեկտեղ հանրային տրանսպորտում խախտումներ արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն թե՛ ուղևորները և թե՛ տնտեսավարողները։ Այսօր կանգառներում չհանդիպեցինք տեսչական նշված մարմիններից որևէ մեկին։ Օրինակ՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացանք, որ տարեսկզբից մինչև այսօր տնտեսվարողներին արվել է ընդամենը 30 նախազգուշացում, տուգանքներ դեռ չկան, դրանք լինում են, եթե խախտումը կրկնվում է։

Ոստիկանությունից էլ «Ազատությանը» փոխանցեցին՝ վերջին շրջանում որպես կանխարգելիչ աշխատանք կիրառում են զգուշացումը։ Դիմակ չդնող քաղաքացիներին նախկինում ակտիվ տուգանող ոստիկանությունն առայժմ չի տուգանում։