Մատչելիության հղումներ

«Ամենայն հավանականության չենք գնա լոքդաունի». Արսեն Թորոսյան


«Ամենայն հավանականության չենք գնա լոքդաունի», - «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում, անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին, հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

«Մենք անցյալ տարվա մայիսից որոշեցինք, որ տնտեսությանն ավելի շատ վնաս չտալու և բնականոն կյանքին վերադառնալու նպատակով ապրում ենք կորոնավիրուսի հետ: Նրա հետ ապրելով մեկտեղ փորձում ենք դրա դեմ պայքարել: Ինչ վերաբերում է այսօր իրականացվող միջոցառումներին, ապա չեմ մերժի այդ պնդումը, որ, այո, հնարավոր է՝ վերահսկող միջոցառումներն այդքան էլ ուժեղ չեն, բայց ուզում եմ շեշտել, որ այստեղ կարևոր է մեր բոլորի պատասխանատվության զգացողության չափը ու չկա մի ընտանիք Հայաստանի Հանրապետությունում, որ չի զգացել կորոնավիրուսի բեռը, հետևաբար նորից կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները», - ասաց Թորոսյանը:

Դիտարկմանը, որ փորձագետները նշում են, թե կորոնավիրուսի տարածման վտանգ կա հատկապես, երբ այս փուլում ընտրություններ են լինելու, վարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքեց. «Քանի որ մեք խնդիր ունենք այլ իրավունքների և պարտականությունների իրագործման, այդ թվում՝ ընտրություններ, աշխատանքի գալ, մեր այլ իրավունքներ, ազատ հավաքներ, կարծում եմ, պետք է շարունակել հետևել այդ սկզբունքին, քովիդի հետ ապրելու և մեր մնացած ֆունկցիաները կատարելու՝ պաշտպանելով հակահամաճարակային կանոնները՝ ի հակառակ մյուս տեսակետի, որ պետք է ամեն ինչ փակել և ոչ մի բան չանել, որպեսզի քովիդը չտարածվի»:

«Զինված ուժերը պետք է լինեն ապաքաղաքական»

Արսեն Թորոսյանն անդրադառնալով Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի և ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ հարցին, նշեց, որ Զինված ուժերը պետք է լինեն ապաքաղաքական, հետևաբար չի կարող խոսք լինել իշխանությունների դեմ գնալու և դրա հիման վրա պատժվելու մասին. «Այլ խոսք կարող է գնալ Սահմանադրության մեջ գրված սկզբունքները պահելու կամ չպահելու մասին»:

«Ես չեմ պատկերացնում որևէ այլ քաղաքական իշխանություն, որը կարող էր վարվել այլ կերպ, քան այդ սկզբունքը վերադարձնելն էր, որովհետև սկզբունքը խախտվել էր: Դա չանելու դեպքում և այն խաթարված պահելու դեպքում և այդ պահանջները կատարելու դեպքում, մենք ունենալու էինք մեծ ռիսկ նման պրոցեսները ապագայում կրկնելու տարբեր իշխանությունների ժամանակ», - նշեց Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, մարտի 10-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նշենք՝ Գասպարյանը դատարանում վիճարկում էր իր պաշտոնանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: Վարչապետն այսօր ավելի վաղ հայտարարեց, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին:

«Դիպուկահարներ միշտ և բոլոր իշխանությունների ժամանակ տարբեր միջոցառումների եղել են»

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, թե ինչո՞վ է բացատրում Ազգային ժողովի շենքի մոտակայքում նռնակների, դիպուկահարների առակայությունը, Թորոսյանը պատասխանեց. «Դա մի ֆոտոյի պատմություն է, որտեղ լուսային նռնակների մասին էր խոսքը, երբ որ կային հայտարարություններ բռնությունների մարդկանց կողմից, որոնք ոտնահարում են ժողովրդավարական արժեքները, և մենք պետք է պաշտպանենք այդ արժեքները: Դիպուկահարներ միշտ և բոլոր իշխանությունների ժամանակ տարբեր միջոցառումների ժամանակ եղել են և պարզապես առիթ չի եղել իրենց գտնելու: Դա անվտանգության միջոցառում է»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց՝ կարևորն այն է, որ այս ընթացքում իշխանությունները բռնություն չեն կիրառել, հակառակը՝ զուսպ են եղել «միգուցե նույնիսկ ավելի քան պետք էր»:

Դիտարկմանը, որ իրավապաշտպանները ասում են, թե դա ուժի ցուցադրում է, Թորոսյանն արձագանքեց. «Դա մեր պետության համար կարևորագույն ինստիտուտներից մեկի պաշտպանության համար է արվել»:

Թե ե՞րբ կբացվի Բաղրամյան պողոտան, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Հուսով եմ մոտ օրերս, առնվազն վերջնական չճշտված նման տեղեկատվություն ես ունեմ, և դրանից հետո քաղաքացիները կկարողանան տեղաշարժվել Երևանի ցանկացած փողոցով»:

Անդրադառնալով օգտատերից մեկի դիտարկմանը, որ իշխանության կողմից ստորագրված է կապիտուլյացիոն պայմանագիր, Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Կարող եմ հակառակ մեկնաբանությունն անել, որ ստորագրված է առնվազն այն հատվածի Արցախի փրկելու փաստաթուղթ, որը հնարավոր է եղել փրկել, և հետևաբար այդ մեկնաբանությունները տեղին չեմ համարում»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG