Մատչելիության հղումներ

Անն Լինդեի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հատկապես կարևորել է ռազմագերիների վերադարձի հարցը


«Կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը», - այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:

ԵԱՀԿ գործող նախագահը երեկ ուշ երեկոյան Բաքվից է ժամանել Երևան։ Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել վարչապետի և տիկին Լինդեի առանձնազրույցը, հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Կարևորելով ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությունը կայունության և անվտանգության ապահովման գործում՝ Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և այդ համատեքստում կարևորել ՄԽ գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս առումով վարչապետը շեշտել է ԼՂ կարգավիճակի հստակեցման ու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Այսօր ավելի վաղ նույն շեշտադրումներն արել էր Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ Լինդեի հետ հանդիպումից հետո արված հայտարարությունում։

«Ռազմական գործողությունների ավարտից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց», - փաստել է Այվազյանը։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի և Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի և Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Արտաքին գերատեսչությունում իր կարճ ելույթում Լինդեն ուղիղ չխոսեց գերիների վերադարձի մասին, միայն ակնարկեց՝ կարևոր է հարգանքը հումանիտար իրավունքի հանդեպ․ - «Մի քանի հարցեր դեռ կարոտ են լուծման։ ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարևոր դեր ունեն անմիջական իրավիճակին անդրադառնալու և առաջընթացի գործում։ Էական է, և ուզում եմ ընդգծել, որ այս փուլում կարևոր է հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ՝ ներառյալ հենց մարդասիրական իրավունքը։ Ես ուզում եմ շեշտել նաև վստահության կառուցման միջոցների անհրաժեշտությունը, ինչպես նաև միջազգային դերակատարների ազատ մուտքը տարածք»։

ԵԱՀԿ գործող նախագահը երեկ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ևս ակնկարկել էր, որ բոլոր գերիների վերադարձը կնպաստի հետագա գործընթացների մեղմացմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բայրամովը հերթական անգամ ասել էր, որ եռակողմ համաձայնագրով Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանում պահվող գերիներին էլ նորից ահաբեկիչ էր անվանել։

Ինչպես երեկ Բաքվում, այսօր էլ Երևանում Լինդեն իր խոսքում շեշտեց, որ բոլոր հարցերը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։

Խաղաղության մասին խոսելիս Հայաստանի արտգործնախարարը պատմական ակնարկ արեց։ «Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության արժեքը», - ասաց Այվազյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ - «Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական»։

Ի դեպ, վարչապետը ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրույցում ասել է, որ միայն կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունություն և երկարատև խաղաղություն, սակայն Ադրբեջանի նախագահի կողմից շարունակվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում դրան:

Երեկ Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը ասել էր, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության վերականգնումը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ամբողջությամբ անցյալում թողնելու համար:

Հայաստանի իշխանությունները տրամագծորեն այլ շեշտադրումեր են արել։ Թե՛ վարչապետը, թե՛ արտգործնախարարը նախարարը շեշտել են, որ դեռևս չլուծված են շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Առաջնայինն է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա։ Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում», - ասել է Արա Այվազյանը։

Անն Լինդեն և՛ վարչապետի, և՛ արտգործնախարարի հետ հանդիպումներում ողջունել է Միսնկի խմբի համանախագահների աշխատանքը և իր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ համակարտության երկարաժամկետ, կայուն լուծում գտնելու ուղղությամբ․ - «Այսօրվա այցը ինձ հնարավորություն ընձեռեց քննարկել մեր նախագահության գերակայությունները ԵԱՀԿ-ում։ Մեր կկենտրոնանանք ԵԱՀԿ-ի հիմնարար գործի վրա։ Այսիքն՝ պաշտպանել եվրոպական անվտանգության կարգը և համապարփակ անվտանգության եզակի գաղափարը, հայացակարգը։ Մենք նաև կանանց անվտանգության և խաղաղության օրակարգ ենք առաջ քաշում։ Մենք հավատում ենք, որ կանանց մեծ մասնակցությունը էապես կնպաստի հետպատերազմյան զարգացումների վրա՝ դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին»։

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդե և Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայան
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդե և Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայան

Ի դեպ, այսօր ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի իշխանություններն ընդգծել են, որ օրակարգային գլխավոր հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունն է, և իհարկե՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG