Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահն ընդգծել է, որ Շվեդիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է Հայաստանի համար կարևոր և դժվարին ժամանակներում:
Ըստ Հայաստանի նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, դրա հետևանքներին, ստեղծված իրավիճակին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում քննարկվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ:
Նշելով, որ տարածաշրջանի ներկայիս վիճակը գտնվում է ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում, որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերը խաղաղության հաստատման և երկարաժամկետ ու կայուն լուծում գտնելու ուղղությամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանն առանձնահատուկ անդրադարձել է մարդասիրական խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքները` անազատության մեջ պահելով հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Նա ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարևորագույն հարցի լուծման գործում:
Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, ինչպես նաև հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների օրակարգին, նշել, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ՝ կարևորելով դրա լիարժեք իրացումը:
Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը երեկ նաև հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արա Այվազյանի հետ։