Մատչելիության հղումներ

Հայ գերիների հարցը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի օրակարգ է մտնում


Հայ գերիների հարցը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի օրակարգ է մտնում, այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրում տեղեկություն Բաքվի բանտերում պահվող հայ գերիների մասին։

«Այն դեպքում, երբ որ դատարանի որոշումները` միջանկյալ միջոց կիրառելու այդ հայտնի որոշումները պարբերաբար չեն կատարվում կամ խախտվում են պատասխանող պետության կողմից, իսկ այս դեպքում դա Ադրբեջանն է, դատարանը ունի հայեցողություն` որոշելու դիմել այդ հարցով կամ ծանուցել այդ մասին, այդ չկատարման փաստի մասին տեղեկացնել նախարարների կոմիտեին, որպեսզի վերջինս վերահսկողություն իրականացնի կամ տա առնվազն իր գնահատականը Ադրբեջանի կողմից այդ որոշումները չկատարելու փաստի վերաբերյալ», - ասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի քաղաքական որոշումներ կայացնող մարմինը՝ նախարարների կոմիտեն ունի լծակներ` ազդելու Ադրբեջանի վրա, սակայն պարզ չէ, թե կոմիտեն ինչ ճանապարհ կընտրի՝ պատժամիջոց, դատապարտող հայտարարություն, հանձնարարական. «Դատելով նրանից, որ ըստ էության, կոմիտեն իր բնույթով ունի այդ քաղաքական տարրն իր մեջ, հնարավոր են նաև ավելի խիստ միջոցներ»:

Հայկական կողմը 249 դիմում է ներկայացրել Ստրասբուրգի դատարան, ըստ Լիպարիտ Դրմեյանի՝ ունեն փաստեր, որ այդքան հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան Ադրբեջանում, սակայն այդ երկիրը մինչև այժմ 119 անձի վերաբերյալ որևէ տեղեկություն չի տալիս, 71 հոգու վերաբերյալ ներկայացրել են հաստատում, որ նրանք գերեվարված են, սակայն նրանց վերադարձնելու հարցով որևէ շարժ չկա: Ավելին՝ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները պարբերաբար կրկնում են, որ իրենք գերիներ չունեն, ունեն եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված դիվերսանտներ։

Նախարարների կոմիտեի որոշումը կարո՞ղ է գերիների հարցը հանել փակուղուց, Դրմեյանն ասում է. «Ճիշտ քաղաքականության և ճիշտ մոտեցման դեպքում կարող ենք ունենալ արդյունքներ նախարարների կոմիտեի համապատասխան որոշումների տեսքով»:

Ի դեպ, Ադրբեջանն էլ իր կողմից է Հայաստանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման դիմումներ ուղարկել դատարան, սակայն, ըստ Լիպարիտ Դրմեյանի, դրանցից որևէ մեկը դատարանը չի բավարարել. «Հայաստանի Հանրապետությունը պատշաճ տեղեկատվություն է տրամադրել նրանց գտնվելու մասին, առողջական վիճակի մասին, ինչ պայմաններում են պահվում, և դատարանն անհրաժեշտ չի համարել Հայաստանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց»:

Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հույս ունի՝ նախարարների կոմիտեն իր որոշմամբ կստիպի Ադրբեջանի իշխանություններին իրենց վարքագիծը համապատասխանեցնել Եվրախորհրդի չափանիշներին. «Նախարարների կոմիտեն ունի լայն գործիքակազմ, ներազդող սանկցիաները, որոնք էապես կարող են վնասել պետության քաղաքական էլիտայի շահերը, պետության տնտեսական բարեկեցությունը և ստիպել քայլեր ձեռնարկել»:

Փաստաբան Սահակյանն Ադրբեջանի մերժողական դիրքավորման այս փուլում իրատեսական չի համարում գերիների նոր խմբի վերադարձ: Նա նաև անարդյունավետ է գնահատում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափը, քանի որ ասում է՝ որևէ տեղաշարժ չկա:

Վերջին անգամ հայ գերիների վերաբերյալ տեղեկություն Ադրբեջանը տրամադրել է մեկ ամիս առաջ: Հայկական կողմի տվյալով` Բաքվում պահվող գերիների շարքում նաև կանայք կան` նոյեմբերի 10-ին ամուսնու հետ Գիշի գյուղի իր տուն վերադարձող 76 տարեկան Էլզա Սարգսյանը և սեփական տնից այդպես էլ չհեռացած ու ըստ ականատեսների՝ գերեվարված մայր ու աղջիկ՝ Վարյա ու Անահիտ Թունյանները՝ Հադրութի շրջանի Պլեթանց գյուղի 28 բնակիչներից երկուսը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG