Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է անում` հետաքննել հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Միջազգային հեղինակավոր կառույցն այսօր հրապարակած ծավալուն զեկույցում փաստում է, որ հայ ռազմագերիներն ադրբեջանական ուժերի կողմից ենթարկվել են « խոշտանգումների, դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»։
Կառույցի մասնագետներն իրենց զեկույցը կազմելիս հիմնվել են գերությունից վերադարձած անձանց վկայությունների, համացանցում առկա տասնյակ տեսանյութերի վրա։
Նյու Յորքում տեղակայված կազմակերպությունը այդ զեկույցում Ալիևի վարչակազմին կոչ է անում՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրել բոլոր նրանց վերաբերյալ, որոնց վերջին անգամ տեսել են Ադրբեջանում՝ կալանքի տակ։
«Հայ զինվորների նկատմամբ կոշտ վերաբերմունքն, այդ թվում՝ խոշտանգումները զարհուրելի և պատերազմական հանցագործություն է»,- հայտարարել է HRW-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը։
Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ արձակվեց և Բեյրութ վերադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։
Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը՝ նրանցից 54-ը Խծաբերդի պահեստազորայիններն են, ևս 16 հոգի՝ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք։
Մանրամասները տե՛ս այստեղ