Մյանմայում զինվորականների կազմակերպած պետական հեղաշրջման դեմ բողոքի ցույցերի և երթերի ընթացքում տեղի են ունենում բախումներ:
Ոստիկանների և բանակի ստորաբաժանումների հետ ընդհարումներում սպանվել է առնվազն երկու մարդ, կան տասնյակ վիրավորներ և բազմաթիվ ձերբակալվածներ:
Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները դատապարտել են բանակի և ոստիկանների բիրտ գործողությունները մայրաքաղաք Նայպիդավում և մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալայում:
ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է, թե Վաշինգտոնին խիստ մտահոգել է Մյանմայից ստացված հաղորդագրությունն այն մասին, որ բանակը ցուցարարների դեմ մարտական փամփուշտներ է օգտագործում:
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ կառույցի արտգործնախարարները վաղը Բրյուսելում կքննարկեն Մյանմայի խնդիրը:
Զինվորականները փետրվարի 1-ին են զավթել իշխանությունը և կալանքի տակ են վերցրել երկրի քաղաքացիական ղեկավարներին, այդ թվում՝ դեմոկրատական եղանակով ընտրված լիդեր Աուն Սան Սու Չժիին:
Բանակը պնդում է, որ քաղաքացիական ղեկավարությունը չի կարողանում կարգուկանոն հաստատել և արդար ընտրություններ անցկացնել: Բանակը մեկ տարով արտակարգ դրություն է հաստատել Մյանմայում և խոստացել է դրա ավարտից հետո ընտրություններ անցկացնել:
Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը և պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: