Մատչելիության հղումներ

Այս պահին քարոզարշավը վիրուսի տարածման առումով վտանգավոր ու ռիսկային է, ահազանգում են փորձագետները


Սպասվող նախընտրական քարոզարշավը կորոնավիրուսի դեպքերի աճին է նպաստելու։ Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ այս պահին քարոզարշավը վիրուսի տարածման առումով ռիսկային է։

«Հատկապես եթե խոսք է գնում, օրինակ, տրանսպորտով մարդկանց մի տեղից մյուս տեղ տեղափոխել, մեծ թվով մարդկանց մասին է խոսքը, որովհետև փակ և սահմանափակ տարածքներում վիրուսը շատ արագ է տարածվում: Այսպիսով, նման վտանգներ կան, ավելին` կա վտանգ, եթե տարբեր տեղեր ցույցեր են կազմակերպվում անընդհատ, այստեղ էլ կա ռիսկ», - ասում է նա:

Իշխող կուսակցությունից չեն ժխտում վտանգի առկայությունը, բայց ավելի կարևոր են համարում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշում է. «Այո, կա նման խնդիր, բայց գոյություն ունեն պրիարիտետներ, գոյություն ունեն հարցեր, որոնք կարող է շատ ավելի կարևոր են, քան ձեր նշած խնդիրը, և մենք պետք է ընտրություն կատարենք, թե իրավիճակից ինչ լուծում գտնենք: Եվ ես կարծում եմ, որ ընտրությունը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, պետք է զգույշ լինենք, բնական է»:

Թեև նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի սկսվել, զգուշավորություն կոչ անող իշխանության ներկայացուցիչներն այս օրերին ակտիվ հանդիպումներ են ունենում բնակիչների հետ, հրապարակներում ծավալուն ելույթներ ունենում, հավաքված քաղաքացիների մեծ մասը դիմակներով չեն, իշխող թիմի անդամներից ոմանք՝ ևս, չի պահպանվում նաև սոցիալական հեռավորությունը։

Փորձագետի խոսքով՝ մարզերում վարակն ավելի քիչ է տարածված, բայց քարոզարշավի պատճառվ պատկերը կարող է փոխվել. «Երևանում իմունիզացված բնակչության տոկոսն ավելի մեծ է, քան մարզերում: Եթե մարզերում շատ ավելի ակտիվ լինեն հանդիպումներ և այլն, այդտեղ էլ վարակի տարածման ռիսկեր կան, մանավանդ Երևանից բերելու, չնայած պետք է հաշվի առնել նաև այն, որ վարակի տարածման միակ աղբյուրը չէ, իհարկե, քարոզարշավը, այլ նաև օրինակ` ուսուցումը, տրանսպորտը, և այն, որ Հայաստանում այլևս դրա վրա շատ մեծ ուշադրություն չի դարձվում»:

Նախընտրական քարոզարշավը վարակի տարածման ևս մեկ գործոն է, ասում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը: Հավելում է` համավարակի դեմ պայքարի մոտեցումներից մեկն էլ զանգվածային միջոցառումներից հնարավորինս խուսափելն է. «Կարելի է խորհուրդ տալ մարդկանց և զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին, որ հնարավորինս հետևեն պարզագույն, արդեն տրիվիալ դարձած կանոններին, այսինքն` օրինակ, վատառողջ լինելու դեպքում չմասնակցել այդ միջոցառումներին, մասնակցելուց հետևել ռեսպերատոր էթիկետին, պարզ ասած` չհազալ, չփռշտալ կողքի մարդկանց վրա, եթե անհրաժեշտ է, կրել դիմակ, հետևել ձեռքերի հիգիենային»:

Մասնագետը նկատում է նաև` Հայաստանում բնակչության շրջանում զանգվածային պատվաստումներն արդեն պետք է մեկնարկած լինեին, ինչը կարող էր որոշ չափով մեղմել իրավիճակը. «Իրոք եթե մենք կարողանայինք դա մեկնարկել մեր այլ հարևանների հետ զուգահեռ, մենք արդեն կունենայինք բնակչության զգալի տոկոս, որը պատվաստվել է: Հարևաններ ունենք, որ իրենց բնակչության 3, 7-8 տոկոսն արդեն պատվաստնել է, և այդ թիվը դինամիկ աճում է, իսկ ինչքան շատ պատվաստված մարդ ունենք, այսինքն` իմունիզացված մարդ կորոնայի դեմ, այդքան հավանականությունը տարածելու կրճատվում է»:

Մինչ մասնագետները մտահոգություններ են հնչեցնում, կորոնավիրուսով վարակակիրների թիվն օր օրի ավելանում է։ Մի շարք երկրներ խստացնում են սահմանափակումները, Հայաստանում, սակայն, դեռևս չի քննարկվում նոր լոք դաունի հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Առողջապահության նախարարությունը հայտարարում է՝ Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հակահամաճարարակային կանոնների չպահպանման հետևանքով առաջիկա օրերին նախարարությունը կանխատեսում է հիվանդության մոտ 6 հազար 820 նոր դեպք։ Վարակակիրների թվի աճին զուգահեռ ավելանում են նաև մահվան դեպքերը, օրինակ՝ նախօրեին 12 մարդ է մահացել, ևս 3-ը, ըստ Առողջապահության նախարարության, մահացել են այլ հիվանդության պատճառով։

Առողջապահության նախարարն ընդգծում է. «Դե ինչպե՞ս կարող է նվազել մահերի թիվը, եթե դեպքերի ավելացում ունենք»։

Հայաստանում քովիդից ու քովիդով վարակված, բայց այլ պատճառով մահացածների ընդհանուր թիվն անցնում է 4 հազարը։ Գրեթե 12 հազար մարդ այս պահին վիրուսից դեռ բուժում է ստանում։ Քովիդով վարակված 152 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է, շուրջ 788-ն էլ ծանր վիճակում են։ Վիրուսի տարածմանը զուգահեռ Առողջապահության նախարարությունն ավելացնում է մահճակալային ֆոնդը։ Այս պահին կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում է 14 բժշկական կենտրոն, դրանցից 5-ը` մարզային:

XS
SM
MD
LG