Մատչելիության հղումներ

Նազելի Բաղդասարյանը շեշտում է՝ գերիների հարցով շարունակելու են գործակցել միջազգային բոլոր կառույցների հետ


ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյան, արխիվ
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյան, արխիվ

Human Rights Watch-ը իր հերթական անդրադարձն է կատարել հայ գերիների վերաբերյալ, Ֆեյսբուքում գրում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ տեղադրելով հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հրապարակման հղումը։

Human Rights Watch-ը մարտի 12-ի այդ հրապարակման մեջ փաստագրել է մի քանի դեպք, երբ ադրբեջանական զինված ուժերը բռնություն են գործադրել՝ գերեվարելու քաղաքացիական անձանց, նրանց ենթարկել են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, իսկ երկուսին սպանել են։

«Դեռևս փետրվարի սկզբին HRW-ի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի գծով տնօրենին՝ Հյու Վիլյամսոնին, ուղղված նամակում շեշտադրել եմ, որ հետպատերազմական շրջանում Ադրբեջանի կողմից կոպտորեն ոտնահարվում են այն անձանց իրավունքները, որոնք գտնվում են գերեվարվածի կարգավիճակում։

Մասնավորապես, քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձի անհարկի ձգձգումները լրջագույն խախտում են և չեն համապատասխանում Ժնևի կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար դրույթներին։ Միջազգային բոլոր մանդատների համաձայն մարդասիրական գործընթացներում Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ևս հստակ արձագանքի և տա իր գնահատականը։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք փոխգործակցել միջազգային բոլոր կառույցների հետ, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի։ Սա ևս մեկ խողովակ է ամբողջ աշխարհին լսելի դարձնել մեզ համար գերխնդիր դարձած և հրատապ լուծում պահանջող գերիների վերադարձի հարցը», - գրում է Բաղդասարյանը։

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ արձակվեց և Բեյրութ վերադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը՝ նրանցից 54-ը Խծաբերդի պահեստազորայիններն են, ևս 16 հոգի՝ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք։

XS
SM
MD
LG