Ընտրությունների դեպքում չի բացառվում, որ համաշխարհային տարածում ունեցող Ֆեյսբուքի ղեկավարությունը զբաղվի նաև Հայաստանով՝ բացահայտելով ֆեյքաբուծարաններ։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ Ֆեյսբուքն իր հետաքրքրությունը մեծացնում է քաղաքական նման գործընթացների դեպքում։ Մարտիրոսյանն օրինակ է բերում հարևան Վրաստանն ու Ադրբեջանը․ երկու երկիրն էլ Ֆեյսբուքի խոշորացույցի տակ էին հայտնվել քաղաքական ակտիվ շրջանում։
«Ֆեյսբուքը լուրջ ռեսուրս է իրենց համար և այդ ռեսուրսն իրենք ներդնում են հիմնականում, եթե, օրինակ, լուրջ պրոցեսներ են։ Ադրբեջանի դեպքում դա պատերազմն էր, մեր դեպում, կարծում եմ, դա, օրինակ, հանկարծ եթե պարզվի, որ հանրության կարծիքը փոխվել է և վաղաժամկետ ընտրություններ լինեն։ Ընտրությունները Ֆեյսբուքի համար ամնակարևոր սիգնալն է, իրենք նախընտրական փուլում սկսում են էդ երկիրը լուրջ քերել, էսպես ասած», - «Ազատության» հետ զրույցում ասաց մեդիափորձագետը։
Ֆեյքերի թեման հատկապես ակտիվացավ վերջերս, երբ ԱԱԾ-ն հաղորդեց, որ հայտնի ֆեյք «Գագիկ Սողոմոնյան»-ի էջը ստեղծել են իշխանությունների ակտիվ քննադատ նախկին իշխանության ներկայացուցիչները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին անխնա, հայհոյախառն արտահայտություններով քննադատող այս ֆեյքը, ըստ իրավապահների, ստեղծել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի և այլոց մասնակցությամբ։
Մեդափորձագետի գնահատմամբ՝ իրականում դժվար է բացահայտել ֆեյքերի թիկունքում կանգնած անձանց՝ մանրամասն, հետևողական հետաքննություն է անհրաժեշտ անել։
Մարտիրոսյանը հիշեցնում է՝ Հայաստանում այսպես կոչված ֆեյքերի ֆաբրիկաները սկսեցին կիրառվել 2012-ից, այն ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր։ Մեդիափորձագետը ընդգծում է՝ սա միայն հայաստանյան խնդիր չէ, ողջ աշխարհում է հիմա այդպես։ Հանրային կարծիքի ձևավորման հարցում ինտերնետի ազդեցության աճին զուգահեռ է՛լ ավելի է մեծանում կեղծ դեմքով ընդդիմախոսին հայհոյելու գայթակղությունը։ Սա, իր հերթին, նշանակում է, որ չկա գաղափարական պայքար։
«Ու եթե էդ մարդկանց գործոնի վրա ես ամեն ինչը ստեղծում, պարզ է, որ մնում է հայհոյելը, որովհետև դու չես կարող ասել՝ «դու այսինչ հարցում սխալ ես։ Օրինակ, տնտեսական քո հայեցակարգում ես տեսնում եմ սխալներ, որովհետև դու սոցիալական հատվածն անտեսում ես»։ Ոչ ոք ոչ մի բանից գլուխ չի հանում իրենց սեփական գաղափարախոսություններից, պարզ է, որ մնում է հայհոյել, հայհոյելն էլ ավելի հեշտ է ֆեյքով անել։ Դրա համար երկու կողմն իրար հայհոյում են։ Էդ վիճակից բարելավում սպասել պետք չէ, քանի մեզ մոտ բուն քաղաքական գործիչները եզակի դեմքեր են։ Տենց է լինելու՝ ֆեյքերով ավելի հարմար է լինելու», - ասաց Մարտիրոսյանը։
Իրականում ամբողջ աշխարհում գաղափարախոսության անկում է դիտվում, մյուս կողմից էլ համացանցի աճը բերել է նրան, որ քաղաքականությունը շեղվել է դեպի պոպուլիզմ՝ տպավորություններ ստեղծելու, լայքեր հավաքելու վրա են մարդիկ ռեսուրս ծախսում, ասում է Մարտիրոսյանը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն, իր հերթին, ընդգծում է՝ քաղաքական լարված, նաև ճգնաժամային իրավիճակերում հայտնված երկրներում ֆեյքերի գործունեությունն ավելի է մեծանում, ինչի դեմ պայքարը չպետք է լինի խուճապային, այնպես, ինչպես հիմա Հայաստանի իշխանություններինը։
«Անանուն աղբյուրն է, դատախազության վերջին նախագիծն է, որով ուզում են քրեականացնեն, նույնիսկ ազատազրկում են նախատեսում իշխանության ներկայացուցչի, հանրային ծառայության մեջ գտնվող անձանց հասցեին հնչող վիրավորանքի և զրպարտության համար, էլ չասեմ, որ լրատվամիջոցների դեպքում առավել ծանր պատասխանատվություն են սահմանում։ Ալեն Սիմոնյանի նախագիծն եմ ասում, որով ուզում է կրկնապատկել զրպարտության և վիրավորանքի համար նախատեսվող փոխհատուցման չափերը։ Այսինքն՝ բոլոր այս նախագծերի հիմնավորումները, երբ որ նայում ես, հիմքում դրված է ֆեյք լուրերի դեմ պայքար, ապատեղեկատվության դեմ պայքար և դրանով են հիմնավորում», - ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը։
Դոյդոյանը նորմալ է համարում այն միտումը, երբ որոշ գործիչներ փորձում են հանդես գալ ոչ սեփական անվամբ։ Այլ հարց է, որ նրանց խոսքը պետք է զերծ լինի վիրավորանքից, ապատեղեկատվությունից։
«Կեղծանվամբ հանդես գալը, դա նույնպես ազատ արտահայտվելու իրավունքի դրսևորումներից մեկն է, և մենք չենք կարող մարդուն զրկել, կամ պախարակել նրան միայն նրա համար, որ կեղծանվամբ է հանդես գալիս։ Ես միշտ այդ օրինակը բերում եմ, որ մեր անվանի շատ գրողներ իրենց գրական կյանքը, ուղին իրականացրել են հենց կեղծանվամբ և մենք իրենց հենց այդպես էլ ճանաչում և ընկալում ենք, այնպես որ այդտեղ որևէ վատ բան չկա», - ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը։
Խնդրի լուծման համար Դոյդոյանը կարևորում է հայհոյանք, ապատեղեկատվություն տարածող ֆեյքերի դեմ պայքարի համար պետության կողմից կիրառվող գործիքները։ Նրա կարծիքով՝ պայքարի շեշտը պետք է դրվի հանրության իրազեկվածության, ինչպես նաև պրոֆեսիոնալ լրատվամիջոցների նկատմամբ վստահության բարձրացման վրա։