Մյանմայում ռազմական հեղաշրջման դեմ պայքարում սպանվել է ավելի քան 60 ցուցարար

Մյանմայի ոստիկանները դուրս են մղել ցուցարարներին Սան Չունքի թաղամասից, Հանգոն, 8 մարտի, 2021թ.

Մյանմայում շարունակվում է ռազմական հեղաշրջում իրականացրած խունտայի և քաղաքացիական վարչակարգը վերականգնելու համար պայքարող ցուցարարների առճակատումը:

Բախումներում, ըստ տեղացի իրավապաշտպանների, սպանվել է ավելի քան 60 մարդ, ձերբակալվել է ավելի քան 2 հազար բնակիչ, այդ թվում՝ մոտ երեք տասնյակ լրագրող:

Մյանմայի ամենախոշոր քաղաք Յանգոնում՝ Սան Չունգի թաղամասում բանակը և ոստիկանները շրջապատել են հարյուրավոր երիտասարդների, ովքեր կարողացել են անվնաս լքել թաղամասը միայն այն բանից հետո, երբ ռազմական խունտային ուղերձներով են դիմել ՄԱԿ-ը և արևմտյան երկրների ղեկավարները:

Մյանմայի բազմաթիվ բնակավայրերում տասնյակ հազարավոր մարդիկ՝ անտեսելով արտակարգ վիճակը և պարետային ժամը, բողոքի ակցիաներ են կազմակերպում:

Մյանմայի զինվորականները փետրվարի1-ին են կալանքի տակ վերցրել երկրի քաղաքացիական ղեկավարներին, այդ թվում՝ դեմոկրատական եղանակով ընտրված լիդեր Աուն Սան Սու Չժիին: Զինվորականները պնդում են, որ քաղաքացիական վարչակարգը չի կարողացել կարգուկանոն ապահովել և արդար ընտրություններ անցկացնել:

Մյանմայի միջազգայնորեն ճանաչված մյուս անունն է Բուրմա (նախկինում՝ Բիրմա): Խունտան այդ երկրում մեկ տարով արտակարգ դրություն է սահմանել և խոստացել է դրա ավարտից հետո նոր ընտրություններ անցկացնել:

Միջազգային համանյքը խստորեն դատապարտել է հեղաշրջումը և պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: