Մատչելիության հղումներ

«Դրանք առկա տեսքով չեն կարող ընդունվել»․ ՄԻՊ-ը մասնագետների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղումների արգելք նախատեսող նախագծերը


Մարդու իրավունքների պաշտպանը մեդիա ոլորտի մասնագետների և մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելք նախատեսող օրենքների նախագծերը։

Ըստ քննարկման արդյունքների, ինչպես Պաշտպանի գրասենյակն է նշում, նախագծերն առկա տարբերակով ընդունվելու դեպում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության դեմ պայքարի խնդիրը չի լուծվելու։ Հակառակը, ինչպես հաղորդագրությունում է նշվում, նախագծերը պարունակում են դրվագային լուծումներ, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել լրատվական ոլորտի ու, առհասարակ, խոսքի ազատության հիմնարար արժեքի պաշտպանության տեսանկյունից՝ համակարգային առումով:

«Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը, նախագծերի լուծումները ներկայացված չեն միջազգային փորձի ու չափանիշների տեսանկյունից, քննարկված չեն գործնական խնդիրներն ու այն, թե հատկապես ինչու է ընտրած առաջարկվող մոդելը և ինչպես է այն լուծելու առկա խնդիրները» , - ասված է հաղորդագրությունում:

ՄԻՊ-ը նշում է, որ նախագծերը մասնագետների հետ պատշաճ չեն քննարկվել, դրանք չեն ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջակվող տուգանքներն անհամաչափ են, չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն, նախատեսված են տուգանքների ֆիքսված չափեր, որոնք կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության։ Քնարկման մասնակիցները եզրահանգել են՝ նախագծերում վիճելի կարգավորումները պետք է դուրս բերվեն շրջանառությունից՝ անընդունելի լինելու պատճառաբանությամբ։

Քննարկման արդյունքների համաձայն՝ Պաշտպանն իր պաշտոնական կարծիքը կամփոփի, դրանում հաշվի կառնվեն քննարկման արդյունքները ու կներկայացնի Ազգային ժողով, ասված է հաղորդագրությունում։

Հաղորդագրությանը կից ՄԻՊ գրասենյակը հրապարակել է հանդիպման արդյունքում ներկայացված մտահոգություններն ու դիտարկումները՝ հիմնավորումներով։

Նշենք, որ իմքայլական մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և լրատվամիջոցներին արգելել տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրներին։ Անանուն աղբյուրն էլ, ըստ առաջարկի, համացանցում գրանցված դոմեյնն է, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը, կամ ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

XS
SM
MD
LG