Մատչելիության հղումներ

Բեքարյանը, Սաղաթելյանը, Մհեր Ավագյանն իրենց վերագրվող կասկածանքը չեն ընդունում


Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը
Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը

Երեկ ԱԱԾ բերման ենթարկված, ապա ձերբակալված Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը իրենց վերագրվող կասկածանքը չեն ընդունում, հայտարարում եմ նրանց պաշտպանները։

Այսօր «Ազատության» հետ զրույցում նրանց պաշտպաններն ասացին, որ շտապում են Ազգային անվտանգության ծառայություն։ Ասացին՝ ենթադրում են, որ իրենց պաշտպանյալներին առաջիկայում մեղադրանք կառաջադրվի, և ԱԱԾ-ն կմիջնորդի դատարանին կալանավորել նրանց։

Երեկ ուշ գիշերին ձերբակալված Բեքարյանը, Սաղաթելյանը և Ավագյանը, ինչպես նաև Արամ Սարգսյանը կասկածվում են քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար։ Ըստ ԱԱԾ-ի` հենց նրանք են Ֆեյսբուքում ստեղծել Գագիկ Սողոմոնյան անվամբ հայտնի կեղծ էջը, որը հայտնի է իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատությամբ։

Իշխանությունների ակտիվ քննադատ, նախկին Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանն «Ազատությանը» փոխանցեց պաշտպանյալի դիրքորոշումը՝ այս ամենը տեղի է ունենում քաղաքական նպատակներով՝ իրեն ճնշելու համար։

ԱԱԾ հաղորդագրության համաձայն` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը՝ ստեղծել է կազմակերպված կայուն խումբ։ Այդ խմբում ներառել է մի շարք անձանց, այդ թվում` «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին: Մհեր Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանը պնդեց՝ պաշտպանյալը որևէ նման առնչություն չունի Սաղաթեյանի և Բեքարյանի հետ։

Նախապես մշակված ծրագրի համաձայն՝ նրանք ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» (Գագիկ Սողոմոնյան) կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունը՝ ալիբին ապահովելու հանգամանքը: Կատարել են դերերի բաշխում, ինչից հետո Արա Սաղաթելյանը մյուսների հետ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Արցախի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները սոցիալական ցանցում մեկնաբանելիս խախտել են կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության սահմանափակումները և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ են արել։ Այդ հրապարակումներով կասկածի տակ են դրել Արցախի և հայաստանի զինված ուժերի մարտունակությունը, Հայաստանի վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեղադրել պետական դավաճանության, պատերազմի ժամանակ կանխամտածված գործողություններ իրականացնելու, հայ զինվորներին գիտակցված զոհելու համար։ Ինչպես հաղորդում է ԱԱԾ-ն, կասկածյալները Գագիկ Սողոմոնյան Ֆեյսբուքի կեղծ էջով իշխանությանը ձայն տված քաղաքացիներին անվանել են «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ», ինչպես նաև նույն հրապարակումներում կատարվել են պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ և հայհոյախոսության տարբեր դրսևորումներ՝ ուղղված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց համակիրներին՝ այդ գործողություններով բացահայտ կերպով հարուցելով ազգային թշնամանք և նվաստացնելով ազգային արժանապատվությունը, սերմանել են փոխադարձ ատելություն, անվստահություն և արհամարհանք, սեփական ազգի՝ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդելով իշխանության ներկայացուցիչների, առանձին անհատների և նրանց համախոհների վրա:

XS
SM
MD
LG