Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը սուտ է որակել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությունը, թե Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր ռազմագերիներին փոխանցել է հայկական կողմին:
«Սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը՝ գերեվարված ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո», - ըստ Հայաստանի արտգործնախարարության ասել է Նաղդալյանը։
Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը զբաղվում է այս հարցով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակներում, ասել է ԱԳՆ խոսնակը՝ հավելելով՝ դատարանը վերջերս որոշում է կայացրել այս առնչությամբ ծանուցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկատվություն։
Նաղդալյանի փոխանցմամբ, ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ միջանկյալ միջոցների չկատարումը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման։
ԱԳՆ խոսնակը հավելել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց, և նմանօրինակ հայտարարություններով ադրբեջանական կողմը վկայում է, որ միտումնավոր կերպով չի կատարում այդ եռակողմ հայտարարությունը:
«Հայ գերիներին պատանդի կարգավիճակում շարունակական պահելը խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացմանը», - եզրափակել է Նաղդալյանը։
Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում տարածաշրջան այցելած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն հայ ռազմագերին ազատ արձակման հարցն է բարձրացրել: Ջեյհուն Բայրամովը կրկնել է պնդումը, որն ավելի վաղ հնչեցրել էր Ադրբեջանի նախագահը` օտարերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ. - «Գերիներն արդեն վերադարձվել են, մյուսների վրա եռակողմ համաձայնությունը չի տարածվում»:
Նշենք, որ հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ արձակվեց և Բեյրութ վերադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։
Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 54-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»: